top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

մերձբևեռներ


Բևեռային աստղը հենց նոր ձայնը կտրեց: Երեք հատ սև առնետ հոգին փչեցին դիմացի նկուղում: Վերջին շնչում երրորդը հասցրեց ծվծվալ, իսկ երկրորդը երազանք պահեց մտքում: Հավանաբար հաջորդ կյանքում կատարվելու նպատակով: Սև ու կտրած պոչով կատուն դատը շահեց` հարազատների պահածոյացման հաշվին: Հիմա երրորդ սենյակում մեկը մռնչում է. Կարծում է կկարողանա սպիտակ մորուքավորների մոտ խղճահարություն առաջացնել: Կարմիր սենյակում պարտվածներն են սուսուփուս կուլ տալիս իրենց առաջարկվող կլոր ու սպիտակավուն օգնականներին:

Իմը կանաչն է: Ես չեմ մռնչում: Բայց ոչ էլ ամեն մի պատահածի կուլ եմ տալիս: Սենյակիս չորս անկյուններում էլ սպանության հետքեր կան, իսկ հինգերորդ անկյունում` սեփական սպանության, թե ինքնա... Հինգերորդ անկյունը ոչ ոք չի տեսնում: Իսկ ես գիտեմ: Ես հիմա ավելի շատ բան գիտեմ ու ավելի շատ բան եմ լսում: Օրինակ վեցերորդ հարկում հենց նոր լողացած ու սափրված ճանճին ներկեցին վարդի գույնով: Իմ քթին հասավ կարմիրի հոտը, իսկ թե ինչ փսփսաց ճանճը վերջին պահին` չհասցրի ընկալել: Իմ սենյակի դռան գույնը կանաչ է, բայց ինձ թվում է բացի կանաչից, նաև մուգ կարմիր է, տեղ-տեղ սպիտակ, բայց ավելի շատ կանաչ է: Ես առնում եմ կանաչի հոտը: Ես գիտեմ, թե դա ինչ է: Մի փորձեք պարտադրել ինձ ձեր սեփականը: Իմ քիթը տարբերվում է ձերինից: Իսկ ականջներս մոտ են բոլոր տեսակի մանրագույն բաների հետ: Այ հենց վայրկյաններ առաջ ինչ-որ տեղ ասեղ թելեցին: Դա պիտի որ կողքի շենքում եղած լինի: Ես լսեցի ասեղի բողոքը` թելը շատ հաստ է, ու թելի փռշտոցը զգացի` ես ալերգիա ունեմ քեզպիսիններից: Հիմա իրենք հաշտ ու խաղաղ են: Ես զգում եմ լռությունը: Ես գիտեմ ասեղի ու թելի ձայները, երբ որ իրենք լուռ են: Չէ, ոչ էլ իմ ականջներն են ձերինների պես: Չեք համոզի:

Պատշգամբում երկու ճաղեր լուռ միմյանց թարս նայեցին: Ես լսեցի իրենց թարթիչների փակվելը: Հիմա իրենք քնած են: Ավելի ճիշտ ձևացնում են, թե քնած են: Մինչև իմ կանաչ դուռը հասնում է այդ երկուսի ձևականությունից առաջացած թթվահոտը: Ես հիմա փակում եմ քիթս: Այս անգամ չափն անցել են` ձևացնելու մեջ:

Սպիտակ մորուքավորներն ինձ ասում են, որ ես քթիցս այն կողմ չեմ տեսնում: Բայց դա սխալ է: Ես տեսնում եմ դիմացի ու կողքի շենքը, ես տեսնում եմ նկուղն ու մոտակա փողոցը: Իսկ ամենաքիչը տեսնում եմ քիթս, որովհետև այնտեղ ոչ մի հետաքրքիր բան չի կատարվում:

Ես չեմ մռնչում, բայց ես լսում եմ, թե ինչպես են մռնչում: Ես առնում եմ խղճահարության ու բարկության հոտը, ես լսում եմ շշուկով իրենց գունավոր սենյակները հրաժեշտ տվողներին: Ես լսում եմ, թե ինչպես են շուրջս կուլ տալիս կլոր ու սպիտակավուն օգնականներին: Լսում եմ կոկորդով անցնելու ժամանակ առաջացող աղմուկը, հետո, ավելի ներքև սահելուց եկող ձայնը: Ես բոլորը լսում եմ: Անգամ, երբ սպիտակ մորուքավորներից մեկը քորում է իր դունչը: Բայց ես չեմ մռնչում: Ու ոչ էլ կուլ եմ տալիս: Ես միայն լսում եմ:

....Հիմա դուռն էլ կանաչ չէ: Դիմացս էլ երկարաձեռք ու երկարաոտ օգնականներն են: Ինձ համոզում են, որ մռնչամ: Ես լռում եմ: Ինձ ինչ-որ տեղ են ուղարկում: Զգում եմ, որ լավ բան չէ: Հավանաբար վերջն է, կամ նախավերջին մասը: Ստիպում են, որ կուլ տամ: Չէ: Եթե ուզում են կարող են իրենք ինձ կուլ տալ, բայց ոչ մի դեպքում` հակառակը: Սա լավ բան չէ: Բևեռային աստղը նորից ձայնը գլուխն է գցել, իսկ թելն ու ասեղն էլի կռվում են: Զգում եմ, որ թթվահոտից էլ վատ է, որ լուռ իրար նայելու աղմուկից էլ սարսափելի է: Բայց դեռ վերջը չէ: Որովհետև ես դեռ չեմ մռնչացել:

Իսկ այն առաջին առնետը փշաքաղվում է ցրտից: Ես զգում եմ առնետի` փշաքաղվելուց առաջացող մազիկների հպումը ձեռքերիս վրա: Ես խղճում եմ առնետին: Իսկ խղճահարությանս կաթիլները առնետը զգում է հեռվից: Վերջին երազանքն է պահում: Համարյա չորս պտույտ է անում փողոցի շուրջը: Ծվծվոցն էլի սղոցում է ականջներս: Փակում եմ քիթս: Իսկ դատը շահած կատուն դեռ մլավում է:


Բևեռային աստղն էլի սսկվեց:

Սսկվոցի ձայնը խուտուտ է տալիս:

Իմ դուռն էլ կանաչ չէ:

Խաբեցի: Կանաչ է: Քիթս քորում եմ: Մեկ է՝ ձերինների պես չէ:

Կոկորդիցս հեղուկն ուզում է վեր բարձրանալ: Չեմ թողնում:

Ասել եմ` չեմ մռնչալու:


Նորից դատ կա այսօր:

0 comments

Recent Posts

See All

Կարված քաղաք

- Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը:

Թե որքան լավն էր Լիլիթը

Լիլիթը` իր անունից գոհ, վազում է ու ամեն անցնողին պատմում, թե ինչքան լավն է ինքը. - Ես սիրուն բլթակներ ունեմ,- ասում է...

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի...

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page