top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

«Սեփական Սենյակը», Վիրջինիա Վուլֆ


Վիրջինա Վուլֆի էսսեն է՝ գրված 1928-ին՝ իր կարդացած դասախոսությունների հիման վրա։


Ֆեմինիզմի կարևորագույն գրքերից է, արտահայտում է գաղափարախոսության ամենահիմնարար մղումները, որոնց բացակայության դեպքում գործ կունենանք մինչև ոսկորները փտած հասարակության հետ։


Սա կնոջ, նրա գրական տարածության կարևորության և այդ տարածության՝ հավերժություն տևող բացակայության մասին է։


*Մեջբերում

Կինն, ով ստեղծագործում է, պետք է միջոցներ ունենա և սեփական սենյակ։


Սեփական սենյակն այստեղ երկշերտ է.

բառացիորեն՝ չորս պատ։ Կինը չի ունեցել մի առանձնավայր, որտեղ կկարողանա ստեղծագործել և դրսևորել իրեն։

Բաց տարածություն մտքում, ազատության թեկուզ չնչին հույս. դժվար էր պատկերացնել մի քանի դարաշրջան ձգված համատարած կնատյացության ու արատավոր կարծրատիպերի պայմաններում կնոջը՝ գրականությանը հանգիստ խղճով տրվելիս։


Վուլֆը գեղարվեստական պատումով մեզ է ներկայացնում մինչև 19-րդ դարի կնոջը՝ անարդարության, իր սեռի հանդեպ խտրականության, կրթության անհասանելիության, ցանկացած «մտավոր» ասպարեզում իրեն դրսևորելու բացառման կապանքներով շղթայված։


Վուլֆն անգամ անհուսորեն սկսում է մեղադրել՝


*Մեջբերում

...իսկապես որ՝ ակամայից լցվում ես արհամարհանքով այն ամբողջ պարսավելի աղքատության հանդեպ, որը պտտվում էր մեր սեռի շուրջը։ Ի՞նչ էին անում մեր մայրերը, եթե ոչինչ չունեին մեզ կտակելու։ Շպարվու՞մ էին։ Խանութների պատուհաններից՝ նե՞րս նայում։


Որովհետև չունեին սեփական սենյակ։

Որովհետև գիշատչի համարձակություն պիտի ունենային մտքի ծայրով անգամ անցկացնել, որ իրենք կարող են և ունակ են ստեղծագործել։


Ինչի՞ են բա կին գրողները քիչ,– մինչև հիմա այս հարցը տվողներ կան։


Պատասխանը Վուլֆը տալիս է։ Իհարկե շատ է թափառում գեղարվեստականության արահետներում, մի մտքից մյուսին է անցնում՝ գիտակցության հոսքի տեխնիկայով, ամեն դեպքում Վուլֆը գիտի՛, Վուլֆը պատմում է ու կոչ է անում իգական սեռին ազատվել՝ այն ժամանակ ֆիզիկապես գոյություն ունեցող, իսկ այժմ՝ ֆանտոմային շղթաներից։ Եվ ունենալ սեփական սենյակ ու միջոցներ՝ ստեղծագործելու, կրթվելու, վայելելու։

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page