Երևակայական Օմբրոզայում ամեն քայլափոխի ծառեր են, խիտ բուսականություն ու կանաչ տարածքներ։ Գլխավոր հերոս Կոզիմոն՝ հոր հետ ճակատագրական վեճից հետո, դուրս է գալիս տանից, բարձրանում փշակաղնու վրա և այլևս ցած չի իջնում։ Իր ողջ մնացյալ կյանքը Կոզիմոն անցկացնում է ծառի վրա։
Գիրքը կարդացել եմ անցած ամիս՝ մոգական ռեալիզմ ժանրի շրջանակներում, բայց հիշողությանս մեջ էքսցենտրիկ բարոնի կերպարն անչափ վառ է մնացել։
Սա հեքիաթի, մոգության, ռեալիզմի և աբսուրդի յուրահատուկ խառնուրդ է։
«Ծառաբնակ Բարոնը» մարդու՝ սոցիումից և իր պարտադրած իրականությունից ինքնակամ փախուստի մասին է, այսպես ասած՝ ազատագրման, կանոնների ու օրինաչափությունների խախտման, բայց ոչ թե քաոսային ու անարխիկ եղանակներով, այլև կարգուկանոնի ու արարման։
Ծառաբնակ Կոզիմոյի պատմությունն իմանում ենք առաջին դեմքով իր եղբորից՝ Բիաջոյից, ով հասկանում և աջակցում էր եղբորը, իսկ հոգու խորքում՝ ցանկանում էր նրա պես ազատ լինել, բայց կապված էր հողին։
Ու գիտեք, այնպես չէ, որ Կոզիմոյի կյանքը ձանձրալի էր։
Բարդություններ կային, և այն էլ ինչքա՜ն, բայց Կոզիմոն իր ծառաբնակ կյանքի ընթացքում հասցրեց ապրել լիարժեք. կրթություն ստանալ, շրջապատված լինել հողաբնակ ընկերներով, անգամ սիրած աղջիկ ունենալ։
Ծառի վրա ապրելով Կոզիմոն ձեռք բերեց նոր տեսողություն, իրերն ու երևույթներն այդ նոր աչքերով սկսեց դիտել, ծանոթացավ նոր հույզերի ու զգայությունների հետ և շատերից էլ հրաժարվեց, որպեսզի ամեն ինչ հավասարակշռվի։
Ոչ ոք չէր հավատում, որ Կոզիմոն այլևս երբեք չի իջնելու ծառերից։ Ծնողները սկզբում կարծում էին, որ իրենց որդու հերթական կամակորությունն է, որ նա անպայման մի քանի օրից ցած կիջնի։
Գիրքն այլաբանորեն ներկայացնում է զավակների՝ իրենց ծնողներից հեռացումն ու օտարումը, խելամիտ անհնազանդությունը, կարծրացած բարքերի մերժումը, ինչպես նաև մարդու և բնության կապն ու անջատումն իրարից։
Իտալո Կալվինոյին շա՜տ սիրեցի։ Նրա ստեղծագործական միտքն իրոք որ սահմաններ չունի։
*Մեջբերում
...- Ի՞նչ եք կորցրել, ո՞վ է փախել, թութա՞կ։
- Որդին՝ առաջնեկը, ժառանգը...։
Comments