«Կլարան և Արևը» Նոբելյան մրցանակակիր Կաձուո Իսիգուրոյի ութերորդ վեպն է, որի գործողությունները ծավալվում են մռայլ ու անորոշ մի աշխարհում, որն էլ իր հերթին դիտում ենք գլխավոր հերոս Կլարայի աչքերով։
Կլարան ընկերոջ դեր կատարող արհեստական բանականություն է։ Նրան գնում է Ջոզին՝ 14-ամյա մի աղջիկ, ով հենց առաջին պահից շատ է հավանում Կլարային ու կապվում իր հետ։ Աստիճանաբար սկսում ենք բացահայտել այդ աշխարհի մութ կողմերը՝ Ջոզիի և իր մոր հետ հարաբերությունների ընթացքում, ինչպես նաև Կլարայի դիտարկումների շնորհիվ։ Ամեն ինչ շատ ավելի խճճված է, քան կարելի է պատկերացնել։
Կլարան տարբերվում է մյուս արհեստական ընկերներից (Artificial Friend). նա հետաքրքրասեր է, անմիջապես ընկալում է իրադարձությունները, փորձում է ինքնուրույն գտնել իրեն տանջող հարցերի պատասխանները, չի բավարարվում մակերեսային գիտելիքով։
Կլարան ունի նաև պաշտամունքի առարկա՝ արևը, ում հանդեպ կրոնական զգացմունքներ ունի. նա բառացիորեն աղոթում է արևին և նրանից օգնություն խնդրում, ներում հայցում ու նույնիսկ «պայմանագիր» կնքում արևի հետ։
Իսկ ո՞րն է պատճառը, որ արհեստական բանականությունը սկսում է իռացիոնալ վարք դրսևորել. գուցե դա սխալ դիտարկման արդյու՞նք է, երբ Կլարան տեսնում է, թե ինչպես է արևն իր ջերմությամբ վերակենդանացնում մեռած մարդուն և իր շանը (սա ընդամենը Կլարայի սուբյեկտիվ ընկալումն է)։
Գիրքն ուներ մի շարք թերություններ. շատ հարցեր մնում են անպատասխան։ Ավարտը լիարժեք ու բավարար «ծանր» չէ։ Գաղտնիքները կիսով չափ են բացահայտվում: Աշխարհը վերջում կրկին մնում է անորոշ, բայց մռայլությունն անհասկանալի պատճառներով փոխարինվում է կեղծ հեփի էնդով, և դա շատ արագ է տեղի ունենում ու ոչ օրգանիկ։
Արևի սիմվոլիզմը շատ հավանեցի։ Կարդալուց տաքություն էի զգում։ Միջավայրը գեղեցիկ էր, գրավող, կերպարները մակերեսային չէին։ Իսկ սև արկղերը տարբեր կերպ կարելի է մեկնաբանել։
«Կլարան և Արևը» Իսիգուրոյից առաջին գիրքն էր, որ կարդացի (եվ ասում են, որ սա լավագույնը չի իրենից)։ Հուսամ կհիանամ իր մյուս գրքերով։
*Գիրքը կարդացել եմ Goodreads-ի Armenian Readers խմբի՝ հոկտեմբեր ամսվա ընթերցանության շրջանակներում։ Ի դեպ, դուք էլ կարող եք միանալ խմբին։
Comments