«Ցատկախաղ»-ը դասական վեպին հակառակ ուղղությամբ գնացող գրականություն է, որի թե՛ ձևն ու կառուցվածքը, թե՛ բովանդակային շեշտադրումները քաոսային են ու խախտում են բոլոր կանոնները՝ ստեղծելով վեպի սեփական մոդելը։
Այնուամենայնիվ, վեպն ունի որոշակի սյուժե, գլխավոր հերոս, ինչ-որ ուղղությամբ ամեն դեպքում այն շարժվում է՝ հետուառաջ անելով ցատկախաղի պես։ Վեպն ունի ընթերցման 2 տարբերակ (հեղինակն ինքն է այդ մասին մեզ պատմում)։
Առաջին տարբերակը ուղիղ, առանց շեղումների ընթերցանությունն է. սկսում ենք առաջին գլխից և հասնում մինչև 56-րդ գլուխը՝ բաց թողնելով մնացած 99 գլուխները, որոնք լրացնում են պատմությունը, բայց դրանք կարելի է առանց խղճի խայթ զգալու բաց թողնել։ Իսկ երկրորդ տարբերակը «ցատկելով» կարդալն է. սկսում ենք 73-րդ գլխից, իսկ ամեն գլխի վերջում թիվ կա, որը մեզ հուշում է, թե հաջորդը որ գլուխը պետք է կարդալ։ Ես կարդացել եմ երկրորդ տարբերակով։
Վեպն անվերջանալի երազի է նման՝ շարունակվող ցնորքներ, զառանցանքներ, գիտակցության հոսք, որը կարծես թե չի ցանկանում կտրվել ոչ մի տողում։ Գլխավոր հերոս Օլիվեյրան բոհեմական կյանք վարող, բարդ բնավորությամբ և սառնասիրտ մտավորական է, ով մտածում է կյանքի բազմաշերտության, մետաֆիզիկական գետերի, այս ու այն կողմերի մասին, անում է մտքին առաջինը եկածը, խոսում է առանց դադարի ու հակառակվում է բոլորին։
Վեպն ամեն ինչի մասին է. գրականության ու արվեստի, քաոսի ու կարգուկանոնի, սիրո ու ազատության, ջազի ու ընկերության, կյանքը որպես մեկ ամբողջականություն ընկալելու ու գիտակցության՝ այն մյուս կողմի մասին։
Կարդա՞լ այս գիրքը։ Անպայման, եթե «բարդ» գրականություն սիրում եք ու պատրաստ եք հաղթահարել այն, եթե գծային սյուժեի բացակայությունը ձեզ չի անհանգստացնում, իսկ գիտակցության հոսքին՝ սովոր եք (մտքերի անվերջանալի հոսք, որը հաճախ ընդհատվում կամ սկսվում է անտրամաբանական կերպով, իսկ միտքն անընդհատ ցատկում է մի տեղից մյուսը)։
**
...քառասուն տարեկանից հետո մեր իսկական դեմքը գտնվում է ծոծրակի վրա, որ անհույս նայում է դեպի հետ։
Comments