**
Երևի ինչ-որ մեկը զրպարտել էր Յոզեֆ Կ.-ին, որովհետև նա ոչ մի վատ բան չէր արել, բայց մի առավոտ նրան ձերբակալեցին։
Ահա այսպես է սկսվում 20-րդ դարի գրականության հսկաներից մեկի՝ Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն»-ը, որը պատկերում է մի ամբողջ դարի համակարգ՝ իր աբսուրդությամբ և անորոշությամբ, որից դուրս գալը կնշանակի հոգևոր մահ՝ սկզբում միայն, իսկ հետո արդեն՝ ֆիզիկապես ոչնչացում։
Տեղի է ունենում Յոզեֆ Կ.-ի դատավարությունը, բայց ոչինչ պարզ չէ. ո՛չ դատարանը, ո՛չ դատավարության ընթացքը և ամենակարևորը՝ հայտնի չէ, թե որն է Կ.-ի մեղքը։ Անտեսանելի կամ գոյություն չունեցող պատճառ և ճակատագրական հետևանք՝ դատավարություն։
Կ.-ն ձերբակալված է, բայց կարող է իր սովորական կյանքը շարունակել, այսինքն ոչ թե կարող է, այլ պարտավոր է՝ գնալ աշխատանքի, երեկոյան թեյ խմել կամ զավզակել հարևանների հետ։
Ինչպես որ մարդու՝ կյանքի իմաստի փնտրտուքներն են ենթակա ձախողման, այդպես էլ կյանքի աբսուրդից դուրս ապրելու բոլոր ձգտումները։ Կ.-ն այլևս հարցեր չի տալիս, թվում է, թե վերջնական է համակերպվել ու խաղում է մյուսների պես՝ համակարգի կանոններով։ Բայց եթե ավելի խորը վերլուծենք հերոսին, արդյո՞ք նա երբևէ եղել է այդ համակարգից դուրս կամ մտածել է այդ ուղղությամբ. հազիվ թե։
*փաստեր
Կաֆկան սկզբում գրել է միայն «Դատավարության» առաջին ու վերջին գլուխները։ Իր հավատարիմ ընկերը՝ Մաքս Բրոդը, գտել է մյուս գլուխներն ու վերականգնել հերթականությունը (այսինքն՝ մենք երբեք չենք իմանա, թե Կաֆկան գլուխների ինչ հերթականությամբ է գրել վեպը)։
Կաֆկայի համար դուռը սիմվոլիկ նշանակություն է ունեցել։ «Դատավարության» մեջ դռներն անցումներ են՝ անարդարության մի վիճակից մյուսին, այստեղից՝ այնտեղ, իրականից՝ մտացածին, աբսուրդից՝ ավելի աբսուրդ։
**
Այստեղ ոչ ոք չէր կարող մուտքի թույլտվություն ստանալ, որովհետև այս մուտքը միայն քեզ համար էր նախատեսված։ Ես հիմա կգնամ ու կփակեմ այն։
Կաֆկայի չոր ու հստակ գրելաոճը՝ զուրկ ամենայն պաթոսից ու դրամաներից (և նույնիսկ որոշակի հույզերից), ու նաև միջտեքստային խճճվածությունը, վեպը դարձնում են բարդ հաղթահարելի, որն ուղեկցվում է գլխացավով ու տառապանքի փոքրիկ պահերով, իսկ ավարտն իսկական պարգև է ընթերցողին. կատարելության ու դատարկության զգացողությամբ։
Comments