Body-Horror-ը կարոտել էր Դեյվիդ Քրոնենբերգին։ Մենք էլ էինք կարոտել Դեյվիդ Քրոնենբերգին։ Ավելի ճիշտ կարոտել էինք Դեյվիդ Քրոնենբերգի աղավաղված ու ահարկու երևակայությունը, սարսափի վերացական դրսևորումներին միս ու արյուն տալը։ Քրոնենբերգն այս անգամ էլ լող էր տալիս հաճույքի ու ցավի իմաստային լղոզումների ծովում. կանադացի էքսցենտրիկ ռեժիսորը իր ափսեի մեջ էր՝ ավելի քան երբևէ։
«Ապագայի հանցանքները» ոմն հեռավոր, սարսափելի ու միաժամանակ հետաքրքիր թվացող ապագայում մարդկանց մարմնական փոխակերպումների մասին է։ Այստեղ էվոլյուցիան դարձել է չափազանց արագ ու անկանխատեսելի՝ մարդկանց նետելով անորոշության անհատակ փոսը։
Եվ այս նոր ապագայում մարդիկ այլևս ցավ չեն զգում։ Իսկ մարդու մարմինը սկսել է ինքն իրեն «արտադրել» նոր՝ անհայտ ծագման ու նշանակության օրգաններ։ Ֆիլմի գլխավոր հերոսները՝ Սոլն ու Քափրիսը, performance artist-ներ են։ Սոլը արվեստագետն է. իր մարմնի մեջ ստանում է այդ նոր օրգանը, իսկ Քափրիսը՝ վիրահատության միջոցով դուրս է հանում օրգանն ու դրանցից արվեստի գործ ստանում։ Առաջին հայացքից տհաճ ու անմարդկային թվացող այս գործողության մեջ Քրոնենբերգը որոշակի հոգևոր իմաստներ է դրել։
Ինչպե՞ս է ստեղծվում արվեստը, ինչպե՞ս է ստեղծագործության միտքը հղանում արվեստագետի գլխում, հետո ինչպե՞ս է այնտեղից դուրս գալիս։ Ու ինչի՞ է վերածվում:
Մենք փոխվում ենք։ Մենք չգիտենք՝ ուր ենք գնալու և ինչ ենք դառնալու ի վերջո։ Ի՞նչ փոփոխություններ են կրելու մեր մտավորն ու ֆիզիկականը։ Ի՞նչ նոր պահանջմունքներ ենք ունենալու, «հին» աշխարհից ի՞նչն ենք տանելու ապագա ու ի՞նչն ենք թողնելու անցյալում։
Ֆիլմը գեղեցիկ է, տհաճ, գրավիչ, զզվելի, արտասովոր, մեկ շոյում է տեսողությունը, մեկ էլ՝ բառացիորեն տանջում այն։ Ու սա է իսկական Քրոնենբերգը՝ իր ողջ հմայքով։
Սակայն աշխարհաստեղծումն այստեղ կիսատ է ու անորոշ, սյուժետային գիծը՝ լղոզված, կերպարները շատ գրոտեսկային են ու մակերեսային, լիքը հարցեր մնում են անպատասխան, լիքը պատասխաններ՝ երկիմաստ։ Ֆիլմն ավելի շատ կտավի է նման՝ հարուստ սիմվոլներով, մարդկային հետաքրքրասիրությունը գրգռող տեսարաններով, անսովոր մթնոլորտով ու անորոշության ու սարսափի հաճելի կոնտրաստային պահերով։
Commentaires