Հավատքի ու համոզմունքների, կրոնական աշխարհայացքի ու երկնային կյանքի մասին պատկերացումների միջև ընկած է մի լքված դաշտ, որը չեզոքացնում է թվարկվածների ցցուն ու աչքի ընկնող հատկանիշները, հավասարեցնում ու հարթեցնում է դրանք ու ինչ-որ մի կետում մարդուն միաժամանակ երկրի ու երկնքի հավասարակիցը դարձնում։
«Հրաշք»-ը (The Wonder) Սեբաստիան Լելիոյի (Gloria, A Fantastic Woman, Disobedience)՝ 2022 թվականին նկարահանված ֆիլմն է, որը վեր է հանում ռացիոնալի ու իռացիոնալի՝ մարդու մասին պատկերացումները։
1862 թ., Ղրիմի պատերազմում բուժքույրի իր սուրբ պարտքը կատարած Լիբ Րայթը (Lib Wright) շատ կարևոր (այն աշխարհի մասշտաբներով անգամ) մի գործով ուղարկվում է Իռլանդիայի գյուղերից մեկը՝ մոտիկից ու բառացիորեն դիտելու մի աղջնակի՝ Աննա Օ'Դոնելին (Anna O'Donnell), ով, փաստորեն, ըստ գյուղի բնակիչների, արդեն չորս ամիս է՝ ոչինչ չի կերել։
Բուժքույր Լիբը (որպես ռացիոնալի մարմնավորում, այս աշխարհի ներկայացուցիչ) միանձնուհու հետ միասին (որպես իռացիոնալի մարմնավորում և այն աշխարհի դեսպան) պիտի փորձեն բացահայտել Աննայի գաղտնիքն ու պարզեն՝ հրաշքի՞ հետ գործ ունեն, թե՞ հմուտ խաբեության։
Լիբը հենց սկզբից էլ կասկածամտորեն է վերաբերվում տեղի ունեցողին։ Երբ իրեն հայտնում են, որ Աննան չորս ամիս է՝ ինչ հաց չի կերել, նրա արձագանքն անկեղծ է ու «երկրային». հնարավոր չէ։
Ի դեպ, Լիբի դերը մարմնավորում է փառահեղ Ֆլորենս Փյուն (վերջին տարիների լավագույն դերասանուհիներից մեկն է, իր բոլոր կերպարները յուրահատուկ են, բայց ունեն նաև ընդհանրություններ։ Ֆլորենսը իսկական մարդու՝ հողոտ, վայրի ու ոտքերը հատակին դիպչող կերպարներ է մարմնավորում. ուժեղ կանանց, ովքեր ունեն իրենց ցավի մասին պատմությունը ու կարողանում են դրանք հաղթահարելու գործիքներ գտնել)։
Լիբի արժեհամակարգն ու առաջնահերթությունները հստակ են։ Ֆիլմը մեզ չի ասում՝ նա հավատու՞մ է առհասարակ աստվածային հրաշքների ու միջադեպերի գոյությանը, եթե անգամ այո՝ ապա դա երբեք նրա մոտ առաջին պլանում չի հայտնվում։ Այստեղ ու հիմա՝ այս կարևոր կարգախոսն է իրեն առաջնորդում։ Չնայած որ ինքն էլ ունի երկրային կյանքից ժամանակավորապես փախչելու ծիսակարգ՝ իռացիոնալի փոքրիկ դրսևորում, որն անցյալից իրեն հետապնդող մնացորդ է։
Ֆիլմում կա ևս մեկ սիմվոլիկ կերպար՝ բժիշկը, ով պսևդո-գիտության մարմնավորումն է, իսկ Աննայի «հրաշքը» փորձում է բացատրել ոչ թե կրոնական դիտանկյունից, այլ երևակայությանը զոռ տալով։
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Իռլանդիայի մեծ սովին հաջորդող տարիներին, և այստեղ սովը խորհրդանշական է ամեն իմաստով. թե՛ ֆիզիկական ու թե՛ հոգևոր։ Ի դեպ, հոգևոր սնունդն այստեղ կարծես թե բացասական երանգ ունի և դիտարկվում է որպես ֆիզիկական սննդի թշնամի։
Աննան պնդում է, որ հաց չի ուտում, որովհետև սնվում է դրախտային մանանայով։ Լիբը վստահ է, որ դա անհեթեթություն է։
Ի դեպ, ծոմ պահող աղջիկները 19-րդ դարի վերջում տարածված երևույթ էին. նրանք ինքնակամ հրաժարվում էին սննդից և պնդում էին, որ գերբնական ունակությունների շնորհիվ կարող են հաց չուտել ընդհանրապես։ Սառա Ջեյքոբը (Sarah Jacob)` ծոմ պահող աղջիկը Ուելսից, սովամահ է լինում հիվանդանոցում, բժիշկների խիստ վերահսկողության տակ, ովքեր ի վերջո պարզում են աղջկա և իր ծնողների մահացու գաղտնիքը։ Կարծես թե հենց Սառա Ջեյքոբն էլ նախատիպ է հանդիսացել Աննայի համար, ով սակայն, լրիվ ուրիշ ճանապարհ ունի անցնելու։
Աննայի ծնողները կրոնապաշտ մարդիկ են, մեծարում են աստվածային օրենքները, երկնային հավերժական կյանքի գաղափարը վեր են դասում ամեն ինչից, իսկ այս կյանքը ընկալում են որպես զոհաբերության ու տառապանքի ժամանակավոր կացարան, որն անցնելուց հետո անպայման կունենան պաշտելի անցաթուղթը դեպի դրախտ։ Նրանք արդեն կորցրել են մեկ զավակ՝ իրենց որդուն, ում մասին գաղտնիքը շատ ավելի ուշ ենք իմանում։ Սակայն դա չի խանգարում իրենց դիմել «փոքրիկ» խաբեությունների ու սրիկայությունների։
Այս հատվածից հետո տեքստը պարունակում է սփոյլեր։
Սարսափելի ու «անաստված» ճշմարտությունը դուրս է գալիս ջրի երես ու պարզվում է, թե ինչպես է իրականում կերակրվում Աննան՝ իր մոր բերանից, ինչպես թռչնի ձագերն են սնունդ ստանում իրենց մոր կտուցից։ Իսկ ծոմ պահելու իրական պատճառը Աննայի եղբայրն է, ում հոգին այնտեղ՝ հավերժական վերևում, ցանկանում են փրկել ծնողները և մաքրագործել՝ զոհաբերելով իրենց մյուս զավակին։ Եվս մեկ ապացույց, որ այդ մարդիկ գերադասում են երկնային կյանքը իրական կյանքից, մեռածին՝ ողջից. զոհաբերում այս կյանքի բարիքներն ու հնարավորությունները կասկածելի ու անորոշ այն մյուս՝ անմարմին կյանքի համար։
Աննայի համար իրական հրաշքը պատահում է հենց իր երկրային կյանքում՝ ոչ կրոնական անձի կողմից. Լիբը Աննայի համար Աստծո դերն է կատարում՝ վերածնում է Աննային, բուժում է նրան այն տրավմայից, որի գոյության մասին անգամ իմանալ չէր կարող (մենք նույնպես՝ ուշ ենք պարզում այն)։
Աննան պատրաստվում է մեռնել։ Իսկ Նանը՝ ապրել։
Ահա այս խոսքերն են, որ բուժում են Աննային։ Լիբը դառնում է Աննայի իրական փրկիչը, այն հրաշքը, որն անընդհատ օդում կախված էր ողջ պատմության ընթացքում, վերջում գտնում է իրական հասցեատիրոջը։ Եվ հետաքրքիրն այն է, որ ստացվում է՝ Աննայի ծոմ պահելն է ի վերջո հանգեցնում այդ հրաշքին՝ փոխելով պատումի սլաքը դեպի մարդկայինությունը ու դուրս հանելով Աննային այդ բորբոսնած միջավայրից։ Նանը, ամենայն հավանականությամբ, Աննայի՝ տրավմաներից բուժված ես-ն է, ցավի տարածքից դուրս նետվածն ու նոր կյանք ստացածը։
Լիբը, երբ այրում է տունը, ազատվում է նաև իր այն գաղտնի ու վնասաբեր ծիսակարգից, որն իր համար փախուստ էր ու ժամանակավոր ցավազրկող։ Նետելով ափիոնի սրվակը կրակի մեջ՝ Լիբը իր ներսից վերջնականապես դուրս է հանում անխոհեմությունը, անմիտ իռացիոնալն ու նաև, ազատվում իրեն տանջող անցյալից։
Երբ Լիբը Աննային դուրս է հանում այդ տարածքից ու բեմադրում նրա մահը, մի շատ երկիմաստ հատված կա, երբ միանձնուհին Լիբին ասում է, որ տեսել է Աննային ու իրեն տանող հրեշտակին, ու հույս ունի, որ Աննան հիմա ավելի լավ տեղում է։ Այս արտահայտությունը կարելի է ընկալել և՛ կրոնական իմաստով՝ ավելի լավ տեղը պատկերացնելով որպես դրախտ, և՛ բառացի՝ այն, որ Աննան ուրիշ տեղում է, ավելի լավ տեղում, և ողջ է ու առողջ։
Եվ սա մնում է ֆիլմի գաղտնիքն ինձ համար՝ ի՞նչ նկատի ուներ իրականում քույր Միքայելը։ Նա արդյո՞ք կռահել էր ամենը և փորձում էր ակնարկել Լիբին, թե՞ ամեն դեպքում, կրոնական եզրագծից այդպես էլ չկարողացավ դուրս գալ։ Ամեն դեպքում նա ճիշտ էր՝ Աննան իրոք ավելի լավ տեղում էր, իսկ հրեշտակն այս դեպքում Անգլիայից ժամանած լրագրողն էր, ում հետ էլ ընտանիք է կազմում Լիբը և Աննային դարձնում իրենց դուստրը։
Իսկ վերջում, ընտանիքը մեկնում է ճանապարհորդության դեպի Սիդնեյ՝ դուրս գալով երեքին էլ տարբեր ժամանակներում ցավ պատճառած տարածքից ու միջավայրից, գնալով դեպի անորոշը՝ բայց արդեն երկրի վրա։
Այս հատվածից հետո այլևս չկան սփոյլերներ։
Ֆիլմը մարդու՝ հավատքի ընկալման մասին է. թե ինչպես են տարբեր մարդիկ նույն միջադեպը ընկալում այլ աչքերով ու այլ տարածաչափությունից. Աննայի դեպքը աստվածային հրաշք է ընկալվում շատերի կողմից, իսկ Լիբի համար՝ Աննան սովամահ է լինում ու ոչ մի հրաշք էլ գոյություն չունի. կա միայն մեկ բացահայտ ընկալում՝ Աննան մեռնում է և վերջ։
Մարդն է կարևորագույն արժեքը՝ վեր բոլոր տեսակի իռացիոնալ մտքերից, արատավոր համոզմունքներից ու մարդուն վնաս պատճառող հավատքից, կրոնական աշխարհաստեղծման օրենքներից ու համակարգերից. այս պահին ու այստեղ, միայն նրանք, ովքեր գոյություն ունեն՝ իրե՛նք պիտի լինեն վեր ամեն ինչից։
«Հրաշք»-ը մարդու հաղթանակն է իռացիոնալի տգետ դրսևորումներին՝ մարդու փրկությունը ներկայացնելով բառացի ու հստակ, չաղավաղելով բառերի նշանակությունն ու չընկնելով երկիմաստության թակարդը։
Ֆիլմի սկզբին և ավարտին չորրորդ պատն է կոտրվում. անմիջապես հանդիսատեսին է դիմում անհայտ մեկն ու ասում, որ հիմա մենք պատրաստվում ենք մի պատմություն տեսնել, որին հավատալը մեզ է թողած։ Չնայած յուրակերպ մոտեցմանը՝ այս ֆիլմում, կարծում եմ, լրիվ անտեղի էր կոտրել չորրորդ պատը։ Իսկ ֆիլմը ոչ մի տեսանկյունից ու ոչ մի վայրկյան չէր տուժի, եթե սկզբի ու վերջի այդ հատվածները հանեին։
Սա կհամարեմ ֆիլմի թերությունը։ Այն ավելի շատ շեղում էր, քան լրացնում պատմությունը։ Իսկ այս ֆիլն ուներ հստակ ասելիք, ու դա լղոզող ցանկացած հնարք՝ անգամ հրաշալիորեն կիրառված, միայն խանգարում էր ֆիլմի ամբողջականությանը։
Ֆիլմը դանդաղ է ընթանում, մանր կտորներով ու փշուրներով՝ կարծես սնունդ համտեսելիս լինենք, բայց հատուկ կարգով՝ հրահանգավորված ու ծիսական արարողության պես։ Ամեն կտորի հետ բացվում են պատմության զգայարանները, շերտ առ շերտ լրացվում է պատումն ու բացվում է թեման՝ ձուլելով ընկալումներն իրար ու առանձնացնելով արժեքավորը։
Տեսարանները ողողված են շնչահեղձ անող կադրերով՝ իռլանդական բնությունը, 19-րդ դարի օտար գեղեցկությունը, կրոնական-առեղծվածային մթնոլորտը, քաոսային մտքերով մարդիկ, մարդու օտարումը մարդուց, գերբնականի ներկայությունը՝ որպես անջատող ու խորթացնող մարմնակտոր մարդու մեջ։
Ֆիլմում փրկվում է մարդը՝ ոչ թե մեռած, ոչ թե զոհաբերվող ու տանջամահ, ոչ թե այլ կյանքի համար պատրաստվող, այլ հենց ա՛յդ պահին ապրող փոքրիկ մահկանացու հոգին մարմնի մեջ՝ շնչող, սնվող ու աշխարհը ճանաչող, այնպիսին, ինչպիսին որ կա հե՛նց ապրելու ժամանակ։
Ֆիլմը այդքան շատ թերագնահատված ու հոշոտված ԱՅՍ կյանքի հաղթանակն է ԱՅՆ կյանքի նկատմամբ. ողջերի աշխարհը հաղթեց մեռածների աշխարհին։ Եվ դա պիտի լիներ այդպես։
Comments