top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

«Ենոքի Աչքը», Գուրգեն Խանջյան



Գրքում կերպարների միջև եղած տարածությունը ամեն էջի հետ միասին փոքրանում է, ծալվում ու ի վերջո՝ վերածվում «մոտիկության». ոչ թե՝ մտերմություն, այլ հենց ֆիզիկապես մոտիկություն։


Ունենք իրարից շատ տարբեր հերոսներ, բայց կա մի բան, որը միավորում է բոլորին՝ մտավոր օտարումն է միմյանցից ու շրջապատող աշխարհից։ Գլխավոր երկու հերոսները, պարզվում է, մեկ հորից են, այսինքն՝ միակողմանի և անդարձելիորեն կապված են միմյանց. Գոռն ու Գրոֆոն՝ իրարից ծայրահեղ տարբեր «եղբայրները»։


Գոռը՝ ինքնամփոփ, համակերպված իր անելիքների ու կյանքի գորշ գույների հետ, Գրոֆոն՝ միաժամանակ սառնասիրտ ու տաքարյուն, ում համար ավելի կարևոր են կյանքի եռանդը, հոսող արյունն ու շարժումը, ոչ երբեք՝ զգուշավորությունն ու զսպվածությունը, ինչպես Գոռի դեպքում է։


Հենց ամենասկզբից Գրոֆոյին չեմ կարողացել որպես մարդ–էակ ընկալել, նա ինձ համար ավելի շատ կիսագերբնական, կիսադիցային ինչ–որ արարած էր, մեկ–մեկ թվում էր՝ չարաճճի դև է կամ հենց սատանան ինքը (և մարդկային ոչինչ օտար չէր իրեն)։


Հայտնվելով Գոռի և իր ընտանիքի կյանքում, սկզբում իր վրա է վերցնում համընդհանուր կարգավորողի դերը, հետո, վերածվում է քաոտիկ կերպարի ու սկսում է ինքն էլ խճճվել իր «կոլաժային» փիլիսոփայության մեջ։


Գրոֆոն կայուն չէ իր մտածողության մեջ, իր ուղեղում կարծես «կամայական արժեհամակարգի գեներատոր» տեղադրված լինի, որն ըստ պահի կարևորության՝ գեներացնում է մտքեր ու բառակույտեր։ Ես Գրոֆոյին հենց որպես կոլաժ էլ պատկերացրել եմ, քայլող պատառիկների կույտ, երբեմն՝ նվազ-մարդ, երբեմն՝ գեր-մարդ։


Էստեղ ևս մի հետաքրքիր կերպար ունենք՝ Ուման, Գոռի կինը, ով անընդհատ փնտրում է ուրիշը, այլը, ոչ այն, ինչն իր կողքին է, այլ այն, ինչը դեռ պիտի պատահի իրեն՝ ուրիշ տեղից ու տարածությունից։


Սկզբում թվում է, թե հենց Գրոֆոն է այդ ուրիշն Ումայի կյանքում, բայց ինչպես մյուսների դեպքում, Գրոֆոն Ումայի մեջ փոփոխության սերմն է գցում ու թույլ տալիս, որ նա կատարելության հասցնի իր մեջ կուտակված կիսատ-պռատ մարդուն։


Միևնույն է, էս ամեն հետ մեկտեղ, Գրոֆոյի մտադրությունները հասկանալի չեն մինչև վերջ, ի՞նչ է թաքնված իր արարքների ետևում, ի վերջո, փոխելով մյուսներին, ստանու՞մ է որևէ պարգև (Ենոքի ապակե աչքից բացի)։


Փաստորեն, ինչ-որ առումով, Գրոֆոն հերոս–կատալիզատոր է. մյուսներին կարողանում է փոխել, բայց ինքն առանձնապես փոփոխություն չի կրում։


Իհարկե Գրոֆոն իր մտադրությունների մասին հստակ կարծիք ունի՝


– Եկա՝ մի քիչ թափ տամ ձեզ, աշխուժացնեմ, թե չէ խրվել՝ մնացել եք կրկնությունների ճահիճում, եկա՝ կյանք ներարկեմ ձեր թմրած հյուսվածքներին։


Իսկ ահա Ենոքը՝ Գոռի ու Գրոֆոյի պապը, Գրոֆոյին է նվիրում իր իմաստության խտացումը՝ իր «ուրիշ տեսողությունը»՝ ապակե աչքը, էն աներևույթ կեղևն աշխարհի, որ միայն ծերության ժամանակ է իր ամբողջ հմայքով երևում քեզ։ Էն մեկը, որ քեզնից թաքնված է եղել ծնունդիցդ ի վեր։


Գիրքն ինձ համար կարծես թե երկու մասից բաղկացած լիներ՝ առաջին մասում հերթով ծանոթանում ենք կերպարների հետ, մեկը մյուսից առանձին, իսկ երկրորդ մասում Գրոֆոն կապում է բոլորին ու փոխհարաբերվում բոլորի հետ, բոլորից մի պատառ կյանք է պոկում ու հորդորում նույնն անել նաև իր հետ։


***

«Ո՜նց է կոտորում, ո՜նց է կոտորում...աջ ու ձախ, ձախ ու աջ, սպանդ է, անգութ սպանդ,–ախուվախ էր անում Գրոֆոն՝ նայելով գերեզմաններին։– Ո՛չ տարիք է հարցնում, ո՛չ սեռ, ո՛չ վաստակ...– վերջին բառին չդիմացավ՝ փռթկացրեց, բայց շուտ հավաքեց իրեն՝ վերադարձնելով վշտահարության դիմակը։»


Գրոֆոյի նկուղ-մանկության հատվածն ուղղակի հանճարեղ էր։ Իսկ վերջում Գրոֆոն ու Գոռը մի պահ դառնում են միմյանց հայելային կրկնությունը՝ ում կապողը Ենոքի ապակե աչքերն էին, իրենց պապու, իսկ ինձ թվում է, նաև իրենց իսկական հոր։ Ի վերջո՝ որն է տարբերությունը։


Ինձ համար էս գիրքը գերբնական ինչ-որ կտոր ուներ թաքցրած իր ներսում, որը ես մինչև վերջ էլ չկարողացա գտնել, ամեն էջը թերթելիս թվում էր՝ հեսա, հեսա ու կգտնեմ այն մեծ պատառի տեսքով ու կվերցնեմ, բայց հետո հասկացա, որ այն պարզապես հազարավոր փշուրների էր բաժանված ու ամեն բառի ու նախադասության ներսում կար մեկ փշուր իրենից, և անհնար էր այն ամբողջությամբ ստանալը։

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page