Բյոլի «Բիլյարդ ինն անց կեսին» գրքում մի էսպիսի արտահայտություն կա, հենց գրքի սկզբում՝ *նրա ձայնի մեջ ողջ քաղաքավարությունը կարծես բանաձևի էր վերածվել, ասես ջրի փոխարեն առաջարկեր h2o։*
Այ հենց էս գրքի լեզուն լրիվ «ջրի փոխարեն h2o»-ն էր, ոնց որ հեղինակը լեզվի բանաձևերով խոսեր, ոչ թե հենց բուն լեզվով՝ իր բոլոր էմոցիոնալ շերտերով հանդերձ։
Էնքա՜ն շատ էին կերպարները, որ գրքի մեջ անընդհատ նշումներ էի անում, որ հիշեմ, թե ով ում բարեկամն է։ Նույնիսկ կերպարներից մեկի անունը մի քանի անգամ գրել-ջնջել եմ, չէի հասկանում՝ Ռոլֆի նախկին կինն է, թե քույրը ։Ճ հետո պարզվեց իհարկե։
Սկիզբը շատ դժվար գնաց առաջ, հետո վարժվեցի թե՛ «ռոբոտային» լեզվին, թե՛ խառնաշփոթ պատմությանը։ Ամեն դեպքում սա ուշադիր ընթերցողի համար է, եթե հենց էնպես վերցնես ու կարդաս՝ կեսին էլ չես հասնի։ Ես շատ շուտ գլխի ընկա, դրա համար ինձ մոտ ստացվեց գիրքը հաղթահարելը։
Իսկ երբ ի վիճակի ես լինում հաղթահարել էս գիրքը, չհավանելը գրեթե անհնար է։ Որովհետև հեղինակի հետ միասին տանջվում ես ու ի վերջո տեղ հասնում։ :))
***
Գործող անձինք, իրադարձությունները, իրավիճակները, խնդիրները և բախումները այս վեպում՝ բացառապես հեղինակի հորինվածքն են։ Եթե անգամ դրանք ինչ-որ տեղ ու ինչ-որ չափով համընկնում են այսպես կոչված՝ իրականությանը, հեղինակը դրանում, ինչպես միշտ, մեղավոր չէ։
Վեպը «Թերթիկ» լրագրի տնօրեն Ֆրից Թոլմի ու իր ընտանիքի անդամների պատմությունն է՝ ովքեր բանտված են էսպես ասած հոգատարության կապանքներում, ովքեր ամեն րոպե ու ժամ ոստիկանների ու թիկնապահների հսկողության ներքո են ապրում։
21 գլուխներից է կազմված, ամեն մի գլուխը հերոսներից որևէ մեկի դիտանկյունն է ներկայացնում, բայց երրորդ դեմքով, ասես հեղինակը վերևից հետևում է իրենց ու փորձում նմանակել նրանց խոսքն ու մտքերը։
Հերոսներին մինչև վերջ էլ մոտենալ հնարավոր չի լինում, հեղինակը պատնեշ է դնում քո ու հերոսների միջև։ Տպավորություն է, որ քեզ էլ է հերթական վտանգ համարում ու վախենում, որ կվնասես իրենց։
コメント