top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

«Ցերեկային Տուն, Գիշերային Տուն», Օլգա Տոկարչուկ



Սա Տոկարչուկի հետ իմ երկրորդ ծանոթությունն էր, որից էլի շատ գոհ մնացի։ «Ցերեկային Տուն, Գիշերային Տուն»-ը Տոկարչուկի սիրելի բնության լեզվով էր գրված։ Վեպն իր կառուցվածքով էքսպերիմենտալ էր՝ կազված կարճ պատումներից, գրառումներից, անգամ երազներից։


Պատմությունն այդքան պինդ ու միասնական չէր, որքան Տոկարչուկի «Հնադարը և Այլ Ժամանակները» գրքում, ավելի շատ փիլիսոփայական աշխատություն էր՝ գրված գրականության լեզվով։


Գրքի գործողությունները տեղի են ունենում հեղինակի ապրած լեհական մի գյուղում, որը գտնվում է լեհ-չեխական սահմանի վրա։ Գիրքը ներառում է մարդուն հարազատ գրեթե ամեն ինչ՝ կյանքն ու մահը, ժամանակն ու տարածությունը, տունը և տան բացակայությունը, ներսն ու դուրսը։ Տոկարչուկն իր նուրբ ձեռքով խտացրել է միկրո ու մակրո աշխարհները մեկ գրքի մեջ։


Գլխավոր հերոսներն են առաջին դեմքով պատմող հեղինակը, Ռ.-ն և Մարթան՝ գրեթե դիցաբանական մի կերպար։ Այդ երեքը ողջ ընթացքում իրենց խաղաղ կյանքով են ապրում՝ բնության հետ ներդաշնակ, իսկ ժամանակ առ ժամանակ, Մարթայից լսում ենք արտասովոր ու մոգական պատմություններ։


Գրքում կան բազում միջանցիկ պատմություններ` Քյումեռնիս սրբուհու, Պասքալիսի, զինվորականների, կնոջ ու տղամարդու, պայծառատես Լևի մասին և այլն։ Մեծ տեղ է հատկացված երազային աշխարհին, իսկ երբեմն հանդիպում ենք անտառային բաղադրատոմսերի՝ կաղնեսունկ թթվասերով, անուշեղեն անձրևասնով և այլն։


Սիրեցի Տոկարչուկի` բնության հյուսվածքներից կազմված գրականությունը, որտեղ մարդիկ և իրադարձություններն ուղղակի փարվում են իր ստեղծած աշխարհին, ոչ թե պարզապես բնակություն հաստատում։ Այստեղ մոգական է ամենն ինչ գոյություն ունի գրքի էջերում՝ բոլոր իրերը, կենդանիները, մարդիկ, աշխարհները, գործողությունները. էդ ամբողջի մեջ է ամփոփված մոգությունը, և ամեն պահի յուրաքանչյուրից կարող ես սպասել արտասովոր մի բան։ Եվ հենց այդ սպասումն է, որ սիրելի է դարձնում հեղինակին և իր ստեղծագործությունը։


**

…Մարթան գիտեր, որ ոչ մի ակնթարթ աշխարհի երեսին չի կարող միմիայն լուսավոր, լարված ու հնչեղ լինել. մոլորակի մյուս կողմում դա պետք է հավասարակշռվի մթին, անցողիկ, խուլ ու խառն ակնթարթով։

Commentaires


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page