top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

«Ուխտագնացություն Արևելք», Հեսսեի Գաղտնապատումը Ոգու Ճանապարհորդության Մասին


«Ուխտագնացություն Արևելք»։ Հեսսեի գաղտնապատումը ոգու ճանապարհորդության մասին՝ դաշնադրությամբ սահմանված։ Հեսսեն բոլոր կրոնների միականության կենտրոնն է՝ գրականության դաշտում. նա շարունակում է բացել հոգևոր կեղևն ընթերցողի ու այնտեղ հոգեղեն նոր իմաստներ ներդնել՝ առանց շտապողականության ու գրականության հարակայուն լեզվով:


Պատմության գլխավոր հերոսը՝ Հ.Հ.-ն, միանում է սրբազան Միաբանությանը, ովքեր միասին ուխտագնացություն են սկսում դեպի արևելք՝ ոգու իսկական հայրենիք, որպեսզի ի վերջո հազարամյա հոգին վերադառնա տուն։ Հերոսն ու հեղինակը՝ Հեսսեն, գրքում անբաժան են միմյանցից, մտքերն արտահայտում են նույն գաղտնախոսության լեզվով, փորձում են վերապրել ապրածը, պատմագրել՝ վերապրածը։


Հեսսեն մեղմաձայն հեղինակ չէ. նա իրենից հեռացնում է ընթերցողին, կենցաղից դուրս է հանում ու ստիպում իրեն հետևել։ Հեսսեն ամեն ընթերցողի համար նախատեսված հանդիպման վայր ունի, որտեղ հասնելը բարդ է, իսկ վերադարձը՝ անցանկալի։ «Ուխտագնացություն Արևելք»-ում նույնպես, Հեսսեն գրական հերոսի՝ ինքն իրենից պոկված ես-ի միջոցով քեզ հեռացնում է քո պատկերացումների տարածքից ու նոր հոգեվիճակ մատուցում՝ հեսսեական, հորինվածքի շերտով պատված ու լցված հոգևոր պարունակությամբ։

Ուխտագնացությունը ճանապարհ է դեպի մարդկության միասնական ոգու հնավայրերը, որտեղ ամեն մի անհատ իր ներսի կորուսյալ երկրից ինչ-որ տարածքներ ունի թաքցրած, կորցրած իմաստներ ու նպատակներ։ Ուղևորվելով արևելք՝ փորձ է արվում գտնել կորցրածն ու սխալականորեն փոխակերպվածը։ Ուխտագնացությունը ծիսակարգ է Հ.Հ.-ի համար, որին նա երբեք գիտակցորեն պատրաստված չի եղել, իսկ երբ եկել է ճանապարհ ընկնելու ժամը, հիշել է երբեք չիմացածը՝ առանց փորձառության։

Պլատոնը, Մոցարտը, Պյութագորասը, Պաուլ Կլեեն, Դոն Կիխոտը, Բոդլերը, Գոլդմունդը (Հ. Հեսսե, «Նարցիսը և Ոսկեբերանը»), Վասուդևան և մյուսները. սրանք գրքում հանդիպող հավերժական ներկայություններ են, ովքեր ուղեկցում են ուխտագնացության մասնակիցներին իրենց անուղղակի ներգործությամբ՝ որպես անփոփոխ նախաձևեր։

Ուխտագնացության աշխարհագրությունը մետատարածական է. այն ընդգրկում է բոլոր ուղևորների անհատական ճանապարհները, բոլոր կրոնների, արվեստների ու գաղափարների տիրույթները, աշխարհի բոլոր կենտրոններն ու ծայրերը, բայց հատկապես՝ արևելքը՝ որպես ներդաշնակության, նախաստեղծման ու ներըմբռնման բնաշխարհ։

մեջբերում

...մենք թափառաշրջում էինք ոչ միայն տարածությունների միջով, այլ նաև ժամանակների։ Մենք ուղևորվում էինք արևելք, բայց մենք ուղևորվում էինք նաև դեպի միջնադար կամ դեպի ոսկեդար...

Հեսսեն շարունակում է սովորեցնել սեփական ճանապարհի անհրաժեշտության մասին. ճանապարհ, որն անփոխարինելի է ու միայն քեզ է պատկանում, միայն քո ոտքերն են այն շարժման մեջ դնում՝ դարձնելով ճանապարհը ոչ միայն միջանկյալ, այլ նաև քեզ հետ քայլող ու փոխակերպվող ընկերակից։


Ուխտագնացության ընթացքում ուղևորներին սպասում են խոչընդոտներ ու պարիսպներ, որոնք շղարշում են Հ.Հ.-ի տեսողությունը և նետում կասկածի ու անորոշության մեջ։ Արդյո՞ք ուխտն իրական է, իսկ միաբանության նպատակը՝ ամենաազնիվը։ Հ.Հ.-ն ուզում է պատմել իր ուխտի փորձառության մասին, բայց ոչինչ չի ստացվում. բառերը վերածվում են անիմաստության կույտի, որոնք ոչինչ չեն արտահայտում, ուր մնաց՝ Միաբանության գաղտնաբանությունն ու վերապրածի ողջ պատկերավորությունը։

մեջբերում


...ինչը պատահեց նաև մեր համքարության հետ , հզորագույնն աշխարհում, որը լուծվեց–անէացավ։ Ոչ մի տեղ գոյություն չունի միասնություն, կենտրոնակետ, որի շուրջ անիվը կպտտվեր։


Նա հուսահատության մեջ է։ Իսկ սպասավոր Լեոն ՝ հոգևոր միջնորդն ու իրենց ուխտին բովանդակություն տվողը, անհետացել է։ Այդ իրադարձությունը Հ.Հ.-ի ներսում վերածվում է տարակուսանքի, իսկ հետո՝ խեղկատակության և ուրացման։ Ուխտագնացության նպատակի հանդեպ կասկածից նոր հոգեվիճակներ են առաջ գալիս. պարզվում է, որ ուղեբեռում շատ կարևոր իրեր են պակասում, որոնք, ըստ ուղևորների, սպասավոր Լեոյի մոտ են մնացել։ Բայց դա հաստատ չէ։ Ու նաև հաստատ չէ՝ արդյո՞ք այն ամենն, ինչ նրանք վերցրել են իրենց հետ՝ անհրաժեշտ են եղել իրենց։ Մտադրությունն ու իմաստը կանոնազրկվում են։ Ու աստիճանաբար, Հ.Հ.-ն իրենից դուրս է հանում ուխտն ու Միաբանությանը՝ հետ վերադառնալով առօրյա աշխարհ, սահմանված նյութով ու ֆիզիկական գոյությամբ։


մեջբերում

- Դու հրաժեշտ տվեցիր մեզ և ուրեմն վերադառնում ես երկաթուղուն, բանախոհությանն ու օգտաշահ աշխատանքին։ Դու հրաժեշտ տվեցիր ուխտին, հրաժեշտ տվեցիր Արևելք մեր խմբերթին, հրաժեշտ տվեցիր մոգությանը, ծաղկատոներին, բանաստեղծությանը։ Դու ազատ ես, դու այլևս ազատված ես քո ուխտից։

Բայց պարզվում է, որ Լեոյի սպասավորության մեջ է թաքնված ողջ գաղտնիքն ու դրա մեջ է կայանում Միաբանության ու նրա անդամների յուրակերպությունը։ Քանի որ՝ ինչը երկար է ուզում ապրել, պետք է ծառայի։ Լեոյի սպասավորությունը արարող ու իմաստը բազմապատկող բնույթ է կրում։ Այն պտտեցնում է ուղեկիցներին իր բազմապիսի առումների կենտրոնով և նոր խորհուրդներ է շշնջում նրանց ականջին։


Իսկ այն՝ ինչ պատահում է վերջում՝ միաձուլումն է բոլորի և ամեն ինչի, կատարողի ու կատարվողի, երբ հիմնանյութը, Լեոյի ու Հ.Հ.-ի կերպարանքներով, սահում է՝ լցվելով մեկը մյուսի մեջ, դառնալով մե՛կ նա, մե՛կ այն մյուսը և ի վերջո ստեղծելով հավերժական գոյի կեցվածքը՝ անպատմելի ու անհաղթելի։



Վերջում գալիս է քունը՝ կատարվածի հոգնության հետևանքը։ Քունը կարելի է մեկնաբանել և՛ որպես հավերժացում, և՛ մահ, և՛ միացում։ Ե՛վ՝ բոլորը միասին։


Ու նաև գալիս է անվերջանալի հարցերի շղթան, որից ամենաշատն ինքն իրեն ու մեզ տանջողը հետևյալն է.


արդյոք աշխարհը պարզ է ու պատմելի՞ և մարդիկ են այն բարդացնում, թե՞ ընդհակառակը, այն բարդ է ու ոգեղեն բազմաթիվ հյուսվածքներից բաղկացած, իսկ մենք այն պարզեցնում ենք՝ բառերով ու սահմաններով, որպես նյութի հաղթանակ՝ իմաստի նկատմամբ։


Հեսսեն գիտի և պատմում է։ Իսկ ինչն անհնար է պատմել՝ ցույց է տալիս։ Մեզ մնում է տեսնելն ու վերապրելը։



Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page