top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

«Ես Օրացույցն եմ», Անդրիս Կալնոզոլս


Որքա՞ն փոքր կարող է լինել մեր ընկալման պատուհանը՝ դեպի օբյեկտիվ աշխարհ բացված։


Լատվիայի մի փոքրիկ քաղաքում ապրում է հրաշամարդուկ Օսկարը՝ Օրացույց մականունով, ով անգիր գիտի օրացույցում անվանակոչման բոլոր օրերը։


Օսկարի աշխարհը փոքր ու հարմարավետ սենյակ է՝ կահավորված իր պատկերացումների գույներով ու ձևերով։ Ժամանակ առ ժամանակ նա դուրս է գալիս իր աշխարհից դեպի իրականության հսկա միջանցք, որտեղ շփվում է իր պես խելառ, աչալուրջ կամ սրտացավ մարդկանց հետ, օբյեկտիվության օդն է շնչում ու էլի փակվում ինքն իր մեջ։


Մի հետաքրքիր սովորություն ունի Օսկարը. ամեն շաբաթ ընտրում է մի բառ ու ողջ շաբաթ մտածում այդ մասին։ Իսկ մտքերը՝ գրի առնում։ Եվ այդ գրաթերապիան Օսկարին փոքրիկ զարգացումներ է ապահովում։ Մենք տեսնում ենք, թե նա որքան է բացվում. արդեն կարողանում է հանգիստ ներսուդուրս անել աշխարհների միջև, ինչ-որ չափով հաղթահարում է շփման խոչընդոտները, նույնիսկ փոքրիկ թռիչքներ է ունենում, որոնք նկատելի են անգամ «մեծ աշխարհի» մարդկանց համար՝ բարեգործություն է անում, բեմադրում է «Տխրության Տեխնիկա» ներկայացումը, սիրահարվում է Նրան, ում անունը ոչ մի կերպ չի ցանկանում իմանալ։


Հսկայամարմին պատյանում՝ մանկական միամիտ հոգի՝ ամենասկզբնական բնազդներով, կամակորություններով ու տրամադրության փոփոխություններով։ Օսկարը միաժամանակ դիտում ու ապրում է կյանքը, իր աշխարհն իրականությունից բաժանող պատի վրա Օսկարն անցքեր ունի արած, որ այնտեղից ծիկրակի ու տեսնի կատարվողը։


*մեջբերում

Քեզ, Օսկա՛ր, լինենք անկեղծ, պակասում են օբյեկտիվ գիտելիքներն աշխարհի շատ բաների մասին։ Բայց դու օբյեկտիվ գիտելիքների պակասը լրացնում ես սուբյեկտիվ տեսակետով, այն էլ՝ յուրահատուկ։ Եվ հենց այդ պատճառով դու դուր ես գալիս երեխաներին ու ցնդած թոշակառուներին։


Իսկ վերջում Օսկարի կյանքում սկիզբ է դրվում իր հերոսական ճանապարհորդությանը. նա կարծես ողջ կյանքում հենց դրան պատրաստվեր՝ ի վերջո դուրս գալ իր հարմարավետության ու կենսական նշանակություն ունեցող սենյակից ու աշխարհի ամեն մի ծայրը դարձնել ապրելու համար բարենպաստ. ուր էլ գնամ՝ տանն եմ։ Ահա թե որն էր Օսկարի չգիտակցված, բայց քայլերն այնտեղ տանող ցանկությունը։

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page