top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Ագռավապատում


Պոյի դուռը թակում են, մինչ ինքը զբաղված էր գլխում կատարվածն ուսումնասիրելով: Իրեն թվում է, թե թակողը իր հարևանի վաղուց մոռացված տղան է կամ իր աննրբանկատ բարեկամներից մեկը: Պոն ջղայնացած փորձում է հիշել, թե ում ինչ է պարտք ու ինչ են ուզում իրենից գիշերվա կեսին: Հետո Պոն հիշում է, որ ինքը հարևաններ ու բարեկամներ չունի ու սկսում է մի քիչ վախենալ: Թակոցից չէ, այլ այն փաստից, որ ինքը մենակ է տարածքում: Հետո Պոն թակոցը գցում է քամու, պատուհանի ու էլի շատուշատ անշունչ առարկաների վրա, իր գլխին է նույնիսկ կասկածում:

Բայց իրականում ինքը ցրում է իր մտքերը ու ինքն իրեն մխիթարում է, որովհետև հենց սկզբից էլ հասկացել էր, որ իրեն շատ ծանոթ, հին ու սովորության համաձայն մեկ բառ արտասանող ընկեր-ագռավն է թակոցի հեղինակը: Պոն երևի մոռացել էր, որ իր սևուկ ընկերը աներես է ու եթե ինքը դուռը չբացի, թակոցը մինչև վաղը չէ մյուս օրվա առավոտը չի դադարի: Մեկ էլ Պոն մտածում է, թե էլ ինչ հնարի այս անգամ, որ իրեն կարդացողը չհասկանա, որ ագռավն ու ինքը շատ վաղուցվանից են ճանաչում իրար, ու որոշում է իր մոռացած սերերից մեկին խառնի այդ մութ գործի մեջ` Լինորին: Սկսում է իրեն պահել Լինորին կորցրածի պես ու դա իր մոտ լավ էլ ստացվում է: Ագռավը էլ չի համբերում, արագ ներս է մտնում, նստում է իր մշտական տեղը` Պալլասի կիսանդրու վրա ու սկսում է Պոյին ենթագիտակցական ազդակներ ուղարկել, որ վերջինս ուշքի գա ու չուրանա իրեն: Բայց Պոն տարված է Լինորի չեղած կորուստը ողբալով ու իրեն իրոք սկսում է թվալ, որ ագռավն իրեն ծանոթ չէ:

-Այդ քո Լինորն ու՞ր էր, երբ ես կայի,- անհույս կանչում է ագռավը,- ու՞ր էր, երբ դու ինձ քո հաշվին կերակրում էիր, երբ ինձ տաքացնում էիր ու հույս տալիս, երբ ես դրա կարիքն ունեի: Մռայլ դեմքով սրիկա, ինձ նայիր, իբր չես հիշում, հա՞: Մոռացա՞ր, որ ես եմ քո բոլոր ստեղծագործությունների, ու առհասարակ քո կյանքի հետևում կանգնած:

Ագռավի կռկռոցը չի հասնում Պոյի` ինքն իր ձեռքով սեղմած ականջին, ու ագռավը որոշում է պատժել նրան իր մշտական եղանակով: Պոյի ամեն մի հարցին, ամեն մի առաջարկությանը կամ խոսքին պատասխանում է մի բառով` Nevermore, որն, ի դեպ, հենց Պոյից էր սովորել ժամանակին: Ու քանի որ Պոն, արդեն սկսել էր զառանցել, ագռավը որոշում է մնալ իր անհույս ընկերոջ մոտ այնքան, մինչև որ սա նորից խելքի գա ու իրենք մարդավարի զրուցեն` ոնց որ առաջ էր: Բայց քանի որ Պոյի հոգին այդպես էլ տեսիլքներից ահավոր, չէր ցանկանում ազատվել` Nevermore, դրա համար ագռավը որոշում է ընդմիշտ այդտեղ մնալ ու հսկել իր ընկերոջը, որ հանկարծ նրա մտքով չանցնի ինքն իրեն վնաս տալ: Պոյից հեռու չէր դա:

0 comments

Comentarios


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page