Անկատար արարած, հրեշ, սարսափի մարմնացում, լքված իր արարողի կողմից, միայնակ ու թշվառ, բարիք տենչացողն ու չարիք կատարողը. 19-րդ դարի բոլոր սարսափները կարելի է վերագրել Վիկտոր Ֆրանքենսթայնի ստեղծած հրեշակերպին։
Պատահական չէ, որ շատերը Ֆրանքենսթայն անունը սխալմամբ տալիս են հենց հրեշին, այն ինչ դա ստեղծողի անունն է։ Իրականում երկուսն էլ էությամբ նույնն են։ Ֆրանքենսթայնի սկզբնական ցանկությունն է եղել ազատել մարդուն մահվան արատից, սակայն նպատակի իրագործումը հենց ինքը մահվան դրսևորում էր՝ տարբեր մարմնամասերից «մարդ» հավաքել։ Ու երբ իր ստեղծածն աչքերը բացում է՝ կյանք առնելով, նա սարսափած փախչում է. ինչու՞։
Էստեղ փոքրիկ թակարդ կա. թվում է, թե արարածի հրեշային կերպարանքն էր վախեցրել Վիկտորին, բայց դա այդպես չէ։ Նա սարսափում է անշունչ ու անբնական, օտար ու անկանխատեսելի կյանքից։ Ու նա փախչում է՝ հիմարաբար կարծելով, թե տարածությունը կարող է նրան հեռու պահել իր իսկ ստեղծածից։
Շրջանակված պատմությունը եռաշերտ բացվում է պատումի հետաքրքիր կառուցվածքի մեջ։ Գրքի հերոսների մտքերը մելանխոլիայի, սենտիմենտալության ու գերտառապանքի միաձուլում են. երբեմն դժվար է լինում մարսել տեքստը՝ չափից դուրս բաց «երակի» պատճառով։
Մերի Շելին սկսել է գրել պատմությունը, երբ ընդամենը 18 տարեկան էր։ Իսկ գաղափարը ծնվել է 1816 թվականին՝ անսովոր մի տարի, երբ հրաբուխի ժայթքման հետևանքով ջերմաստիճանը կտրուկ նվազել էր. «առանց ամռան տարի»՝ ահա թե ինչպես են կոչել 1816 թվականը։ Արտասովոր եղանակային պայմաններին գումարվում է նաև մեկուսացումն ու մի շարք ողբերգություններ, որոնք պատահում են Մերիի հետ։
Մերին իր սիրեցյալի և լորդ Բայրոնի հետ միասին գտնվում էր վերջինիս վիլլայում՝ Ժնև լճի մոտ։ Հենց այդ ընթացքում է, որ Բայրոնն առաջարկում է «ուրվականներով պատմությունների» մրցույթ, որի ժամանակ Մերիի մոտ հղանում է հրեշի գաղափարը։
Ֆրանքենսթայնը ողբերգական հերոս է. նա իր ճակատագրական սխալի պատճառով կործանվում է։ Վիկտորի՝ մարդ ստեղծելու մոլուցքը նման է Ահաբի՝ Մոբի Դիքին սպանելու մոլուցքին։ Հետաքրքիր է, որ այս գրքում նույնպես ծովային կյանքը խորհրդանշական է։
Երկուսն են դատապարտված՝ և՛ արարածը, և՛ իրեն ստեղծողը։ Ու այս իմաստով, նրանք փոխարինում են մեկը մյուսին, լրացնում են իրար ու դառնում աղետալի միաձուլվածք։
Comments