ռադիո լսել
փորձել բռնել ալիքը
մի կերպ կուլ տալ ծամծմված բառերը
ետ դառնալ
համոզել բոլորին մի բան՝
որում ինքդ էլ համոզված չես
մի քայլ առաջ գնալ
մի երկու անգամ ցատկել
երբեք էլ չիմանալ ճանապարհիդ ուղղությունը
հավատալ, որ երկիրը պտտվում է
փորձել ինքնուրույն պտտվել երկրին հակառակ
պտտվել բոլորին հակառակ
բոլորին դեմ լինել
ոտքերի տակ պահել չորսական կոշտուկ՝
վեցամսյա պատմությամբ
սրտում ունենալ ոչ մեծ չափսերի
մի ագռավ
օրը երկու անգամ կերակրել իրեն
կծել հարևանի փոքրիկ շանը
խայթել ծաղիկների վրա բզզացող մեղուներին
ժամը վեցից հետո թքել ուղտերի վրա
թքել բոլորի ու ամեն ինչի վրա
կոկորդում կուտակված փոշին հետ տալ ամեն մի պատահածի երեսին
հետո՝ չորս օր անց հետ պահանջել սեփական փոշին
ավելի ուշ նաև՝ սեփական կոկորդը
իսկ վերջում արդեն պահանջել ինքդ քեզ՝
փողոցային անցորդից,
մուրացկանից,
սուրճ վաճառող տատիկից
ու դասից փախած
զվռնող լակոտներից
հետ վերադարձրեք ինձ՜ գոչելով
ու երբեք էլ պատասխան չստանալով
երբեմն նաև հանդուրժելով ուրիշների թքածը՝
ձեզ վրա
ու երբեք էլ չիմանալով
որ այդ օրվա
ժամը վեցից հետոյի ուղտը ինքներդ էիք
ու հետո էլի գոռալով
կաղալով
ներելով
կամ չներելով:
Պտտվելով:
***
Ամեն ինչ պտտվում է քո շուրջը
աշխարհագրության գրքի վեցերորդ էջը
հայերենի շարահյուսությունը
դիմացիդ հայելին
ներքևի առաստաղը
վերևի հատակը
գրչիդ վերջացած թանաքը
կորած ռետինը
կրծոտած մատիտի ծայրը
սեղանի այն յոթերորդ ոտքը
աթոռի սփռոցը
բաղնիքի դռան վրայի գրությունը
մոխրագույն թղթերը
գորգին վազվզող
աջ-ձախ գնացող
սպիտակ մկնիկը
ներքևի հարևանի աղմուկը՝
քո առաստաղին
վերևի հարկում ապրող
չաղլիկ տիկնոջ ու իր շան հաչոցը՝
քո ոտքերի տակ
կտուրից կաթացող ձյունը
կայծակի լույսը՝ աչքիդ առաջ
ու փոթորիկը՝ ուղիղ թիկունքումդ
կիթառի լարերից մեկի ծլնգոցը
դաշնամուրի ոտնակների ինքնակամ շարժումը
դեպի ներս բացվող պատուհանի փեղկը
ու պատուհանից դուրս՝
քո սենյակի արացոլանքը
ամեն ինչ պտտվում է քո շուրջը.
բայց իրականում
այստեղի միակ պտտվողը
ինքդ ես:
***
երբ փորձում եք հետ պահել
դեպի անդունդը վազողին,
երբեք չեք մտածում,
որ կանգնեցնելու ուժգին թափքից
դուք էլ կարող եք հայտնվել այնտեղ
երբ փորձում եք կանգնեցնել անդունդը նետվող պատանուն
ու փրկել հանկարծակի պոռթկումից
երբեք չեք իմանա, թե ում պիտի փրկել իրականում
ո՞վ է իրական վտանգի տակ եղածը
տղա՞ն, որը գիտի թե ուր և ինչի համար է գնում,
թե՞ անդունդը, որը երբեք չի իմանա
տղայի մտքինը
ու թե ինչ կդառնա ինքը՝
տղային իր մեջ ընդունելուց հետո:
***
Պապիկս ինձ պատմում էր
որ ամեն օր ութն անց կեսին որսի է ելնում
պատմում էր, թե ոնց է կրակում առյուծների վրա
ոնց է վախեցնում թռչուններին
ոնց է պահպանում գիշերային անտառը
մութ ու չար գազաններից
թե ինչպես են իրեն տեսնելուց հետո բոլորը փախչում
մնում միայն բարի ու լուսավոր կենդանիները
կամ ասենք նապաստակները
նկարագրում էր, թե ոնց է բոլորին շոյում
հերթով, առանց խախտելու կանոնը
առանց որևէ մեկին նեղացնելու
սիրում բոլորին հավասար.
ու երբ պապիկս մահացավ
ես տխրեցի
չէ՞ որ շատ բան էի սովորել իրենից՝
սիրել հավասար բոլորին
չխախտել կանոնները
միշտ հերթ կանգնել
հեռու մնալ մութ ու չար գազաններից
շոյել բարի ու լուսավոր կենդանիներին
ասենք նապաստակներին
շատ բան սովորեցի իրենից
բայց իր մահից հետո
միշտ վախեցա
ութն անց կեսից հետո
մենակ
անտառում լինել:
***
Առանց աղավաղումների
սև մատիտով
նկարում եմ մի դեմք
վրան ավելացնում եմ այն ամենն
ինչ հարկավոր է
թռչել ու խռմփացնել կարողացող
նորմալ մարդուն...
ականջները դիտմամբ
երկար եմ անում՝
աչքերի շուրջը...
***
Երկրագնդի վրա
կան փոքրիկ գործեր
որոնք միշտ արվելու են
նախքան մայրամուտը
դրանք երբեք չեն վերադառնալու
այնտեղ, որտեղից որ սկսվել էին
ու միշտ կրկնվելու են
գիշերվա լռության մեջ
երբեք չեն դիպչելու
առավոտվա սառը ու վանող օդին
երբեք չեն լվացվելու
ծաղիկների ցողով
ոչ մի անգամ չեն կիսելու իրենց հացը
արևի ու իր բծերի հետ
միշտ ուշանալու են երեկոյան
թռչնային ընթրիքից
ու հասնելու են այն պահին
երբ ընթրիքի զոհն է դառնում
իր երամից առաջինը դուրս մնացածը
դրանք կանհետանան
նախաճաշի վերջին կերակրի հետ միասին
ու միշտ կուշանան:
քանզի այդ փոքրիկ գործերը
կապտավուն ու լուսավոր ամբոխի աչքերի պես
խոստանում են
ու կատարում են իրենց խոստումը
միայն այն ժամանակ
երբ բազմությունն ընտրում է իր ամենավերջին զոհին՝
հենց իր միջից
ու միայն այն դեպքում
երբ որսի ժամանակ
վերջացել է սնունդը:
Այդպիսին են երկրագնդում թափառող
ու միշտ վերջինը տեղ հասնող
փոքրիկ ու մանր գործերը
որոնց արձագանքը միայն լսվում է
գիշերային լռության մեջ
ու ամբոխի աչքերի պես
խաբում է:
Comments