top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Էլեգիա

Ծաղկամանի հատակում ինձ լավագույն տեղը կտաք,

մոխիր ձևացող փոշիս կլցնեք գրքերիս վրա, որ թվա, թե իմ չափ հին են ու կեղտոտ

վարագույրի վրա կամրացնեք կոշիկներս

թարս զույգերով

կարող են և ծափահարություններ լինել

անգամ երաժշտության կեսից՝ առանց գործիքների,

ոչ երկնքից

ոչ ժամատնից

ու ոչ էլ անգամ համակարգչից հնչող երաժշտության

սիրածս ֆիլմերի բոլոր տիտրերն իրար կմիացնեք

եթե պետք է պարզել կյանքիս տևողությունը

ծաղկամանը չկոտրեք խրախճանքի ժամանակ

հանկարծակի մոռանալով ինձ ներսում

իմ մասին խոսելիս կարող եք շեղվել դեպի

քաղաքականություն

կամ նոր գիտական հայտնագործություններ

գուցե պարզվի, որ մեռնել բայը հանել են բառապաշարից

ու նույնիսկ բառարաններից

հետո հասկանաք հավաքի անիմաստությունը

ու ցրվեք տներով՝ մոխիրս քամուն տալու արագությամբ


սև ապակին ես էի

սև շրջանակը մինչև մեռնելս պարանոցիս կախված էր

համապատասխան նկար էլ չունեմ

ոչ դարակներումս

ու ոչ էլ ֆեյսբուքյան արխիվներում

միակ պատկերը, որ կարող եք կախել պատից

դատարկ անցքն է՝ առանց շրջանակի


ֆիլմերում մեռնողները միշտ սիրուն դիրքերով են պառկած

արյունը աբստրակտ նկարների պես գեղարվեստորեն

լցված է մարմինների վրա

ձեռքերը նուրբ դրված են հատակին

շրթներկը համաչափ է մաքրված

ու էնքան նկատվող են

ես, որ անգամ ծաղկամանի մեջ չերևացի

ոչ մի դիրք ինձ բաժին չհասավ. բոլորը զբաղված էին

արյուն չեկավ, որ զարդարեր մարմնիս կտավը

հետո միլլիոներով վաճառվեր որպես գլուխգործոց


ինձ մնաց ձեզ հետ միասին երկրաբանական տերմիններից խոսել

որոնք գոյություն չունեին ապրելուս ժամանակ

հասցրեցի միայն փնտրել ու գտնել

որ էլեգիան սպիտակ արձակով չի գրվում


բայց իմ աբստրակտ մահվան հեչ պետքն էլ չէր


ես, որ ծաղկամանս շուռ տվեցի:

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page