top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Փոքր քաղաքներում


Փոքր քաղաքներում մահվան մասին լուրերը փաթաթվում են լվացքի պարաններին ու օդի մեջ կախված մնում


Փոքր քաղաքներում իրար հետ շշուկով են խոսում, որ չարթնացնեն անկողնում տեղավորված մահվանը


Փոքր քաղաքներում մեռնողները քեզ հարազատ են տարածության օրենքներով


Փոքր քաղաքներում մեռնողների վերջին հպումը մաշկիդ վրա ես զգում


Փոքր քաղաքներում մեռնողի աչքերը փակողը վերևի հարևանդ է

Դիահերձողը՝ հարազատ քույրդ


Փոքր քաղաքներում մեռնողների ոսկորները բարձրաձայն են փտում


Փոքր քաղաքներում մեռնողների շարքերը շրջանաձև են

Ու տասնվեցերորդ տեղը միշտ քոնն է


Փոքր քաղաքներում մահը ոտքդ տրորելով է շտապում դեպի մեռնողը

Շտապելիս էլ հասցնում է անգամ քեզ ձեռքով անել


Փոքր քաղաքներում մահը ճանաչում է բոլորիս դիմագծերն ու ոտնաձայները

Մեր գրպանների պարունակությունը


Փոքր քաղաքներում մահը մեր կողքին կանգնած մտածում է ինքն իր մասին

Ձմռանը մեզ պես մուշտակ է հագնում

Արևին նայելիս աչքերը կկոցում է

Ու մեզ հետ միասին վախենում վերելակի դռներից


Փոքր քաղաքներում մահը միշտ կողքի բակում է

Ու պատերի հետ գնդակ է խաղում


Փոքր քաղաքներում հաջորդ ճանապարհը քո բակ է տանում


Փոքր քաղաքներում ամենուր մահվան սիրելի վայրերն են տարածվում

Մահն էլ ամենամարդամոտն է բոլորից


Փոքր քաղաքներում մահվան հերթականությունն ամենաճշգրիտն է

Ու մահն էլ մինչև մեզ մոտենալը անցորդներին գրկել է հասցնում

Իրենց հետ վերջին նորություններն ու դժբախտ պատահարները քննարկում

Ու նոր է միայն տեղ հասնում


Փոքր քաղաքներում մեզ մահվանից բաժանող սահմանագիծը

ոչ ոք տեսնել չկարողացավ։

コメント


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page