Ինձ հետ խոսիր.
անտառի կոները ոտքերիդ տակ են,
լռությունը,
արտաքսումն ու պարերը՝ կրակի շուրջ
քոնն են: Գլուխդ հենիր ազդրերիս ու խոսիր ինձ հետ
վերջացել են պատմությունները
ու պարզվել է, որ սրի արյունն իսկական չէր
ու կրծքավանդակիդ մեջ լող տվող ձկները սատկել են:
Խոսիր ինձ հետ, որ մոռացումը չզգամ
Որ երազներիս գույնով չներկվեն օրգանիզմիս պատերը:
Վարտիքդ թաց է, կանայք մոռացել են քեզ
Ու դուրս հանել մայրական խնամքը ներսիցդ:
Խոսիր ինձ հետ մեր մտերմության մասին
որի հատակագիծը փոխեցիր
ու մատիտի ծայրը՝ հոշոտված:
Լսու՞մ ես, մեզնից մեկի երախը բաց է
ու ներսում սպանված կյանքեր կան
աննշան կյանքեր, որ մոռացանք ջրել իրենց:
Ես առնում եմ քո դատարկության համը
սեղմվել ես կոկորդիս
ձայնալարերիցս թաց վարտիքդ ես կախել
ու ինձ խնդրում ես, որ քեզ խնամեմ:
Խոսիր հետս, որ չմեռնեմ թափթփված անկողնումդ
Ջրի մարմինը վերցրու քեզ
Շողքերը, ստվերների անունները, աստվածների խնամքը
վերցրու քեզ
Մազերդ սանրիր, հոգնել եմ անշուք տեսքիցդ
Գիտե՞ս, որ երազումդ հագուստդ էի լվանում
Վրան սպիտակ փշրանքներ կային
ու քո հոտը տհաճ էր, անչափ տհաճ:
Խոսիր հետս, որ չզգամ մոռացումը
Կորուստները քոնն են
Երակները, գետի ճյուղերն ու անանցանելի ծառերը
քոնն են,
տար ինձ դուրս,
որովհետև հորիզոնս սահմանափակել ես հյուսվածքներովդ:
Խոսիր ինձ հետ այդ մասին,
որ ժամանակների ավարտը չտեսանք
որ գնացիր որսի ու մոռացար ետ գալ
իսկ ես սոված էի ու քեզ տեսնել էի ուզում
որ այդպես էլ չսովորեցրիր ձեռքերով կրակ ստանալ
որ հոգնած էիր ու շրջվեցիր պատի կողմը՝
այն հույսով, որ վաղն էլ չես զարթնելու
որ մատներիդ արանքը սնկերով պատվեց
որ ծառի արմատ դարձար
Խոսիր ինձ հետ, որ չզգամ մոռացումը:
Ճանապարհս համառությանդ մոլախոտերը ծածկեցին
ու անվտանգությունն ինձ տարավ սենյակ
հիմարիկ, մոռացել էիր լամպը կարգի բերել
Մոծակների խայթոցը հիշու՞մ ես
Ես, որ քեզ սիրում էի ժամանակների սկզբից ի վեր
հիշու՞մ ես,
օրորոցայինը, մարդիկ, որ ջրհեղեղը տեսան
կանայք, որ խոսել չգիտեին
հիշու՞մ ես:
Ձեռքիդ խալը, որ հետո արյան խոռոչի վերածվեց
Ժանգի համը ջուր խմելիս
նոր բացահայտված մոլորակները
հիշու՞մ ես:
Աչքերիս տակ փոսեր կային՝ լցված կապույտ հեղուկով
Հիշու՞մ ես, որ ասացի՝ կարևոր ես ինձ համար:
Խոսիր ինձ հետ, որ մոռացումը չզգամ:
Commenti