Տղան, որ գիտեր
ու չէր ուզում օգնել
տղան, որ մոտավոր պատկերացնում էր, թե որտեղ է ելքը
բայց չէր ասում, որ չծաղրեինք իրեն
տղան, որ չէր հասկանում ու լռում էր
տղան, որ տեղից խոսեց
ու մատնեց իրեն
տղան, ում ձեռք չէր տալիս իրերին իրենց անունով կոչելը
տղան, որ զգում էր վտանգը, բայց մոռացավ մեզ զգուշացնել
տղան, որ հիմար ձևանալով ստացավ իրեն հասանելիքն ու խաղը լքեց
տղան, ով խաղի մեջ չէր հենց սկզբից
տղան, որ ձևացավ, թե ծաղրածու է ու պարտությունը թեթև տարավ
տղան, ում չներեցին
բայց ափսոսանք հայտնեցին վերջում
տղան, որ գիտեր ու մինչև վերջ լռեց
տղան, որ չգիտեր ճանապարհը
որովհետև երբեք ռիսկ չէր արել հարցնել
տղան, որ պարտավոր չէր
բայց արեց
տղան, ով պիտի աներ այդպես
ու տղան, որ չարեց
տղան, որ թաքնվում էր խավարում
տղան, որ մահվան ընկերն էր
ու տղան, որ հենց խավարն ինքն էր։
Նրանք բոլորը
Այդ գիշեր
հավաքվել էին տանիքումս
ու ինձ փրկելու գծագիրն էին կազմում
մինչ ես մեռնում էի առաջին հարկում։
Comentarios