top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

մեռնելու ամենավատ օրը

Վաղ առավոտը ուշ գիշերից բաժանող միջակայքը,

որ բարակ, աղոտ ու աննշմար գիծ է՝ շաղված ծեր մարդու շերտավոր աչքերում

ու ագռավներն՝ իրենց չարագուշակ նոտաներով.

ես վստահ էի, որ բարի է լույսը,

բայց կասկածներ ունեի, որ գիշերը չարաշահել եմ նրա բարությունը

ու բամբասել արևի մասին՝ առանց հասկանալու.

ինձ լույս պետք չէ՝ բղավել եմ ու սարդերը վկա,

ականջներիս խշշոցն այդ պահից դադարել է:


Հետո փորձել եմ խտացված օրը պահել ձեռքերիս մեջ,

բայց այն լպրծուն էր ու միանգամից դուրս է ցատկել ափիցս

ու մեկ ուրիշի փորձված ափի մեջ հայտնվել:

Ես սիրում եմ, երբ տարածությունը՝ ծնկի եկած

լույսը՝ սառը ու անգույն

եղանակը՝ ֆանտաստիկ չեզոք

ու մոխրագույն ձյունը՝ համարյա կեղտոտ

ականջիս ետևից խուտուտ են տալիս ու պատմում

անդառնալի պատմություններ՝ անզգայության մասին,

անտարբեր ձայնով ու երբեմն մաքրելով կոկորդը՝

միայն ու միայն քաղաքավարությունից:

Բայց այդ օրը երկինքը ենթարկվում էր այլ տիրոջը


Ճանապարհից շեղվել էի ու որոշել իմ սեփական արահետը գծել

հարթավայրում էի ու ցանկանում էի լեռներ փորել՝

տարածությանս խորության հաշվին

ու անվերջ կոճղեր շարել այնտեղ՝

ծառերիս հաշվին.

ես միայն իմ լանդշաֆտներում կգալարվեմ:


Բնական լույսից հոգնել եմ ու փակվել տաղտուկ սենյակում,

իմ ստեղծած աշխարհում

բնության երևույթներն իմ դեմ գնացին ու չծրագրված էին աղետներս:


Մեռնելու ամենավատ օրն էր,

երբ հազիվ էի սկսել գնահատել կյանքը:

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page