top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Գորշ Նոթեր (շունը սոված չէր)



Լիդիա


Մեր Գորշ Հովտում չորրորդ տարին էր, որ մտքի բորբոսը բույն էր դրել։ Ինչ ասես, որ չարեցինք գիժ Սեմի հետ, բայց բորբոսը գյուղից դուրս էդպես էլ չեկավ։ Հորաքույրս իր գանգրահեր տղային մոռացավ լճի ափին ու տուն գնաց ամայի ճանապարհով, որ ոչ ոքի չպատահի ու գլուխն ափերի մեջ չառնի։ Հետո տուն հասավ ու հիշեց ինչ-որ բան, կարևոր դետալ, որ բաց էր թողել, միտքը ստվերված, գլխի մեջ կիսատ- պռատ դեպքեր իր կյանքից, արևից էլ մի քիչ բժժած՝ հիշեց լճի ափին թողածն ու վազելով այնտեղ հասավ, բայց գանգրահեր տղային էդպես էլ չպատահեց։ Մինչև հիմա հիշում է ու դեմքն առաստաղին հառում, ասես որդին ջահից կախված՝ իրեն ձեռքով է անում։

Այդ օրը մեր փողոցում շան հաչոց լսվեց, մի քանի անգամ կրկնվեց ու լռեց, հետո մի ժամ անց նորից նույնը եղավ։ Իջանք, որ շանը կերակրենք։ Սովից կլինի՝ մտածում էինք։ Հարևան Սառան, որ տեսավ շանը, սիրտը մթնեց, խոսքի մեջ մի քանի անգամ ասաց, որ քաղցած է կենդանին, հետո մութ սրտով մտավ իր տուն ու էլ դուրս չեկավ այնտեղից։

Մեր տան լույսերն անջատել էին, երեկոյին մոտ շունը սկսեց ոռնալ ու մենք հասկացանք եղելությունը։

Առավոտ շուտ բորբոսն արդեն հասել էր բոլորիս տներին։ Մարկն ասում էր, որ գորշ գելերից է վարակը, իր պառավ տատը մեռնելուց առաջ գելի մորթի է ուզել, ասել է, որ չի խաղաղվի , եթե իրեն գելի մորթու մեջ չթաղեն։ Մարկը վախեցել է, բայց կատարել է տատու խնդրանքը, ընկերներով դուրս են եկել գելի որսի, բայց լուսաբացին մորթին պատրաստ չի եղել ու տատը հոգին տալուց առաջ մեր Հովտի հասցեին անեծք է ուղղել։

Մարկը հետո ասել է, որ հիմար երեխեքը խաղացել են գազանի հետ, խաղացել են ու դիվահարի պես ծիծաղել են վրան, գել է, բնազդները վրա են տվել ու իրենով է արել անմիտ երեխեքին, ինքն էլ հետո երեխեքի հետ է խաղացել ու թողել գնացել է՝ ամեն մեկից կես պատառ անելով ու ամեն մեկի հոգու համը ճաշակելով։ Էդ գելին պիտի սպանել, մարդու միս է համտես արել՝ էսպես են ասում, բայց ես գիտեմ, որ մարդուն էդքան կարևորել չարժե, գազան է, իր գործն արել, փախել է։ Ով ենք մենք, որ գելին դատենք։ Այ էսպես է խոսել Մարկը, բայց հետո, գիտեք, բորբոսը եկել հասել է մեզ։

Գիժ Սեմի հետ ինչ ասես որ չենք արել այդ տարիներին, բնակիչներին մեկուսացրել էին, իսկ ես դեռ ուժեր ունեի, կես մարդ չէի, Սեմի միտքն էլ պայծառ օրվա պես աշխատում էր։

Որոշել էինք, որ մինչև լուսաբաց պիտի ոչ ոք իր տունը չլքի, որովհետև, ասել էինք, թե գյուղում դեղնած հոգի կա։ Գյուղում գիտեին, որ հոգիների հետ գլուխ դնել չարժե։ Մարկն էր միայն, որ հարցրել էր՝ դեղնած հոգին ինչ է։ Սեմը տակից դուրս էր եկել ու ասել էր, թե դեղնած հոգու նպատակը մարդուն տխրեցնելն է, խոցելը, իսկ մեր գյուղին դա ամենաշատն էր վախեցնում։

Սեմը բույսերի հետ էր սիրում աշխատել, Հովտի լեռներից ինչ տարօրինակ բույրերով խոտեր կար՝ հավաքում էր, իր տան անկյուններից մեկում պահում։ Հետո ինձ էր կանչում, հիացած հայացքով բացատրում էր ամեն բույսի նշանակությունը, ստիպում էր իրեն օգնեմ՝ ինչ-որ թուրմեր պատրաստելու համար։ Գյուղին օգուտ է՝ ասում էր, հետո թուրմերին անուններ էինք տալիս ու բաժանում մերոնց։ Երբ Սեմին հարցնում էի, թե ինչ օգուտ այդ թուրմերից, ասում էր՝ հետո կտեսնես, թե ինչ խաղաղություն է իջնելու Հովտում։

Բայց տարին տարու վրա չէր բերում սպասված խաղաղությունը, օրերն ավելի տագնապալից էին դառնում, մարդիկ մտածում էին ինչ-որ բանի մասին ու չէին բարձրաձայնում, ցանկանում էին ինչ-որ բան ու ոչ ոքի այդ մասին չէին ասում։ Գուցե Սեմի լռության թուրմերից էր, չգիտեմ։

Մեր ամայության մեջ լիքը տարօրինակ ընտանիքներ են բույն առել ու ապրում, ամեն մեկից մի պատմություն կարելի է հյուսել։ Մտածում եմ, որ մարդկանց խելագարության պատճառն ավելի շատ գյուղից դուրս չգալն էր, քան Բորբոսը։ Դա էր պատճառը, որ Աննան որոշեց իր տան անշունչ առարկաներին անվանումներ տալ ու ոմանց հետ թշնամի դարձավ։ Պատմում էր, որ տանը երբ նստած է, գիտի, թե որ առարկան ինչպիսի հայացքով է նայում իրեն ու մտքին ինչ կա։

Ես էլ կորցրի մարմնիս կեսը։

Չեմ էլ ուզում հիշել, թե ինչից է, որ մարմնիս կեսն է ապրում, մյուս կեսը անշարժության ոլորտի մեջ մնացել է ու ինձ ենթարկվել չի ուզում։

Մի առավոտ զարթնեցի ու զգացի, որ ձայնս պապանձվել է, կորել, զգացի, որ չեմ կարողանում գտնել, թե մարմնիս որ հատվածում է պախկվել, որտեղ պիտի փնտրեմ իրեն, ինչպիսի ճիգեր պիտի գործի դնեմ, որ հասնեմ ձայնիս։ Հետո ուղղակի դադարեցի քայլել, նստած էի ու հասկացա, որ վերջ, էլ երբեք չեմ կարողանա շարժվել։ Ձայնս, իհարկե, հետ ստացա, բայց մարմնիս կեսն այդպես էլ տեղը չեկավ։

Բարին առավոտ շուտ ներս է մտել իրեն քաղաքի տեղ դրած մեր էս ամայությունը ու տնից տուն ելումուտ է անում, ասես իրեն խնդրել ենք, որ երևա։ Լույսի պոչից կպած այսուայնկողմ է գնում, օրորվում, իբր թե մարմինը ծավալ ունի, իբր թե վերացական բան չի էլի՝ մարդկության ընդհանուր մտքի մեջ գոյացած ու գիտակցությունից գիտակցություն տեղափոխվող։ Էս բոլոր խելոք բաները հորաքույր Գարին էր ինձ սովորեցնում, ասում էր բառերն իրար կապակցելով մոգական մտքերի շղթաներ են ստացվում, որոնք իրականում ոչ մի իմաստ չեն պարունակում, բայց անչափ քմահաճ են ու տեսանելի՝ եթե ճիշտ կողմից նայենք։ Սեմը հորաքրոջս հետ սիրում էր զբոսնել ու մտքին զոռ տալ։ Բորբոսից առաջ, հիշում եմ, դեռ սովորություն ունեինք բակերում հավաքվելու ու զրույցներ տանելու։ Բորբոսից առաջ օտարացած չէինք, հիշում էին միմյանց դիմագծերն ու ձայնը, կենդանիներ էինք պահում։

Հետո այն օրը, որ շունը հաչաց, կերակրեցինք, որովհետև կարծում էինք, թե սոված է։ Բայց գիշերվա կողմ, երբ լսեցինք ոռնոցը, հասկացանք եղելությունը։ Սառայի սիրտը մթնեց, էդ շունը քաղցած է՝ ասաց ու մտավ տուն՝ մթնած սրտով։

Հետո բոլորս էլ գլխի ընկանք, որ շունը սոված չէր։


Գիժ Սեմ


Կարդացի Լիդիայի նոթերը, էդ կինն այդպես էլ չսովորեց իրերի իրական անուններով խոսել, պիտի անպայման չափազանցնի, դառնացնի ամեն ինչ, սարքի դրամա։ Ես պատմեմ, հա՞, թե ինչ էր պատահել իրականում։

Կզակս, որ մանկությունից դուրս է ցցված ու անչափ տգեղ է, ինձ շատ օգտակար է եղել։ Այդ արտաքին թերության պատճառով վախեցել են ինձնից հասակակիցներս ու ես շատ ժամանակ եմ անցկացրել ինքս ինձ հետ։ Սկզբում մեկուսի Սեմ էին ասում, հետո տխուր ու լքված Սեմ, հետո տարիների մեջ դարձա Գիժ Սեմը, բայց գլխիցս հրաժարվեմ, թե ես այս գյուղի միակ աչալուրջ մարդը չեմ։ Այդ Բորբոսը, որ Լիդիան ասում է, հազար տարվա հայտնի վիրուս է՝ Գրանիտե Սիրտն է, որ ներքին քարացման պատճառ է դառնում։ Այդ մասին նույնիսկ Խելոք Անտոնն է գրել՝ գյուղի նախնիներից մեկն, ով ասում էին, թե կարողանում է ապագան գուշակել։ Խելոք Անտոնի խոսքերով Գրանիտե Սիրտը բնակավայրում մնում է առնվազն մեկ տասնամյակ ու մարդկանց շեղում է իր առօրյա վիճակից, դարձնում է ավելի մռայլ, տագնապահար, միտքը խավարեցնում է, մարդիկ սկսում են կտրտված բառերով խոսել, վախենում են գոյություն չունեցող երևույթներից, իրար հանդեպ չարությամբ ու կասկածով են լցվում, որոշներն անգամ կարող են տեսիլքների մեջ հայնտվել ու այդպես շարունակ։

Անտոնը դեռ երկար է խոսել այդ վիրուսի մասին, բայց իրեն կարդացողն ո՞վ է, ես էի, որ դպրոցական տարիներին մենակությունից որոշեցի մեր տան գրադարակը փորփրել ու Խելոք Անտոնի հաստափոր գրքերը գտա, մեկը մեկի հետևից կուլ տվեցի։

Մեր Գորշ Հովիտը Դոմմ աղմկոտ քաղաքից մղոններով հեռու մի վայր է, գյուղի ու ավանի միջև ընկած բնակավայր է, ընդամենը 300 բնակչով։ Հովտի անունը Անտոնը կապում էր գորշ գայլերի հետ, որ քարշ են գալիս մեր անտառում ու ձայները գլուխներն են գցում ողջ գիշեր։

Հովտի բնակիչները երբեք էլ աչքի չեն ընկել իրենց խելքով, մի փոքր առիթ է պետք՝ խուճապի գիրկն ընկնեն, երևույթները կապեն գերբնական ուժերի հետ։ Սնահավատություններն էս գյուղից անպակաս են։ Լիդիան, երբ դեռ խելքը չէր կորցրել, գրի էր առել բոլոր այդ սնահավատ պատմությունները, մի ամբողջ գրքի չափ էր եղել։ Որոշել էինք գյուղից դուրս հանել այդ պատմությունները, տարածել Դոմմում ու մեր գյուղը հետաքրքրաշարժ վայր դարձնել այցելուների համար։

Հովտի տներում երբեք չէին փակում պատուհանները մինչ այն պահը, երբ տարածեցինք դեղնած ոգու մասին պատմությունը, իբր թե գյուղի հին ոգիներից մեկն է, զարթնել ու որոշել է փաթաթվել մարդկանց մտքերին, խավարացնել դրանք։ Գյուղում մանկամիտ Մարկ ունեինք, որ խփնված տատու համար որոշել էր ընկերների հետ գայլի որսի գնալ ու տատու համար գայլի մորթի բերել։ Հետո լուր տարածվեց, թե գայլերը կերել են երեխեքին, իսկ Մարկի տատը անիծել է Հովիտը։ Ոչ մի անեծք էլ չի եղել, Մարկի տատուն հիշում եմ, քթի մեջ ինքն իրեն փնթփնթալով քայլում էր ու հատակին նայում, մեռնելուց առաջ երևի մի հիմարություն դուրս է տվել, սրանք էլ թե՝ անիծել է։

Ոչ մի արտասովոր բան չի պատահել ոչ Բորբոսից առաջ ու ոչ էլ հետո։ Ուղղակի մերոնք չեն դիմացել մտքի հարձակումներին, չեն կարողացել հաղթահարել իռացիոնալ աշխարհի օրենքներին ու էդպես էլ մնացել են մոգականի ու անորոշի արանքում, չեն դիմադրել։ Ես կզարմանայի, եթե իրենց մոտ ստացվեր դա։

Բորբոսից առաջ մի դեպք էլ եմ հիշում, շան պատմություն էր։ Լիդիան ասում էր, որ երեկոյան ոռնոցի ձայն է լսել, բայց վստահ է եղել, որ շունը քաղցից չի ոռնում։ Իր հարևան Սառան իր ներքին հանգստությունը անվերադարձ թողել է տան շեմին ու մտել ներս՝ քաղցած է կենդանին ասելով։

Ու եթե հիմա ինձ հարցնեք, չեմ կարողանա ճշգրիտ ասել, բայց երևի ամեն դեպքում շունը քաղցած չի եղել ու մեկ ուրիշ բան է եղել ոռնոցի պատճառը։

Իսկ հետո, դե գիտեք, Բորբոսը մտել է բնակավայր։

0 comments

Recent Posts

See All

Կապույտ հրաշալիքը՝ Տատս

Կապույտն ամենից առատաձեռն գտնվել է հենց տատիս աչքերի հարցում ու այդ գույնի ողջ նրբությամբ ու երանգներով արդեն քանի տարի է...

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page