top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Helium


Նախաբանից առաջ: Նախապատրաստում


Ակումբցիների համար այդ քարանձավը չափազանց ցուրտ էր ու քարքարոտ: Նրանք սովոր էին բազմել այգիների, փաբերի կամ պարզապես ասֆալտի հարթ մակերևույթներին:

Իրականում նրանք մի հսկայական բազմություն էին կազմում` զինվոր մրջույնների պես, հայտնվել էին քարանձավում շատ պատահական: Չէին տրորում իրար, չնայած որ տարածքը շարժվելու համար նեղ էր, նստելու համար` թաց, միմյանց երեսին նայելու ու ժպտալու համար` մութ, բայց ոչ այնքան մութ, որ երկու ակումբցի կարողանային մյուսներից թաքուն շոյել իրար: Նրանք բոլորը կանգած էին, ձգել էին ոտքերը, իսկ ձեռքերը դրել էին գրպանները ( նույնիսկ նրանք, ովքեր գրպաններ չունեին): Եթե քարանձավի ամենավերևի անկյունից դիտեիք, կտեսնեիք միմյանց միախառնված մազերի տեսականի` կարճ ու կոկիկ, երկար ու ոլորուն, երկար ու արդուկած, խուճուճ ու բրդե: Բոլորի մազերն իրար էին սերտաճել, ու եթե հնարավոր լիներ ճեղքել նրանց արանքն ու բարձրանալ վեր, կարելի էր պառկել, հենվել կամ փռվել մազերի մեջ: Ու նրանք նույնիսկ չէին էլ զգա, որ իրենց գլխավերևում խռմփացնում են ու աջուձախ շարժվում: Այդ օրն ակումբցիների բազմաթիվ գլուխներ միավորվել էին ու վերածվել մի ամբողջական գլխի. դա մի յուրահատուկ ու ծանր համադրություն էր: Մենք այդ արարածի անունը պայմանականորեն Հելիում կդնենք: Ու հետագայում, խոսելով ակումբցիների մասին, կդիմենք Հելիումի օգնությանը` որպես հավաքական մի կերպարի:


Նախաբանը, որտեղ մանրամասնորեն ներկայացված է գլխավոր հերոսը


Հելիումը կազմված է մեկ գլխից, որի վրա կան բոլոր ակումբցիների մազերից քաղվածքներ: Չնայած գլխային համեստությանը` Հելիումն ունի բավականին փարթամ մարմին, որն իր հերթին պարունակում է յուրաքանչյուր ակումբցուց մի մասունք: Սա բավականին գռեհիկ ու կոպիտ է հնչում, բայց հավատացած եղեք` Հելիումն ու ակումբային մասունքները կատարյալ են ու չծիծաղեք, նաև գեղեցիկ: Հելիումը երբևէ պատահած ամենահակասական շնչող մարմինն է, քանի որ նա.

Շարժվում է օրիորդի պես` ոտքերն առաջ է դնում կոկիկ, քայլ առ քայլ, առանց շտապելու:

Պարտադիր վերջում ձգում է ոտքը, որպեսզի ծալված չմնա:

Ծխում է յոթանասունն անց կնճռոտ մարմնով պապիկի պես` խորը հոգոցներ հանելով, ծուխը ներս է քաշում ստիպված ու ծխի քուլաներ բաց թողնելուց հետո նայում է վերև (իսկ թե ում, գիտի միայն նա, ում նայում է):

Ուտում է ուժերի ծաղկման շրջանում գտնվող, մեծ փորով ու ծանր շնչառություն ունեցող տղամարդու պես: Նա բուսակեր է շաբաթվա երկու օրը միայն, իսկ մնացած ժամանակ խժռում է միս: Նա ուտում է լուռ, երբեմն` աչքերը փակ, իսկ ամենավերջում` կերակրային օրգազմ ստանալուց հետո, խորը շունչ է քաշում, դեմքին հայտնվում է հիմար արտահայտություն: Ափսեն իր յուղոտ լեզվով մաքրելուց անմիջապես հետո պառկում է ու վայելում հետօրգազմային հաճելի պահը:

Հելիումն աթեիստ է, չնայած նրան, որ շաբաթը երկու անգամ ( բուսակերության օրերին) այցելում է եկեղեցի, մոմ վառում, աղոթում նրան, ում նայում է վերև` ծխելուց հետո, դուրս է թափում երկու - երեք կաթիլ արցունք ու վերադառնում: Շաբաթվա մեջ չորս օր նա ագնոստիկ է, երեք ժամ` պանթեիստ, մի քանի րոպեով միայն սատանիստ, ժամանակ առ ժամանակ հարում է բուդայականությանը, երբեմն վայելում Դաո դե Ցզի, ու հազվադեպ էլ կարդում է ղուրանը: Այս ամբողջը եթե տեղավորենք շաբաթվա մեջ, կստացվի, որ աթեիստ նա ամենաքիչն է լինում: Բայց նա իր ողջ էությամբ է աթեիստ ու կարևոր էլ չի, թե ինչքան ժամանակ է հատկացնում դրան:

Հելիումը հոմոֆոբ է գիշերները, երբ երազում տեսնում է, որ մի խումբ տղաներ իրար հետ տանգո են պարում: Այդ պահերին Հելիումը զգում է, որ ցանկություն ունի միանալու իրենց, ու հենց այդ ժամանակ է, որ անմիջապես դառնում է հոմոֆոբ, որպեսզի ցրի մտքերն ու կարողանա քնել, այն հույսով, որ գոնե մի անգամ կտեսնի աղջիկների տանգո:

Եթե խոսեմ Հելիումի սեռի մասին, կսպառեմ յոթ հազար բառն ու սա կդառնա հոդված, այլ ոչ թե պատմվածքի նախաբան: Մի խոսքով Հելիումը սեռահասուն տղա է ու սիրահարված աղջիկ միաժամանակ, հղի կին է ու անհաջողակ տղամարդ, գերհոգնած տիկին է ու մաքուր գուլպաներով պրոֆեսոր:

Ախ այդ Հելիումը. հոգեբույժ ու հոգեբան, ճարտարա և' պետ և' գետ, կենսաբան ( այն էլ` մո-լե-կու-լա-յին~) ու լեզվաբան, կայացած ոսկերիչ ու սկսնակ ֆիզիկոս: Գիտի html կոդերը, css, C ++, java script, քառասունից ավելի լեզու` գումարած նաև մեռած լեզուները, նվագում է հինգ թե վեց գործիքներով, ունի բավականին մեծ ձայնային դիապազոն` բաս, բարիտոն, տենոր, ալտ, սոպրանո, կարող է ինքն իրենով եռաձայն խոռ լինել:Բայց ամենաբազմազանը Հելիումի ալտեր էգոներն են. չէ՞ որ նա մի մեծ տակառ է` ակումբցիներով լի: Նա միաժամանակ հունական դիցաբանությունից հերոս է, միջնադարյան եկեղեցական, մեքսիկական բույս է, իտալական քաղաք, ինչ-որ մեկի տպավորությունն է կամ էլ ասենք երկրաչափական պատկերը, ինչպես նաև սատանա, մարգարե, հայրենասեր, գերմանական խումբ, մարդու ու գայլի համադրություն, պրոլետար, այլմոլորակային և վերջապես ազատ մարդ:

Դրսինները երբեմն նախանձում են Հելիումին, ինչ անուն ասես, որ չեն կպցնում: Մյուսները ցանկանում են միանալ նրան ու դառնալ մարմիններից մեկը: Դա տեսականորեն այդքան էլ բարդ չէ: Պետք է ընդամենը հետևել Հելիումին, այնուհետև գաղտագողի մոտենալ ու, ինչպես կասեին վանաձորցիները, կպչել նրա մարմնին, իսկ սերտաճումը լինում է ժամանակի ընթացքում: Հելիումը սկզբնական շրջանում զգում է, որ օտարածին մարմին է հայտնվել իր օրգանիզմում, բայց շատ շուտով համակերպվում է դրան: Պարզապես ամեն անգամ նոր մարմին իր մոտ ընդունելուց հետո նա ծանրանում է, ու այդ փաստն իրեն մի թեթև նեղում է: Չէ՞ որ նա օրիորդի պես պետք է շարժվի:


Պատմվածքի սկիզբ: Այն, որը հաջորդում է նախաբանին:


Քարանձավի լույսերը վառվեցին: Պարզվեց, որ դա բնական քարանձավ չէ, այլ այսպես կոչված փաբ-քարանձավ: Լույսն ընկավ ուղիղ ակումբցիների աչքերին: Նրանք վեր թռան:

Նայեցին շուրջբոլորը. մի քանի փոքրիկ բարձ, աթոռ ու դատարկ թղթեր: Առաստաղը տաս փոքրիկ ու կլոր հայելիներով էր զարդարված: Նրանք նայեցին վեր ու մի քանի վայրկյան պահանջվեց հիշելու համար, թե ովքեր են ու ինչի համար է այս հավաքը: Հետո նայեցին իրար, յուրաքանչյուրը բարձրացրեց իր ունքերից մեկը, կողքի թեքեց բերանը ( այդպես անում են չափազանց մտածկոտ մարդիկ) ու գոռաց.

- գըըըըրողը տանի, մրցու'յթը


Երկու շաբաթ առաջվա հայտարարություն


Պատանեկան գրական մրցույթը տեղափոխվում է քարանձավ: Ժյուրիի անդամները այնտեղ երեք օր սոված մնալուց հետո պարտավոր են կարդալ մրցույթին ուղարկված գործերն ու գնահատել դրանք: Գործն ավարտին հասցնելուց հետո միայն նրանք կստանան ուտելիք, ջուր ու այնտեղից դուրս գալու հնարավորություն: Արգելվում է երեք բան` մոտենալ աջում գտնվող դռանը, պատմվածքները կարդալուց հրել միմյանց ու զրուցել սեքսից, քաղաքականությունից ու կրոնից: Ստուգված պատմվածքները հանձնել քարանձավը հսկող անձնակազմին:


Սիրով` քարանձավը հսկող անձնակազմ


Վերադարձ քարանձավ


Ակումբցիները նայեցին աջում գտնվող դռանը: Կապույտ ու փայտե դուռ էր, ոչ կողպեք ուներ, ոչ էլ բանալու անցք: Ինչ-որ տագնապ կար այդ դռան հետևում: Բայց ժամանակ չկար մտածելու այդ մասին: Վաղուց պետք է գործի անցնեին:


Երկխոսություն, որը պարունակում է մի քանի կոչական ու շփոթմունք


- Բյուր, Գալ, արագացրեք, կոկորդս չորացել ա արդեն: Բացեք թղթերը

- չեմ գտնում, պետք ա որ սեղանին լինեին ( հիշեցում, որ տարածքում սեղան չկար)

- կողքերդ նայեք

- աթոռի տակ

- առաստաղի մեջ

- բարձերի տակ, բարձերի մեջ

- գուցե բարձերի վրա՞

- Արէա'

- Գալ

- Այվ

- դուռը

- խնդրում եմ, միայն ոչ դա

- Լիզ

- Արէա՜

- Արէա՞...

Բոլորը նայեցին ներքև` բարձերին, որոնք կանոնավոր շարժվում էին:

- շնչող բարձեր՞,- մեջբերեց Գալը

- հոգոց հանող բարձեր, - պնդեց Աթեիստը

- հոգեվարքի մեջ գտնվող բարձեր,- հոգոց հանեց Բյուրը

- Արէային կուլ տված բարձեր,- մռթմռթաց Արէան ու բարձերի միջից դուրս հանեց նախ աջ ոտքը, ապա ծունկը, այնուհետև արմունկը, ուսը, վզի աջ հատվածը, բերանը, քիթը: Բոլորը սպասում էին աչքերի երևալուն: Բայց փոխարենը տեսան դուրս եկած բռունցք, որն իր մեջ պահել էր մի քանի գրոտած թուղթ:


Գործի սկիզբը, որտեղ Ռուֆուսը....... է:


Ժյուրին անցավ գործի: Միմյանց հրելով բացեցին թղթերը: Ընդամենը տասը ստեղծագործություն էր: Բոլորը շունչ քաշեցին: Մի քանի րոպե տևեց, մինչև կարողացան իրար մեջ բաժանել թղթերն ու փռվեցին քարանձավի հատակին:

Յուրաքանչյուրին բաժին ընկավ մի պատմվածք: Քարանձավի լռության մեջ շուտով լսվեցին քթի մեջ սվսվացող ձայներ, որոնք արագ-արագ փորձում էին աչքի անկացնել գրված տողերը: Այդ սվսվոցները, նվնվոցներն ու մռթմռթոցները այսպիսի տեսք ունեին.


Կառքում ավելուկով սոուսի հոտ էր տարածվել, կարծես թե ներսում խժռում էին ինչ-որ մեկի անմեղ կերակուրը ....դա մի լխպոր կատու էր` ականջները ցից ու ոջլոտ.....ավելուկի հոտը խառնվեց ժանգի ու արյան հոտի հետ` փչացնելով նրա ախորժակը..... դա պետք է որ նրա հայրը լիներ....ես գերեզման չունեմ, ես աղքատ եմ.... նրանցից ամենամեծը տեսավ թռչող ափսեն իրենց խոհանոցի առաստաղին պտույտներ գործելուց....տիկնիկի ուսերը կպել էին վզին` իր տիրոջ պես..... չնայած գլխային համեստությանը, Հելիումն ուներ բավականին փարթամ մարմին... Այս վերջին տողը պարունակող պատմվածքը բաժին էր ընկել Ռուֆուսին: Նա քորեց դունչը, ևս մի անգամ բարձրացրեց ունքերից մեկն ու շարունակեց կարդալը.


Հելիումը սեռահասուն տղա էր ու սիրահարված աղջիկ միաժամանակ


Ռուֆուսը հուզվեց: Զգաց, որ քրտնել է: Հանեց վերնաշապիկն ու փորձեց առաջ գնալ.


Դրսինները երբեմն նախանձում էին Հելիումին, ինչ անուն ասես, որ չէին կպցնում


Ռուֆուսը նայեց աջ կողմում գտնվող դռանը: Դուռը կարծես թե շարժվում էր: Դա դուռ չէ, անցավ Ռուֆուսի մտքով: Փորձեց չշեղվել ու շարունակեց կարդալը.


Քարանձավի լույսերը վառվեցին: Պարզվեց, որ դա բնական քարանձավ չէ, այլ այսպես ասած փաբ-քարանձավ


Ռուֆուսը տագնապեց: Հնարավոր չէ: Ինչ-որ մեկը խաղ է անում իրենց հետ: Թուղթը թերթեց, որ տեսնի` շա՞տ է մնացել այդ անիծյալ պատմվածքին: Զգաց, որ թուղթը կպել է մատներին, իսկ ներքևի տողերը մշուշի մեջ էին: Հասկացավ, որ ստիպված է ոչ մի տող բաց չթողնել, որպեսզի կարողանա ավարտին հասցնել:


Արգելվում է երեք բան` մոտենալ աջում գտնվող դռանը, պատմվածքները կարդալուց հրել միմյանց ու զրուցել սեքսից, քաղաքականությունից ու կրոնից:


Ռուֆուսը հենվեց պատին, ձեռքով մաքրեց ճակատի քրտինքը, նորից նայեց դռանը` մի փոքրիկ ճեղք էր առաջացել: Նայեց թղթի վերջին տողին.


կապույտ ու փայտե դուռ էր, ոչ կողպեք ուներ, ոչ էլ բանալու անցք: Ինչ-որ տագնապ կար այդ դռան հետևում:


Ռուֆուսը վերջին անգամ նայեց դռանը: Ճեղքից հնարավոր չէր ինչ-որ բան տեսնել, սակայն ճեղքը մի գլուխ լայնանում էր: Հանկարծ նկատեց, որ մի կլոր, մարմնի գույն ու երկու անցք ունեցող քիթ է երևում, որը կամաց-կամաց մեծանում է, առաջ գալիս ու վերածվում դեմքի:

Ռուֆուսի աչքերն արդեն փակվում էին, նա չէր կարողանում շնչել: Վերջին անգամ նայելով ճեղքին` նկատեց մի շատ ծանոթ դեմք` կլորավուն, ակնոցներով ու բարի հայացքով:

Ռուֆուսը ցանկացավ ժպտալ ու բարևել իր հին ծանոթին, սակայն զգաց, որ վերջինիս բարի ժպիտը փոխարինվեց հեգնանքով ու մի չար արտահայտություն ստացավ: Ակնոցավորը ցուցամատը մոտեցրեց շրթունքներին, ճեղքի միջից նայեց իրեն կորցրած Ռուֆուսին ու կարողացավ արտաբերել.

-սսսսսս

Ռուֆուսը վերջնականապես ընկավ գետնին ու.... անհետացավ: Ակումբցիները զբաղված էին գնահատելով ու չնկատեցին Հայկի անհետացումը ( երբ ակումբցին ընկնում է հատակին ու անհետանում, անմիջապես կորցնում է իր ակումբային անունն ու վերածվում մահկանացուի): Այժմ կարող եք մի փոքր վերև գնալ և այն բազմակետերի փոխարեն ինքներդ լրացնել.


Գործի սկիզբը, որտեղ Ռուֆուսը անհետանում է:



Պատմվածքի այն հատվածը, երբ ժյուրին նկատում է իրենցից մեկի բացակայությունը


Այդ ժամանակ Թայգերը մատիտն էր կրծում, Այվին ինքն իրեն հով էր անում թղթերով, Բյուրը բարկացած այսուայնկողմ էր շարժվում, Արէան ինչպես միշտ փռված էր բարձերի վրա, իսկ մյուսները շարքային գործերով էին զբաղված: Նրանք վերջացրել էին պատմվածքների ընթերցումը, երբ նկատեցին գետնին ընկած տարօրինակ թուղթը: Քարանձավի արհեստական լույսն ընկել էր թղթի կենտրոնական մասում մեծ-մեծ տառերով գրված Հելիումի վրա: Լույսը թարթում էր, Հելիումն էլ հետը:

- սա՞ ինչ է,- թուղթը բարձրացրեց Աթեիստն ու գուշակեցիք արդեն, բարձրացրեց նաև ունքերից մեկը:

Ժյուրին հերթով աչքի անցկացրեց կասկածելի քիմիական անունով պատմվածքը, սակայն բացի Հելիում բառից, ուրիշ ոչինչ պարզ չէր երևում: Հետո մի պահ բոլորը քարացան, նայեցին թղթից այն կողմ ընկած շորերի ու կոշիկների կույտին: Ու բոլորի կոկորդից դուրս եկավ նույն արտահայտությունը, կարծես թե նախապես պլանավորել էին միասին արտասանելու.

- Ռռռռռուֆուսը

Բյուրը նայեց դռանը: Առաջվա պես փակ էր` առանց կողպեքի կամ բանալու անցքի: Առաջին անգամ նա վախ զգաց ու մեծ ցանկություն ունեցավ դուրս պրծնելու այդտեղից:


Ո՞ւր անհետացավ Ռուֆուսը: Իսկ ավելի ճիշտ որտե՞ղ հայտնվեց և ու՞մ տեսավ


Թրթռալով երկու աչքեր բացվեցին: Ձախն` ավելի շուտ: Տեղանքում կիսամութ էր: Հայկը սառնություն զգաց ու արյան հոտ: Ձեռքը տարավ դեմքին ու հասկացավ, որ արյունն իր սեփական քթից է: Ջրի չլմփոց լսեց: Մի քանի րոպեից տարածքը լուսավորվեց` այս անգամ բնական լույսով: Սարսափած նայեց շուրջը. քարանձավում էր, իսկական քարանձավում:

Դա մի կրաքարային դատարկ խոռոչ էր` սուր ելուստներով: Հայկը ծանրություն զգաց, կարծես թե ինքն էր իր մեջքին պահում քարանձավը, այլ ոչ թե հակառակը: Զգաց, որ մենակ չէ: Ինչ- որ մեկը հետևում էր իրեն:

- հելիում՞,- ծիծաղեց Հայկը: Դա ավելի շատ անհուսության ծիծաղ էր: Նորից կրկնեց այդ անունը: Նորից ու նորից կրկնեց տարբեր հնչողությամբ, տարբեր լեզուներով, անգամ քիմիական նշանով դիմեց: Մեջքի վրա պառկեց, ձեռքերը դրեց աչքերին, ոտքերով սկսեց քարանձավի հետ հեծանիվ խաղալ ու այլ տարբեր դիրքեր ընդունեց, որոնց ժամանակ չէր դադարում կրկնել.

- հելիում, հե~լիում

- զզվեցրիր արդեն

Հայկը վեր թռավ: Մի՞թե այո: Դա իր ձայնը չէր: Վերջին բառերն ասողը նա չէր: Բայց դրանք իրեն շատ ծանոթ թվացին, այնքան հարազատ էին, որ կասկածեց` գուցե իրոք իր ձայնն է: Ինչ-որ մեկը կամացուկ, ոտնաթաթերի վրա մոտեցավ Հայկին, երկու մատները մոտեցրեց աչքերին, տրորեց դրանք ու կանգնեց ուղիղ դիմացը: Հայկը նայեց եկվորին, հիշեց դռան ճեղքում երևացող դեմքը, ակնոցները, հեգնանքի արտահայտությունն ու վերջին պահին արտաբերած սսսսսս-ն:

Չուկն էր: Հելիումի նախագծողն ու տերը:


Մի փոքրիկ խոստովանություն


- Հայկ, վերցրու սա: Հագնվիր, կմրսես: Լսիր, կներես, որ քեզ վախեցրի այն դռան ճեղքից: Ես հատուկ այնպես արեցի, որ դու վախենաս ու հայնտվես այստեղ: Դռան ճեղքից միայն իմ գլուխը երևաց, բայց ես այնտեղ մենակ չէի: Ինձ հետ էր Հելիումը: Ու դա բնավ էլ դուռ չէր, այլ փոքրիկ վահանակ դեպի վիրտուալ ակումբ: Ձեզ այս երեք օրվա մեջ հետևում էին բոլոր ակումբցիները: Ինչպե՞ս չկարողացաք նկատել դա, ինչ է չէ՞իք լսում մեր ձայները:

Քարանձավը հսկող անձնակազմը մենք էինք: Երկու օրը դուք անցկացրիք քնելով, փռվելով գետնին, զրուցելով ու ողջ գործը վերջին օրվան թողնելով: Վերջին օրը զարթնեցիք շատ ուշ, անգամ չէիք հիշում, թե որտեղ են դրված թղթերը: Ձեզ մի կերպ համոզեցիք ու անցաք գործի: Հայկ, մի դողա, լսիր ուշադիր: Չէ որ նախապես տասդ էլ ստորագրել էիք ու համաձայնվել այդ պայմանին: Դուք բոլորով ասացիք` ի՞նչ է որ, երեք օր է, աչքերս կթարթենք, կանցնի:

Չուկը լռեց: Խորը շունչ քաշեց ու շարունակեց.

- Ես Հելիումին պատահաբար չեմ ստեղծել: Դա մտածված քայլ էր` միավորելու իրար բազմաթիվ մարմիններ ու մեկ ամբողջական բազմակողմանի զարգացած մարմին ստանալ: Դա մեզ բոլորիս էլ պետք էր: Հիշու՞մ ես նախաբանից առաջ նկարագրված քարանձավը, որտեղ ակումբցիները զինվոր մրջյունների պես շատ էին ու իրար գլխի հավաքված: Այդ ժամանակ դեռ Հելիումը չէր ստեղծվել: Այդ ժամանակ նրանք առանձին էին ու պատրաստվում էին միավորվելու: Հետո եկավ Հելիումին նկարագրելու պահը: Երկու ժամ միայն ծիծաղում էի, երբ կարդացի այդ հատվածը:

Չուկը ժպտաց:

- Զարմացած ինձ ես նայում, Հայկ: Հիմա այն ինը փաբ-քարանձավում մեռնում են սովից ու սպասում, թե երբ են ազատելու իրենց: Երևի մի տաս անգամ կարդացել են պատմվածքները` ձանձրույթը ցրելու համար: Հիշիր` կրոնից, սեքսից ու քաղաքականությունից խոսելն արգելվում է: Պարզ է, չէ՞, որ ձանձրալի կլինի: Ու հավանաբար մի քանի անգամ արդեն գնահատել են պատմվածքներն ու սպասում են: Ոչ մեկի մտքով չի անցնում կոտրել փայտյա դուռը: Կամ դուրս գալ ուրիշ ճանապարհով, ասենք կոտրել առաստաղը, հատակը: Նրանք ոչ մի քայլ չեն անում այդտեղից դուրս պրծնելու: Այլ սպասում են բարի դեմքով մարդուկին, որ գա ու հանի իրենց:

- Չուկ, դադարեցրու: Այնպես արա, որ նրանք էլ այստեղ հայտնվեն: Հետո բոլորով տուն գնանք: Հոգնեցնող է այս ամենը

- Սպասիր մի քանի րոպե: Քանի՞ պատմվածք է եկել

- Տասը

- Քանի՞սն եք հավանել

- Չգիտեմ, ես հասցրի միայն մեկը կարդալ: Ու նույնիսկ չհասցրի գնահատել

- գիտե՞ս ինչ, Հայկ:

Չուկը վարանեց խոսել

- Հմմմ

Չուկը շարունակեց վարանելը

- Դուք իրականում խախտել եք պայմաններից մեկը` չէր կարելի հրել միմյանց

- Չէր կարելի հրել միմյանց պատմվածքները կարդալիս,- մեղմ խոսեց Հայկը

- Ոչ, դու հորինեցիր դա: Չէր կարելի հրել միմյանց ու վերջ: Ինչպե՞ս կարող ես հակառակն ապացուցել

- Բայց դա գրված էր: Հայտարարության մեջ

- Հայտարարությա՞ն: Այն մեկը, որը պատմվածքի մե՞ջ էր: Ինչպես կարող ես ինձ ցույց տալ այդ հայտարարությունը, եթե դա գրված էր միայն այն վերջին պատմվածքի մեջ, որը Հելիումի մասին էր պատմում: Իսկ այդ պատմվածքը քեզ մոտ չէ, թողել ես այն մյուս քարանձավում: Մոռացա՞ր, ինչ է

- Սրիկա ես

- Ներիր, բայց ստիպված եմ այդպես վարվել: Հելիումը ծանրացել էր վերջին շրջանում, այլևս չէր կարողանում շարժվել, մոտը ստամոքսային խնդիրներ էին առաջացել, մազերը սպիտակել էին, շնչառությունը` վատացել: Բժիշկն ասաց, որ հերիք է ընդամենը տասը մարմին պոկել վրայից ու ամեն ինչ առաջվանը կլինի: Ես չէի ուզում, որ այդպես լիներ:

- Հենց մե՞զ պետք է ընտրեիր, հա՞:

- Երբ Այվին հայտարարեց մրցույթն ու դուք անմիջապես համաձայնվեցիք ժյուրի լինել, ես հասկացա, որ դա հիանալի առիթ է: Դուք եք Հելիումի ամենածանր մարմինները: Ձեզնից ազատվելով` ես կլուծեմ բազմաթիվ խնդիրներ, Հելիումն առաջվա պես կկարողանա օրիորդի պես շարժվել, հանգիստ շնչել, ժամերով սոված մնալ ու ստամոքսում չունենալ ոչ մի ցավ:

- հիմա ի՞նչ է պատահելու

- Ոչինչ, Հայկ: Դեպի ակումբ մուտքը փակվում է ձեզ համար ընդմիշտ: Կգնամ այնտեղ, կվերցնեմ դռան տեսք ունեցող վահանակն ու Հելիումի հետ միասին կվերադառնամ:

- Իսկ մենք՞

- Այն ինը կմնան քարանձավում, աստված իրենց հետ: Թող տեսնեն իրենց գլխի ճարը: Դու կմնաս այստեղ` իսկական քարանձավում: Կարող ես դուրս գալ, անհնար չէ դա: Մի քանի օր շարունակ առաջ քայլիր, հետո թեքվիր աջ ու կտեսնես ելքը:

- Սպասիր Չուկ

- Ի՞նչ է

- Սրիկայություն է արածդ: Ես Հելիումին վարի կտամ: Կտեսնես: Մենք, տասով: Հո ընդմիշտ փակված չենք մնալու

Չուկը ակնոցի տակից տրորեց աչքերը, վերջին անգամ ժպտաց, մի թեթև հազաց ու վերջնականապես անհետացավ:


Պատմվածքի վերջը. Օրեր անց


Թեմա. Պատանեկան գրական մրցույթ

Ակումբցի- Ժող՞, էս մրցույթն ինչ եղավ: Այվ՞ :/

Թեմա. Կորած ակումբցիներ

Ակումբցի- Ռուֆուսը չկա էս քանի օրը: Խաբար ե՞ք ինչ ա եղել: Մանու, դու էլ տեղյակ չե՞ս

Ակումբցի 2- Հա, Բյուրն էլ չկա: Ի՞նչ ա կատարվում

Ակումբցի 3- Ժող, բա Չուկը: Չու՞կն ուր ա ...

...

Հելիումի վիճակը գնալով ծանրանում է: Վաղուց արդեն ստամոքսի խոց ունի, ցածր ճնշում, գունատ է ու դողում է: Կործանման եզրին է:

...


***

Վերջաբան


Կներեք, որ այդքան էլ պատմվածքի տեսք չունի: Վաղուց ցանկություն ունեի այսպիսի բան գրելու: Հուսով եմ իրականում Չուկը Հելիումից երբեք չի փորձի միանգամից մի քանի մարմին պոկել: Եվ իհարկե կներեք ավելորդ ծաղրի համար:


Ու չհարցնեք՝ ինչո՞ւ հենց Հելիում:


Պատմվածքը նվիրվում է ակումբցիներին

0 comments

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page