Կապույտը բարձրադիր լճերի, անամպ երկնքի, երեկ գիշեր տեսածս երազի ու մեկ էլ տատիս աչքերի գույնն է: Բայց կապույտն ամենից առատաձեռն գտնվել է հենց տատիս աչքերի հարցում ու այդ գույնի ողջ նրբությամբ ու երանգներով արդեն քանի տարի է բնակություն է հաստատել այնտեղ: Երբ ուզում եմ ինձ պատկերացնել կապույտ լճակում, նայում եմ տատիս աչքերի մեջ, երբ ուզում եմ դուրս գալ կապույտ լճակից ու կապույտ առաստաղով տնակում հանգիստ առնել, էլի նայում եմ տատիս աչքերի մեջ: Այնտեղ ամփոփված է ինձ անհրաժեշտ իրերով ու երևույթներով լցված մի ամբողջ կապույտ աշխարհ:
- Տատ, Վերբերի գիրքը վերջացրի՞ր
- Դեռ կարդում եմ, երկու պատմվածք է մնացել
Երբ տանը կրակոցների ու շփոթված քննիչների ձայներ են լսվում, ուրեմն տատս ֆիլմ է նայում, երբ հեռախոսի զանգը նույնիսկ չորրորդ անգամից արհամարհվում է, ուրեմն տատս ֆիլմի մեջ է ու քննիչների հետ միասին փորձում է սպանությունը բացահայտել: Երբեմն իրենցից շուտ է գտնում մարդասպանին, երբեմն մինչև վերջ էլ չի կարողանում հավատալ, որ իր վստահելի հերոսը կարող էր սերիական մարդասպան դուրս գալ վերջում: Եթե նույնիսկ աշխարհի բոլոր տատերը՝ մի գավաթ սուրճ, տաքուկ անկողին ու երկար սպասված սերիալ, ապա իմ տատը՝ դատաքննություններ, առեղծվածներ, Բորխեսի պատմվածքները ու թենիսի առաջնությունը: Հենց ինքն է՝ տատս՝ ժամանակի հետ համերաշխ ապրողը, ժամանակի թևը մտածն ու իր հետ հավասար քայլեր անողը: Տատս այս տարիքում չորս տարերքներից միայն հողի հետ չի հաշտվել ու երբեք չի էլ հաշտվելու, որովհետև տատս դեռևս թռչել գիտի օդում, լողալ գիտի ջրում ու պար գալ գիտի կրակի շուրջը: Տատս տարերքներին իր ձեռքի մեջ պահել ու բաց չի թողնում, տատիս անմահությունը այն նոր՝ հինգերորդ տարերքն է սահմանում:
- Տատ, Բեթհովենի սիմֆոնիաներից ո՞ր մեկն ես ամենաշատը սիրում:
- Բոլորն էլ լավն են, դու ավելի լավ է Շուբերտի անավարտ սիմֆոնիան լսիր, ոնց որ Բեթհովենը գրած լինի:
- Տատ, էս ի՞նչ երաժշտություն է, կհիշե՞ս (հեռախոսովս Վագներ եմ միացնում):
- Վագներ չի՞, առաջին նոտայից պարզ էր արդեն:
- Իսկ սա՞ (մեկ այլ, բայց ժամանակակից երաժշտություն):
- Տեղյակ չեմ, բայց ոնց որ 15-րդ դարի սիրային բալլադ լինի
Տատիս կապոյտ աշխարհը այնքան բաց ու անսահման է, որ ցանկացած երևույթ անմիջապես անցնում է գոյություն չունեցող դարպասների կողքով ու հայտնվում է տատուս աշխարհի խորքերում, որտեղ դեռևս ակտիվ են գրունտային ջրերն ու աղբյուրները, որտեղ բուսական ու կենդանական աշխարհը դեռ շարունակում է սնվել տատիս երիտասարդությամբ ու որտեղ երկրաբանական գործընթացները դեռևս ընթացքի մեջ են, որովհետև տատս երիտասարդ մայրցամաք է, արթուն հրաբուխ է ու մեծ անկում ունեցող գետ: Տատս իր կապույտ աշխարհի հեղինակն ու ստեղծագործությունն է: Իր կապույտ աշխարհում տատս հասցնում է մեզ իր համեղ խոհանոցից բաժին հանել ու իր անսահման իմացությունից կիսվել մեզ հետ, տատս համ մեզ է խնամում, համ իր կապույտ աշխարհը, տատս երկու աշխարհներում է ապրում ու երկուսի մասին էլ միաժամանակ հոգ է տանում: Տատս երկու աշխարհները հավասարակշռության մեջ պահողն է, տատս այդ երկու աշխարհների միջև եղած անցումն է ու կապը, տատս այդ երկու աշխարհների համատեղ գործունեության արդյունքն է: Ու մի առանձին աշխարհ էլ տատս ինձ համար է:
- Տատ, էդ ի՞նչ գիրք է, առաջին անգամ եմ տեսնում:
- Հիպնոսի մասին է:
- Վերջացնես, կտաս կարդամ էլի:
- Անպայման:
Տատս հրաշալիքների հրաշալիքն է:
Comments