Դա ցեխը չէր լպրծուն ու թաց:
Անձրևի չլմփոցը չէր ամեն վայրկյան վեր թռցնում ու ստիպում արագացնել քայլերը:
Ու ոչ էլ սղլիկ ու անհարթ գետինն էր, որ ցավեցնում էր ոտքերը:
-Պայմանավորվեցինք: Ով շուտ վերջացնի` կստանա կոշիկը:
Հինգ զույգ ձեռքեր անցան գործի: Արգելված էր իրար երեսի նայելը: Աչքերը պարտադիր փակ` ասել էր իրենցից ամենաբոյովն ու մորուքավորը: Չէր կարելի ավելորդ շարժումներ անել, նայել կողքիններին կամ սեփական գործին:
Սպիտակ բեղավորն ամենաշատն էր ուզում հասնել ցանկալի արդյունքի: Ցեխոտ կոշիկների կարիքն ինքն ամենաշատն էր զգում: Հոգնել էր ոտքերի ու սուր քարերի անմիջական հպումից, զզվել էր ջրի ու ցեխի միաձուլումից առաջացած ճպճպոցից, իսկ խոնավությունն արդեն ոչ մի կերպ չէր կարող հանդուրժել: Հարկավոր էր, որ նա ամենաուշադիրը լինի, չկորցնի պահը, չխախտի կանոններն ու ժամանակին հասցնի:
Բայց ո՞վ չէր հոգնել փողոցային սառը հատակից:
Հինգ զույգ ոտքեր իրար չէին զիջում դողալու ու սրթսրթալու իրենց հմտությամբ:
Մի քանի կոշտացած ձեռքեր շարժվում էին մեծ բավականությամբ:
Իրենցից ավելի խորամանկները դիմում էին մտքի օգնությանը:
Չէ՞ որ արգելված չէր երևակայությամբ աշխատել:
Կարևորը ցանկալի արդյունքն էր` հնարավորինս շուտ ու արագ:
Փողոցի կենտրոնում դրված էր ցեխից պլպլացող մի զույգ երանություն` սև ու մաշված:
Շուրջբոլորը հավաքվել էին հինգ սառածները:
Հինգ անկուշտ ցանկություն` ինչքան հնարավոր է շուտ վերջացնել: Ոտքերը թմրել էին, կոշտուկները սպասել չունեին, համբերությունը վաղուց արդեն բաժակի մեջ սառույցի կտորի էր վերածվել: Շարժվել էր պետք, պետք էր աշխատեցնել ամբողջ միտքն ու երևակայությունը, հասնել էր պետք կենտրոնում դրված ցանկալի պլպլանին:
Ոչ մեկն էլ հստակ չէր հիշում, թե իրենցից ով առաջարկեց նման միտք: Կոշիկը չէին կարող կիսել հինգ մասի, բայց ոչ էլ կարելի էր թողնել աղբանոցում նետված: Կոշիկը պետք է պատկաներ մեկին: Հինգ զույգ ոտքից գոնե մի զույգը պետք է զգար տաքություն, գոնե մեկնումեկը նրանցից չպետք է սառեր վերջնական: Իսկ երկար մտածելու ժամանակ չունեին: Պետք է ընտրեին կոշիկը ստանալու ամենահարմար եղանակը: Ամենաարագն ու տղամարդկայինը:
Ձգձգվում էր:
Ինչ-որ մեկը անջատել էր նրանց` ժամանակին կուտակած բոլոր կեղտոտ ու արգելված պատկերներն ու տեսարանները: Բոլորի մտքում միայն մի շարժում էր երևում` ոտքեր, քայլող ոտքեր ու կոշիկ: Տաք կոշիկ: Չսառած ոտքեր:
-Տղերք, հերիք է` այդ հինգից մեկի ուժասպառ ձայնն էր:
Պատասխան չկար: Չէր կարելի բացել աչքերն ու կողքերը նայել: Չէ՞ որ պայմանավորվել էին: Պետք էր ավարտին հասցնել` ինչ գնով էլ որ լինի:
Փողոցի անկյունում լսվեց կանացի անզուսպ ծիծաղ: Ծիծաղն անցավ հինգ զույգ սառցակալած ականջով ու լցվեց կենտրոնում դրված մուգ ու ցեխոտ կոշիկի մեջ:
Կարելի էր օգտվել ծիծաղից, դա էլ արգելված չէր: Բայց տաք ու կոշիկով պատված ոտքերը ծիծաղն արձագանքում էին որպես մանկական խաղահրապարակից եկած ձայն: Ոչինչ չէր ստիպում նրանց ընկալել ծիծաղն այն վիճակով, որը պետք էր արդյունքի հասնելու համար:
Այս մեկն էլ ձախողվեց: Պետք էր այլ տարբերակ գտնել:
Հինգ զույգ լսողություն փորձ արեց որսալ շրջակայքի ձայները: Ոչ մի ցանկալի ձայն: Բոլոր ձայները լցվում էին կոշիկի մեջ ու հակառակ ազդեցությունը թողնում հինգ ձանձրացած ու հոգնած մրցակիցների վրա: Ձեռքերն արդեն թմրել էին: Շարժվել չէին կարողանում: Տղերք հերիք է գոռացողը պառկած էր տաք ավազին ու վայելում էր տաք ջրի մեջ դրված ոտքերը: Աչքերը փակ չէր էլ զգում, թե ոնց է սառը ցեխը մտնում մաշկի մեջ ու ներծծվում ամբողջ մարմնում:
Փողոցում մի շուն էր ձայնը գլուխը գցել:
Իսկ ո՞վ կհամարձակվեր օգտվել այդ անմեղ արարածի արձակած ձայնից:
Բոլորն էլ համարձակվեցին: Բայց հաչոցը տաք գարնան ու մեղուների տեսք ընդունելով անցավ այդ հինգի կողքով` թեթևակի դիպչելով ուսերին ու նորից լցվելով ցեխոտ կոշիկի մեջ:
Հիմա էլ ոչինչ չէր կարող ստիպել նրանց ստանալ ցանկալի իրը:
Իսկ շան հաչոցն ավելի ու ավելի էր մոտենում` նմանվելով մի սատկած բզեզի` ծաղկից ծաղիկ թռչելուն:
Քրտինքի տասնյակ կաթիլներ հոսում էին հինգ սառույց դարձած մարմիններով` ամեն մի կաթիլը յուղի պես ծանր: Կարծես ձյութով պատված լինեին: Շնչառությունն ավելի էր անկանոն դառնում: Լսվում էին ոտնաձայներ, կանացի ծիծաղն ավելի ու ավելի էր մանկական խաղահրապարակ հիշեցնում, իսկ շունը…..մի գլուխ բզզում էր ու կոշիկներ հագած ծաղիկներով վազվզում:
Մի ուժասպառ էլ պառկեց տաք ավազին ու ցեխի բաժին դարձավ:
Մնացին երեքը:
Կարող էին սառել հենց այդ դիրքում քարացած` կենտրոնում թողնելով երբեք իրենց չպատկանող կոշիկը:
Իսկ շունն արդեն հոտոտում էր մաշված իրը: Լեզվով փորում էր ներսում եղած մեղուներին: Թաց մռութով ներս էր խցկվում կոշիկի մեջ ու մանկական ծիծաղը սուր ատամներով դուրս հանում այնտեղից:
Խաղահրապարակը վերացավ տեսադաշտից ու երեք զույգ աչքեր թրթռալով բացվեցին: Դադարեց ձեռքերի շարժումը: Կարողացան ընկալել միայն հեռվից երևացող շանը` բերանում այդքան սպասված տաքությունն ու երանությունը: Հենց այստեղ էր, որ ականջներին հասավ կանացի փռթկոցն ու տեսան գետնին փռված երկու սառածներին:
Անձրևի չլմփոց:
Շնչակտուր վազք ` հասնելու շանն ու խլելու նրանից իրենց միակ փրկությանը:
Վազելու պահին էր, որ վերակենդանացան բոլոր այն պատկերներն ու մոռանալով իրենց տարերքի մասին` փռվեցին ցեխոտ փողոցի կենտրոնում` ականջները սրած կանացի փսփսոցներին ու թպրտալով ցանկությունից:
Շունը փախչում էր` բերանում պահելով դատարկված կոշիկը:
Կարծես թե նրա հետևից էին ընկել բոլոր մեղուներն ու սատկած բզեզները, որոնց ինքը լեզվով դուրս էր հանել այն տեղից, որտեղ պետք է լինեին այն հինգից մեկնումեկի սառած ու մերկ ոտքերը:
Ու այդ ցեխը չէր լպրծուն ու թաց
Անձրևի չլմփոցը չէր ամեն վայրկյան վեր թռցնում ու ստիպում արագացնել վազքը
Ու ոչ էլ սղլիկ ու անհարթ գետինն էր, որ ցավեցնում էր թաթերը:
Comments