Երկսայր մկրատն ընկած էր սենյակի փոշոտ հատակին: Երկու ծայրերն էլ ժանգոտ էին: Դեպի սենյակի ելքն ուղղված ծայրին մի երկու կաթիլ արյուն կար: Սեղանի տակ դրված հաստափոր գրքերը ծածկված էին դեղնավուն կտորով:
Սենյակից եռացրած սպիրտի հոտ էր գալիս: Երկու ոտքեր առանց դադարի ցնցվում էին: Դրանից զսպանակների ձայն էր գալիս: Կտկտոց: Աթոռին նստած էր ինքը՝ ածելիով մարդը: Մեջքը կոր էր: Երկու թիակներն էլ դուրս էին թռել: Վզի հետևում կոշտուկներ կային: Ձեռքին ածելիներն էին: Սենյակում ոչ ոք չկար: Միայն Ածելիավորն էր: Սեղանին խոհանոցային դանակներ էին:
Դանակներից մի երկուսի վրա հացի փշրանքներ կային: Ածելիավորը երբեք չէր օգտագործում դանակներ: Նրան բավարարում էր մկրատի երկսայրությունը: Հետո, երբ մկրատները ժանգոտեցին, նա որոշեց ածելիներով յոլա գնալ:
Նա վերցրեց հատակին ընկած մկրատը: Խնամքով մաքրեց երեք կաթիլ արյունն ու դրեց դանակների կողքին: Սեղանն ամբողջությամբ քերծված էր: Նա միշտ ստիպված էր լինում սեղանի վրա փորձարկել ածելիները, քանի որ ուրիշ հարմարանք չկար: Իսկ հատակը վաղուց անպիտան էր դարձել:
Սեղանի ծայրին ասեղներ ու քորոցներն էին: Դրանք էլ երբեք նա չէր օգտագործում: Ասեղների մեջ սպիտակ թելեր կային: Թելերն իրեն հիշեցնում էին մայրիկի պատրաստած բլիթները: Համեղ բլիթներ էին, բայց սարսափելի աղի:
Քորոցների գլուխները տարբեր գույների էին: Սենյակն էլ դատարկ էր: Ներսում միայն Ածելիավորն էր: Մկրատն էլ հատակին ընկած էր՝ վրան մի երկու կաթիլ արյուն: Ածելիավորը բարձրացրեց գլուխը: Դեմքը ծամածռված էր: Բերանի ծայրերից անգույն հեղուկ էր հոսում: Դեն նետեց ածելիները: Վերցրեց մկրատն ու սրբեց արյունը: Դուռը բացվեց: Ներս մտավ սևամազ մի արարած: Վախեցած էր:
-Եկա՞ր:
Ածելիավորը նայեց Սևամազին: Արարածը հատակից վերցրեց մկրատն ու դրեց սեղանին: Հետո պտտվեց սենյակով մեկ: Ածելիավորը մաքրեց արյունն ու բարձրացավ աթոռից:
-Ու՞ր են ածելիներդ,- հարցրեց Սևամազը
-Սեղանին են: Այսօր էլ ոչինչ չստացվեց:
-Իսկ մկրա՞տը
-Գրողը տանի դրան
Ածելիավորը սկսեց անհանգիստ շարժումներ անել:
-Նորից նույն գործի վրա՞ ես,- կրկին հարցրեց Սևամազը
Ածելիավորը չպատասխանեց: Հետո ասաց.
-Ինձ պետք է ևս մի լիտր
-Նորից ե՞ս
-Հա
Սևամազի աչքերը կարմրեցին:
-Դա հաճելի չէ՞,- հարցրեց Ածելիավորը
-Երբեմն ցավոտ է: Ախր դու որտեղից կիմանաս: Էդ անտեր ածելիներդ:
-Պետք է: Իսկ ես չունեմ:
-Այն տղային օգտագործիր
-Ջո՞նիին: Նա դեռ ինձ պետք է:
Սևամազը չխոսեց: Ածելիավորը սկսեց նորից սեղանը քերծել: Ածելիները ձեռքերի մեջ կոտրվում էին, մի քանիսն էլ այս ու այն կողմ էին ընկնում: Սեղանի ոտքերը շարժվում էին: Սեղանից եկող ձայնն ազդում էր Սևամազի նյարդերի վրա: Ածելիավորը նորից ցնցում էր ոտքերը, իսկ ածելիները մեկը մյուսի հետևից դուրս էին թռչում: Սևամազը հավաքում էր դրանք հատակից ու նորից տալիս էր Ածելիավորին:
-Բավակա´ն է: Մի´ ձգիր:
Ոտքերը դադարեցին ցնցվել: Ածելիավորը զգուշությամբ բռնեց ածելիներից մեկը: Սենյակում անմարդկային ծղրտոց լսվեց: Սեղանին դրված մի քանի բաժակներ լցվեցին կարմիրով: Մի քանի կաթիլ ընկան դանակների վրա: Ածելիավորը սրբեց դանակների արյունը, դրանց հետ միասին նաև հացի փշրանքները: Սևամազը կուչ էր եկել սենյակի ծայրում: Ածելիավորն իր գործով էր զբաղված: Սևամազն անձայն հեկեկում էր: Ածելիավորը եղունգներով սեղանին էր խզբզում: Սևամազը լռեց:
-Սա վերջի՞նն է,- հարցրեց
-Երևի: Եթե այն գրողի տարած շունը չլիներ:
Սենյակից շան հաչոց լսվեց: Ածելիավորը վերցրեց ածելիներից մեկը և հարձակվեց շան վրա: Սենյակում արյան հոտ տարածվեց և մի բրդոտ գլուխ գլորվեց հատակով մեկ:
-Շու՞նը
-Հա, շուռ էր տվել ապակե բաժակը: Արյունը թափվել էր: Նորից պակասել էր: Զզվելի շան գլուխը:
Սևամազն անթարթ նայում էր այն կետին, ուր քիչ առաջ շունն էր:
-Ես չեմ կարողանում-, գոռաց Ածելիավորը,- այս ամենն ապարդյուն է, ոչինչ չի ստացվում: Մկրա՜տը, տեսնու՞մ ես, նորից հատակին է: Զզվելի´, զզվելի´ ածելիներ:
Սենյակից լսվեց լացող երեխայի ձայն:
- Կտրի´ր դրա ձայնը
Ոտքերը նորից ցնցվեցին: Ածելիները դուրս թռան ձեռքերից ու լսվեց մանկական ծղրտոց:
Սևամազը դեռ սենյակի ծայրում էր
-Ի՞նչ ես անում այդտեղ կուչ եկած,- հարցրեց Ածելիավորը:
Սևամազը չէր խոսում:
-Դե լավ, այսօր այդքան էլ չեմ ցավեցրել, գրողը ձեզ տանի, ինձ պե´տք է դա, ավելի´, քանի ձեզ: Ինչպես չեք հասկանում:
Ածելիավորը վերցրեց ածելին, մոտեցավ Սևամազին: Ձեռքերի մեջ սեղմեց այն: Հետո բացեց ափը:
-Տեսնու՞մ ես: Չկա
Սևամազը մոտեցավ սեղանին: Վերցրեց փոշոտ մի տուփ: Բացեց այն: Տուփի մեջ սև մազիկներ կային:
-Թարթիչներ են,- արագ վրա տվեց Ածելիավորը
-Սրա՞նք ինչ ես անում
-Լրացնում են
-Լիտրե՞րդ
-Չես կարող ասել
Սևամազը փակեց տուփը:
-Մազեր հարկավո՞ր չեն
-Գրողը տանի դրանց
-Բայց ինչու՞
-Մազե՞րն ինչ եմ անում: Այ իսկ թարթիչները… լիտրերով…հասկանու՞մ ես
-Չէ´
-Լռի´ր
-Ինչու՞ ես Ջոնիին խնայում
-Թարթիչները նրանն են
-Իսկ արյու՞նը
-Ես Ջոնիին տեսա լոգարանում: Մերկ: Ածելիները դողացին… դե չկարողացա
Սենյակ մտավ տասներեքամյա կարճահասակ մի տղա: Մոտեցավ Ածելիավորին:
-Թարթիչները… Վերադարձրու´
-Կորի գրողի ծոցը
-Թարթիչներն իմն են: Տուփն էլ: Հասկացա՞ր: Հիշու՞մ ես թելերը, հացի փշրանքները:
Ածելիավորն ընկավ աթոռին: Ջոնին քայլում էր սենյակով մեկ:
-Ինչու՞ լոգարան եկար:
Ածելիով մարդը լուռ էր: Ջոնին հանկարծ նկատեց սենյակի անկյունում կուչ եկած Սևամազին:
-Սա նորի՞ց այստեղ է
Մոտեցավ նրան: Սևամազը ցնցվեց:
-Արի այստեղ: Հանգի´ստ թող նրան,- գոռաց Ածելիավորը:
Ջոնին անթարթ նայում էր Սևամազին:
-Ես քեզ պետք չէի՞
Սևամազը վայրի շարժումներ էր անում
-Պատասխանիր, ես քեզ պետք չէի՞
-Հանգի´ստ թող նրան,- նորից գոռաց Ածելիավորը:
Ջոնին մոտեցավ սեղանին: Վերցրեց դանակներից մեկը:
-Իսկ ու՞ր են փշրանքները
-Չկան: Մաքրվել են:
-Ինչու՞
-Գրողը տանի, հիմար հարցեր ես տալիս:
Ջոնին վերցրեց ասեղները:
-Դիր տե´ղը- գոռաց Ածելիավորը
Ջոնին սպիտակ թելերն առանձնացրեց ասեղներից: Ածելիավորը սուր ձայն արձակեց:
-Ի՞նչ ես անում:
-Սսս, սրանք հետս կվերցնեմ: Դեմ չես, չէ՞
-Թելե՞րն ինչ ես անում
-Իսկ դու արյու՞նն ինչ ես անում… մեկ է, նույնն ես, նույն ածելին: Իսկ թելերն ինձ մայրիկիս են հիշեցնում: Նա բլիթներ էր պատրաստում: Համեղ էին, բայց չափից դուրս աղի: Նա բլիթները թելերով էր պատրաստում: Իսկ մենք ոչինչ չէինք զգում: Մի անգամ էլ թելերի փոխարեն ասեղներ էր լցրել: Երևի սխալմամբ… չգիտեմ: Դու հիշում ես, չէ՞
-Ձայնդ կտրի´ր, Ջոնի
-Բայց ինչու՞
-Դու ամեն ինչ կփչացնես: Ջոնի, տես, մնացել է ընդամենը մի բաժակ: Հասկանու՞մ ես: Տուր թարթիչները
-Դրանք էլ չկան: Վառվել են: Լոգարանում: Ինչ է, մոռացե՞լ ես:
Ջոնին վերցրեց ածելիներն ու մոտեցավ Սևամազին:
-Դու սրանք մոռացել էիր լոգարանում: Երևի սխալմամբ
-Հանգիստ թող, գնա´
-Չէէ… Ինչի՞ համար էին ասեղները: Պատասխանի´ր
-Ես քեզ ատում էի: Ես քեզ միշտ եմ ատել: Դու ինձ համար ոչինչ էիր: Դու ինձ պետք չէիր:
-Ինչի համար էին թելերն, ասա´
-Ինչ է, դու դեռ չե՞ս գուշակել: Մի՞թե լոգարանում չհասկացար, թե ինչու
-Լռիր,- գոռաց Ջոնին:
Սևամազն ընկավ հատակին:
-Իսկ այն դատարկ բաժա՞կը,- հարցրեց Ջոնին
-Դու ինձ կօգնես, չէ՞,- ասաց Ածելիավորը
Ջոնին ծիծաղեց:
-Ե՞ս: Ախր դու չգիտես: Տուր ածելիներիցդ մեկը: Դու պետք է համոզվես:
Ածելիավորը տվեց նրան ամենասուրը: Ջոնին ձեռքի մեջ սեղմեց ածելին: Հետո բացեց ափը:
-Տեսնու՞մ ես: Ես էլ չունեմ: Չկա: Այդ զզվելի թելերը…
-Չի կարող պատահել
-Հիմա դու կորած ես: Ածելիի´ կտոր:
Ջոնին հարվածեց սեղանին: Ապակե բաժակները թափվեցին: Կարմիրն էլ հետը: Ածելիավորը սարսափից քարացավ:
-Ի՞նչ արեցիր…
Սենյակից դուրս ջրի ձայն լսվեց:
-Ջոնի,- լսվեց մի ծանոթ ձայն:
-Պիտի գնամ: Կանչում է: Կգաս: Ես նորից մերկ կլինեմ: Ածելիները կդողան: Հասկացա՞ր:
Ջոնին դուրս եկավ սենյակից: Ածելիավորը նայեց կոտրված բաժակներին: Հետո նայեց դռանը: Սպասում էր: Մի քանի րոպեից լսվեց Ջոնիի ձայնը: Ածելիավորը դուրս եկավ դռնից: Սենյակից եռացող սպիրտի հոտ էր գալիս…
***
Սեղանին դանակներ էին, ասեղներ ու կարմիրով լցված բաժակներ: Սենյակում էլ ոչ ոք չկար: Միայն ածելիավորն էր: Մեջքը կոր էր: Թիակներն էլ դուրս էին ընկած: Սեղանն էր քերծում: Ոտքերն էլ ցնցվում էին: Հատակին էլ ընկած էր երկսայր մի մկրատ՝ վրան մի երկու կաթիլ արյուն:
***
Սենյակի դուռը բացվեց: Ներս մտավ սևամազ մի արարած…
Comments