Անցորդ ես, անծանոթ աշխարհից: Երեկ պատահաբար տեսա, որ ծովի ալիքներին այլ կերպ էիր նայում. մի տեսակ ծովից հայացքդ անմիջապես երկինք էր սահում: Տեղացիները երբեք այդքան համեստ հայացքով չէին դիտի հորիզոնը: Իսկ երկնքին ընդհանրապես չէին նայի, միայն, որ կողքի կանգնածին եղանակի մասին հուշեն: Իսկ դու, անցորդ, մտածում էիր, թե ջուրը քեզ չի հասկանում: Ձեռքդ անգամ դողում էր ծովին դիպչելիս:
Ասում ես` ինձ այստեղ չեն հասկանում, այստեղ ծով կա ու մի աշխարհ երկինք` գլխավերևումդ: Այստեղ, ասում ես, ալիքների լեզուն հասկանում են, ու բողոքում ես, որ մի քանի ժամ շարունակ սոված ու ծարավ թափառել ես ափով մեկ, բայց ջուրն այդպես էլ չի հասկացել, որ ցավի տեր ես, որովհետև ջուրը չի հասկացել քո լեզուն: Գիտես չէ, նրանք, ովքեր հասկանում են իրար, զրկվում են միմյանց տարբերությունը զգալու հաճույքից, դիմացինի յուրահատկությունը դադարում է ընկալվել, իսկ ծովը հասկանում էր, որ դու օտար ես և ուրիշ: Նա քեզ դիտում էր:
Եթե քո փոխարեն, ասենք, Պարոն Հ.ն լիներ, ծովի հետ կսկսեր մի գլուխ բլբլալ ու ոչինչ չէր ստացվի: Երբ երկուսն, ովքեր իրար հասկանում են, սկսում են զրուցել, դադարում են միմյանց տեսնել, իսկ ծովն ուղիղ քեզ էր նայում: Հեչ կպատկերացնե՞իր..
Լսել եմ տղայիդ ես կորցրել, բայց դա հաստատ չէ: Ասում են, կորել է, հա, ու լսել եմ, որ անտառում: Մի շաբաթից ավել է բնությունը հետ չի վերադարձնում որդուդ, ուրեմն հավանել է նրան, ուրեմն կխնամի:
Հիմա մի բան կասեմ, որ գուցե ծիծաղես, բայց՝ պահիր ցավդ հետոյի համար, երբ ձերոնց հետ կլինես: Հույսդ ծովի վրա չդնես, շարունակելու է ալիքները պարզած քեզ դիտել, երկինքը աչքերիդ հետ է խաղ անելու, բայց դրանից ավելին քեզ չի տալու, իսկ տեղացիները նայելու են քեզ ու օտարության հոտն առնեն: Քիթը փակած են շրջելու, դու էլ նեղվես ու ցավդ ծանրանա:
Գիտես, անցորդ, որ օտար տարածքում ցավ զգալը, նույնն է, թե ներսիդ ողջ եղած-չեղածը սկսի անդադար ճղճղալ ու դու չհասկանաս քո ներսի լեզուն: Ցավ զգալուց պիտի կողքիններիդ հետ լինես ու պիտի ձերոնք մյուս սենյակում լինեն:
Գնալուց երկնքին կնայես հավասարը հավասարի պես: Արդեն որդուդ վերջնական կորստից հետո, գիշերային ինչ-որ ժամի, կարող ես մի թեթև ներողություն խնդրել իրենից:
Comments