top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Վերջինը


Ես տզրուկների ու խաբեության աշխարհից եմ: Ես տզրուկների ու խաբեության մասին երգողին երբեք չեմ տեսել: Ես նրան էլ չեմ հավատում:

Ես էլ չեմ վախենում, որ թունավոր սունկ տեսնելու դեպքում չեմ կարողանա ուտելու ցանկությունս զսպել:

Պատուհանից եկող լույսն էլ ինձ չի սպառնում:

Իմ քաղաքին հաղթեցին խոտերն ու ծառերը, շրջափակեցին այն ու սկսեցին առանց դադարի վեր սլանալ:

Որորի ծիծաղն եմ մոռացել

Դեղին, կնճիթավոր խավարասերները գլխիս մեջ բողոքեցին եղանակային պայմաններից: Չկարողացա ոչինչ ձեռնարկել:

Ես արժեք չունեմ, որովհետև ինքս ինձ ասեղնագործել եմ քաղաքիս ուսերին` շատ անհարմար դիրքով, որ նույնիսկ ջուր չեմ կարողանում խմել:

Սիրածս ռեժիսորները, գրողներն ու հերոսները սպանեցին ինձ, որ էլ իրենցից ավել բան չպահանջեմ:

Արյուն խմելու համար էլ պիտանի չեմ, մարդկանցից ջերմություն խլելու համար շատ ծեր եմ:

Իմ գլխում լսվող ձայնը մերժեց իմ գոյությունը, ուրվականս ինձ չհավատաց, երևակայական ընկերներս դադարեցին տեսնել ինձ:

Մտածել եմ ու հասկացել, որ մահվան մեջ միստիկա չկա: Մահվան մեջ նույնիսկ մահն ինքը չկա:

Իմ հիվանդությունն անուն չունի, իմ վախերից ոչ մեկը վախենալու չէ, իմ երազներն ամեն օր գրվում են ու համարակալվում, իմ երազներն օսկար են ստանում երբեմն:

Ես իմ ներսում տիրող քաղաքական ռեժիմի զոհն եմ: Ես փշեր եմ աճեցրել ու իրենց մասին հոգ չեմ տարել: Ես ինքս ինձ ժամանակին չեմ հասցրել ջրել:

Իմ վրայից դատարկ գերեզմանի հոտ է գալիս: Ես մնացել եմ իմ անցյալում ու մի կետից սկսած էլ չեմ շարժվել:

Ես ինքս իմ ստվերն եմ: Ինքս իմ կործանումը: Ես կանգնած եմ իմ բոլոր նպատակների առջև ու հսկում եմ, որ հանկարծ ոչ ոք ներս չմտնի:

Ես վերջացել եմ

0 comments

Recent Posts

See All

Կարված քաղաք

- Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը:

Թե որքան լավն էր Լիլիթը

Լիլիթը` իր անունից գոհ, վազում է ու ամեն անցնողին պատմում, թե ինչքան լավն է ինքը. - Ես սիրուն բլթակներ ունեմ,- ասում է...

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի...

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page