top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Տասնհինգ պակաս


Ու ինչքան մութ է: Մա՜մ, լույսերը վառիր: Ո՞նց թե արդեն վառ են, այսինքն լույս է հա՞ սենյակում: Բայց մութ է, ահագին մութ է: Տար դրանք մոտիցս, ասել եմ չէ՞՝ տանել չեմ կարողանում: Խաղո՞ղ, ձե՞ռ ես առնում: Սուս, չխոսես անկողնու մասին: Ասել եմ, որ այս ժամերին քունս չի տանում: Ես բու եմ: Բու՜: Որտե՞ղ են: Ովքե՞ր, ընկերնե՞րս: Հավանաբար յոթերորդ երազն են տեսնում: Բա որո՞նց հետ ես, ախ հա, բուերի: Զվռնում են փողոցով մեկ, ագահությամբ կուլ են տալիս լույսի բացակայությունը: Ըհն, բացակայությանն էլ կարելի է կուլ տալ, անգամ ծամել: Այ էսպես, ոնց որ ընկույզը կծամեիր:

Իսկ ես զվռնելու հավես չունեմ, փորս էլ կուշտ է նման զիբիլներ կուլ տալուց: Էնպես որ կմնամ գետնին նստած մինչև լույս, մինչև հաջորդ օրվա այս ժամը, հետո հաջորդ տարվա, տարիների: Ստիպված կլինեք գերեզմանս էստեղ կառուցել, այ հենց գորգի այս հատվածում, թախտի կողքին, վերևում ժամացույցը, հետևում գրքերի պահարանը: Կարող եք անգամ ցայտաղբյուր տեղադրել: Այդքան չե՞ք կարող, ֆինանսականը...շատ լավ, բան չկա, առանց դրա էլ յոլա կգնամ: Բայց դեռ ժամանակը չէ: Նստած եմ ու սպասում եմ: Չգիտեմ: Սպասում եմ, որ ինչ-որ արտասովոր բան կպատահի: Ասենք հանկարծ իրոք զգամ, որ լույսերը վառ են ու տեղանքում մութ չէ: Ինչ զարմանալի կլինի, չէ՞: Աչքերս չռած կնայեմ շուրջս ու կփորձեմ ինձ կմճթել` անհաջող երազից արթնանալու համար: Դե վերջացրու: Ոչ մի գնով հետ չեմ գալու: Էսպես լավ է: Ոչ մի տեղ էլ չեմ շարժվի: Կքարանամ տեղումս նստած: Ուզում ես նայե՞մ...ու՞մ...առա՞ջ, կո՞ղք, հե՞տ, ուզում ես հե՞տ նայեմ, ուզում ես աղի արձա՞ն դառնամ...չէ, ես կնախընտրեմ ոսպով փլավը: Ի՞նչ ես խոսում: Ասում եմ չէ, որ չի գալու: Առհասարակ ոչինչ էլ ու ոչ մեկ էլ չի գալու: Գնալուց հետ չեն վերադառնում: Դա նմանվում է արդեն ծամած կերակուրն ատամներից հետ պահանջելուն: Վերջացավ: Հետ գալ չկա: Ոչինչ էլ չկա: Կա միայն նստել ու սպասել Ոչնչի հայտնվելուն: Սպասել շարունակ, շունչը պահած: Ի՞նչ ես կարծում, իսկ եթե այդ ոչինչն իրոք մի օր որոշի վեր կենալ ու գալ: Ո՞նց պիտի ներկայանամ: Տեսքս բանի նման չէ: Մի կարգին զեկույց էլ չեմ պատրաստել, ձայնս էլ խզված է: Ո՞նց պիտի խոսեմ հետը: Հո չենք նստելու միմյանց երեսին նայենք: Հաճոյախոսությու՞ն: Ուզում ես հաճոյանա՞մ ոչնչին: Բարև, Ոչինչ, այսօր տեսքդ ավելի լավն է, քան վերջին հանդիպման օրը: Թեյ կուզե՞ս, իսկ սու՞րճ, հյու՞թ...չէ՞, ոչինչ էլ չե՞ս ուզում, կարող ենք պարել կամ պարաններով խաղալ: Դա՞ էլ չէ: Ոչ մի կերպ չի ստացվի հաճոյանալը: Հետո շատ լավ գիտես, որ նա եկողը չի: Սա իմիջիայլոց ասացի: Շա՞տ եմ խոսում, հա, հետդ համաձայն եմ: Մամ, պատուհանը փակիր, լույս է անում: Չեմ տեսնում, զգում եմ, որ լույս է: Եվ հետո տաք քամի է գալիս: Մրսում եմ: Մեջքս ուղղե՞մ: Դեպի ու՞ր: Հե՞տ: Էլի հետ...Այդ հետը, անունը մի տուր: Կարիք չկա, գորգն էդքան էլ փոշոտ չէ, մի փորձիր համոզել: Չի լինելու: Մնալու եմ էստեղ մինչև հաջորդ ջրհեղեղը: Դրանից հետո էլ տեղս չեմ փոխելու: Մինչև ե՞րբ: Մինչև որ գա...մինչև որ գան....մինչև որ զգամ, որ լույս է: Ասում ես երբեք դուրս չե՞մ գա, եթե սպասեմ լույսի հայտնվելուն: Գուցե գոռամ, անունը կանչեմ: Լույս, կգա՞ս մոտս, մոտեցիր հա՞, բան ունեմ ասելու, չէ, հեռվից չէ, ուզում եմ ականջիդ ասել: Չի գալիս, չլսելու է տալիս: Թանկացնում է իրեն, ոնց որ ոչինչը, ոնց որ մնացածը:


Փոշմանել եմ, մամ:

Դեղնավուն կտորը քաշիր դեմքիցս:

0 comments

Recent Posts

See All

Կարված քաղաք

- Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը:

Թե որքան լավն էր Լիլիթը

Լիլիթը` իր անունից գոհ, վազում է ու ամեն անցնողին պատմում, թե ինչքան լավն է ինքը. - Ես սիրուն բլթակներ ունեմ,- ասում է...

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի...

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page