-Ընդամենը տասը օր,- ասաց բժիշկը, - տասը օր: Հասցրեք լիարժեք ապրել:
Հանսը չգունատվեց, չդողած, աչքերը դուրս չպրծան, կոկորդից անհասկանալի հնչյուններ չարտաբերեց, չհարձակվեց բժշկի վրա` նրան ճանկռտելու: Պարզապես փորձեց հասկանալ տասը օրվա տևողությունը, մտքում հաշվարկներ արեց, բժշկի ձեռքը սեղմեց այնպես, կարծես թե ինքը չէր մեռնողը, այլ բժիշկը:
Առաջին օրը նրա մտքում ոչինչ չկար. ոչ մի պատկեր, հիշողություն, ցանկություն: Այդ օրը գլխի մեջ ինչ-որ մեկը կրկնում էր միայն երկու բառ` տասը օր:
Տասը օր` արձագանքում էին պատերը, տասը օր` երգում էր ժամացույցը, տասը օր` երկիրը պտտվում էր իր առանցքի շուրջը:
Երկրորդ օրը գլխի մեջ աղմկող մարդուկի ձայնը կտրվեց: Հանսը մի փոքր վստահություն ձեռք բերեց, դուրս եկավ անկողնուց, քայլեց սենյակով մեկ, երեկոյան կայծակը դիտեց պատշգամբից, փորձեց ժպտալ, որն իհարկե չստացվեց:
Երրորդ օրվանից սկսած նա կորցրեց ժամանակի զգացողությունը ու դադարեց հաշվարկները: Ամբողջ փողոցը տակնուվրա արեց, անցորդներին դիտավորյալ արհամարհեց: Դրանով նա փորձեց ցույց տալ, թե որքան մեկ է նրա համար իր մեռնելը: Ոչ ոք չհասկացավ, որ Հանսը դա էր ուզում ցուցադրել:
Այնուհետև որոշեց անել այնպիսի բաներ, որոնք երբեք չի արել: Փախցրեց մի ծերունու ձեռնափայտը, քարով ապակի կոտրեց, գիշերվա կեսին սկսեց հաչալ, չորեքթաթ մի տեղից մյուսը անցավ, կույր ձևանալով որոշակի գումար աշխատեց, կոպտեց բանկի աշխատողներին:
Այդ ամենից հետո տասը օրվա մեջ առաջին անգամ լաց եղավ: Ժամերով, առանց դադարի: Հավանաբար մեկ օրը ծախսեց լացելու վրա: Սակայն դա ցավի ու անհուսության լաց չէր, այլ պարտականության պես մի բան:
Հանսը քնել ուզեց: Հասկացավ, որ մեռնել չի ուզում: Բայց ապրել էլ չի ուզում: Նա որոշեց, որ եթե չմեռնի, իր ողջ կյանքը քնած կանցկացնի:
Պառկեց հատակին ու սպասեց, թե ինչ կլինի իր հետ: Այլևս ոչինչ նա չարեց:
Օրեր անց նրան զանգահարեցին: Զանգի ձայնն իրեն հիշեցրեց, որ դեռ մեռած չէ: Կարողացավ մի կերպ հատակից պոկել մարմինն ու մոտենալ հեռախոսին: Խռպոտ մի ձայն Հանսին հայնտեց տեղի ունեցած շփոթմունքի մասին: Երկար-բարակ ներողություն խնդրեց ու ասաց, որ հուսով է, թե այս փորձությունը դրական ազդեցություն կունենա Հանսի հետագա կյանքի վրա:
Հանսը ափով փակեց լսափողը, սվսվոցի ձայն հանեց ու գնաց պատշգամբ: Գետինը դեռ թաց էր առավոտվա անձրևից: Հանսը ծխեց ու նայեց սուրացող մեքենաներին: Այս անգամ նրա մոտ իրոք ստացվեց ժպտալը: Փողոցով քայլող անցորդներին ձեռքով արեց ու նույնիսկ չմտահոգվեց` տեսան իրեն, թե ոչ: Հետո Հանսը դուրս ցատկեց պատուհանից:
Comments