Ամեն անգամ, երբ անզգուշորեն կորցնում ենք մեր Եսն ու բազմոցին պառկած նայում ենք վերև՝ աստղերին, ու դրանք նմանեցնելով մեր Եսի ուրվագծին ձեռքերը վեր պարզած աղաչում ենք աստվածներին վերադարձնել այն հետ: Երկու օր առաջ, կամ ավելի շուտ, ձեռքից բաց թողնելով նրան՝ մենք փորձում ենք այն վերևներում գտնել: Իրականում, այդ նույն պահին, երբ բազմոցին պառկած՝ քթի տակ մրթմրթալով աղոթքներ ենք շպրտում վերև, հենց այդ նույն պահին մեր կորցրած Եսը տապակվում է հարևան բակի առանձնատան կրակի վրա եփվող պղնձե թավայում:
Ինչի համար ենք խանգարում աստվածների քունն ու հսկայական տարածության միջից փորձում ենք որսալ մեր կորցրածը, եթե այն անզգուշորեն, ձեռքից բաց թողնելով նետել ենք մի քանի քայլ այն կողմ՝ հարևան այգի, քարե առանձնատանը ննջող ծառայի պատրաստած ապուրի մեջ: Կարո՞ղ էր արդյոք ծառան լսել այդ մանրագույն տարրերից բաղկացած մասնիկի ճողփյունը դեպի ձեթով տապակվող թավա, և արդյոք հնարավո՞ր է, որ այդ ճողփյունից առաջացած ճնշման հետևանքով ձեթի կաթիլներն այսուայնկողմ տարածվեին ու դիպչեին ննջող ծառայի մարմնի մասերից որևէ մեկին և մի այլ Եսի կորստյան պատճառ դառնային:
Աշխարհի պատմությունը պսպղում է մարդկանց բազմությունը ցրող ցանկացած ոստիկանի համազգեստի պղնձյա կոճակներից որևէ մեկի վրա: Եվ այն պահին, երբ բոլորի հետաքրքրության կենտրոնը կդառնա այդ կոճակը (երկրորդը՝ վզից ներքև), նրա մեջ ամփոփվող և նրա ինքնությունը հաստատող կապերը կփոխակերպվեն մի ձգտման, որը գալիս է տարածության սարսափից, որի առջև անիմաստ է նույնիսկ երեսնիվայր ընկնելը:
Մի՞թե կարելի է այն թավան նմանեցնել մարդկանց բազմությունը ցրող ցանկացած ոստիկանի համազգեստի պղնձյա կոճակներից որևէ մեկին, եթե անգամ չգիտես, թե թավայի մեջ տապակվողը արդյո՞ք միայն քոնն էր: Ի՞նչ կապ կարող է ունենալ այն պղնձե թավան անզգուշորեն ձեռքից բաց թողած մասնիկիդ հետ, եթե նախապես զգուշացված էր այն ձեռքում չպահել, և զգուշացված էր այն մարդկանց բազմությունը ցրող ոստիկանի կողմից, որովհետև ամեն անգամ, նմանատիպ կորուստների պատճառով ծանրանում է ոստիկանի՝ վզից ներքև գտնվող պսպղան կոճակի պարունակությունն ու չտեղավորվելով այնտեղ՝ այսուայնկողմ թռչելով՝ վնասում է բազմության երեսն ու ազդրերը:
Մարդկային պատմությունն ու մարդկային բոլոր կորած մասնիկներն ու Եսերը ցրված են աշխարհով մեկ, ու ամեն թփի ու քարի վրա պսպղում ու տրորվում են հարյուրհազարավոր Եսեր, որոնց տերերը, փոխանակ հարևան այգում փնտրելուց՝ ձեռքերը վեր պարզած խանգարում են աստվածների քունը:
Եվ մարդկային ողջ գոյերն ու տարրերը խցկել բահով փորված մի փոքրիկ անցքի մեջ, այն է թե նույնացնել սարդոստայնն ու Պիկասոյի նկարները, և կիթառ բառի շուրջ հազարավոր պտույտներ գործելուց հետո անգամ չարտաբերել այդ հինգտառանոց բառակույտը: Եվ այն սպիտակ պատի ձախ անկյունում կուչ եկած սարդոստայնի թելիկները նույն Պիկասոյի կտավներն են՝ հարյուրհազարավոր կիլոմետրեր այն կողմ գտնվող մի ուրիշ պատից կախված: Ու այս դեպքում պատն ու թավան միևնույն դերն են կատարում՝ գտնվելով իրարից ծայրաստիճան հեռու, բայց և կապված միմյանց հետ պատի անկյունում կուչ եկած սարդոստայնի թելիկներից որևէ մեկով:
Եվ այս ամենից հետո արժի՞ արդյոք խցկվել այն՝ արդեն ծանոթ՝ վնասված երեսով ու ազդրերով բազմությունը ցրող ոստիկանի կոճակի մեջ, թե՞ սովորության համաձայն ձեռքից բաց թողնել մեր էությունը, գնդակի պես նետելով հարևանի այգի, ու թաքնվել բազմոցի հետևը, թե չլինի հանկարծ դեն նետած մասնիկները կրկնակի ուժգնությամբ, բումերանգի պես հետ վերադառնան մեզ մոտ ու այս անգամ վնասեն մեր սեփական թավան ու կոճակները:
Մեր մանկության ցրված մասնիկները դեռ մինչև հիմա սավառնում են աշխարհով մեկ, և վերարկուից վերարկու, թավայից թավա անցնելով կերպարանափոխվում են՝ մեծանալով ու խառնվելով օդի անգույնությանը, բայց երբեք չփոխելով սեփական բնույթը, սպասում են իրենց իսկական տերերի հայտնվելուն: Ու երբ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող բազմություններից մի քանիսը հավաքվում են մեկ կոճակի մեջ, պատահաբար ընկնում են միևնույն թավա՝ այդ ժամանակ սկսվում է իրենց՝ դեռ ծնունդից կորցրած մասերի միավորումն ու ի հայտ գալը:
Ու երբ մանկությունից կերած հացի փշրանքները թողնում ենք սեղանին շաղ տված՝ երբեք էլ չմտածելով, որ փշրանքները մասնիկների պես թռչելու հատկություն ունեն, ու երբ թավայի մեջ հավաքվածներից որևէ մեկն իր մանկության հացի փշրանքները հայտնաբերում է թավայի մեջ եփվող մեկ ուրիշի բաճկոնի գրպանում, այդ ժամանակ սկսվում է սեփական փշուրները հետ ստանալու անվերջանալի պայքարը: Եվ այդ ժամանակ է, որ բոլորի ուշադրությունը սևեռվում է թավայի պոչի՝ այն է նավախելի վրա, որովհետև նման ծանրության ու խտության փշուրներ պարունակող թավան սկսում է ճնշել իր մեջ գտնվող այն մի քանիսին:
Ու արդյո՞ք այդ փշուրների ու Եսերի իսկական տերը կորցնողն է, թե՞ իր բաճկոնի գրպանում երկար ժամանակ ուրիշի անզգուշորեն կորցրած մասնիկները խնամքով պահպանողը: Ուրեմն զգույշ վարվեք ձեր ձեռքերին վստահված Եսն ու սեղանին շաղ մի տվեք ձեր մանկության հացի փշրանքները, որովհետև ցրվելուց հետո կորցնում եք ոչ միայն մի ամբողջ մանկություն, այլև դրան հետագայում տիրելու հնարավորությունը:
Եվ այսպես. ո՞րն է այս ամենի իրական պատկերը, ո՞րն է խաղի իրական վիճակը, այն խաղավիճակը, որը սահմանված է յուրաքանչյուր կորցնողիս ու գտնողիս: Ուրեմն խցկվել այն բազմությունը ցրող ոստիկանի ձախից ներքևի կոճա՞կը, թե՞ փշուրների պես աշխարհով մեկ սավառնել ու լցվել որևէ մեկի բաճկոնի գրպանը:
Խաղալ: Ոչինչ էլ չանել: Քաղցրալից ժպիտով խցկվել կոճակի մեջ և նույն ժպիտը դեմքին խաբեությամբ ծակել այդ նույն կոճակն ու լցվել հնությունից ճռճռացող վերարկուի գրպաններից որևէ մեկը:
Ուրեմն, լինել այնպիսին, ինչպիսին կաս, նշանակում է չլինել այդպիսին, այլ ընդամենը այսքան արժենալ, այսքան խոստանալ և նույնքան էլ խաբել:
Մի կորցրեք ձեր փշուրներն ու առավել ևս ձեռքերի մեջ մի պահեք ձեր հարյուրհազարավոր եսերից որևէ մեկը, որովհետև ամեն առավոտ, այդ նույն ժամին, ձեր հարևան այգու առանձնատան ծառան ձեթի մեջ տապակելու է արդեն ժանգոտած ու խամրած թավան:
(Շեղատառով նշվածները՝ Խուլիո Կորտասարի)
Comentarios