Ես կարծում էի՝ նրանք չեկան, որովհետև, պարզապես չուզեցին:
Ա.ն ասում էր.
- Եթե ինձ եք հարցնում՝ էդ տղան է մեղավոր: Իր շուն-ընկերները կապ չունեն: Պատկերացրեք՝ ես վեր կենամ ու առանց հարցնելու մտնեմ կողքի գյուղ: Ոչ ոքի ոչինչ չասեմ ու գլուխս վեր տնկած քայլեմ գյուղի ճամփով: Չեն ասի՞՝ էս գրողը որտեղի՞ց հայտնվեց: Կասեն ու դեռ մի բան էլ՝ հետևիցս կընկնեն, որ մի վնաս տան: Էդ տղան քանի գլուխ ունի, որ իր շուն-ընկերներին առել է ու գնացել գյուղ՝ իբր թե լուրջ գործով: Հաստատ իր լուրջ գործը հիմա լուրջ ծեծի է վերածվել: Չգիտեմ ինքը շնչում է հիմա, թե չէ, բայց համոզված եմ՝ ատամներից մի քանիսը իրենց տեղում չեն, իսկ դեմքն արյունլվա է. աչքիս առաջ պարզ տեսնում եմ պատկերը: Շուն-ընկերների հարցերն էլ լուծած կլինեն: Էդ գյուղում ապրողները գիշատիչներից չեն տարբերվում՝ բոլորս էլ գիտենք: Չսպասեք, որ տղան տեղ կհասնի: Ճանապարհի կեսն էլ չի անցնի: Կտեսնեք:
Լ.-ի կարծիքով
- Ոչ ոք չգիտի, թե ինչ եղան իրենք: Բայց ես կռահում եմ: Այդ ամբողջը հին պատմություն ունի: Հիշու՞մ եք՝ տարիներ առաջ գյուղ էր ժամանել սևազգեստ մի կին: Ոչ մեկդ մինչև վերջ էլ չիմացավ, թե ով է ու ինչ է ուզածը: Իսկ ես հենց իր գալու օրվանից էլ գիտեի ամեն ինչ: Եկել էր, որ գյուղի միտքը փոխեր: Այդ երևույթը հազար տարի առաջ էլ կար ու շատ ավելի հին է, քան կարող ենք պատկերացնել: Ասում են՝ բնակավայրի միտքը փոխելը սարսափելի մեղք է: Սպանությանը հավասար մի բան: Իսկ էդ տղան ու իր երկու եղբայրները այդ օրերին սևազգեստ կնոջից այն կողմ չէին գնում: Այսօր իրենց չգալը ես կապում եմ տարիներ առաջ գյուղի միտքը փոխած կնոջ հետ: Ու չասեք՝ իբր զառանցում եմ: Եթե տղան նույնիսկ գա, ուրեմն մտքին մի բան կա:
Հ.ն, թե՝
- Լակոտներ են: Ինչ եք խելքներիդ զոռ տվել: Սև կնկան ես էլ եմ հիշում: Ուղղակի հասարակ բախտ նայող էր: Գյուղում էլ լիքն են: Էդ տղերքն էլ մի անգամ են մտել կնկա տուն՝ իր սենյակից բան-ման թռցնելու համար: Հետո կարմրած պատմում էին ինձ: Ես ձեզ ասում եմ՝ լակոտներ են: Մոռացել են, որ իրենց ենք սպասում: Սկի ճամփա չեն էլ ընկել: Իրար հետ զրույցի են ընկել ու լրիվ մտքներից թռել է, որ պիտի գան: Մի քիչ էլ սպասենք՝ մեկ էլ տեսար հիշեն: Ի՜նչ եք խելքներիդ զոռ տվել: Լակոտներ են: Կգան:
Մ.ն գուժում էր՝
- Ամոթ է, քանի օր է իրենց գալուն ենք սպասում: Ոչ մեկիս մտքով չանցավ՝ հետ գնա գյուղ ու գտնի էդ երեխեքին: Գուցե՝ վատ բան է պատահել գյուղում: Գուցե՝ մեր օգնության կարիքը կա: Նստել ու սպասում ենք: Հաստատ կգային, եթե ամեն ինչ իր տեղում լիներ: Ուրեմն գյուղում իրենց կարիքն էս պահին ավելի շատ է, քան էստեղ: Հերիք է սպասենք իրենց: Պիտի հետ գնանք: Որովհետև ես գիտեմ, որ վատ բան է պատահել:
Բ.-ի կարծիքով էդպիսի տղերք չեն էլ եղել: Հերթական գյուղական լեգենդներից է, որ խոսքից խոսք փոխանցվելով մեզ է հասել:
Իսկ Ե.ն մեռնում էր ծարավից ու իր կարծիքով՝ էլ կարևոր չէ՝ կգան իրենք, թե չէ, որովհետև ջուրը վերջացել է, իսկ ինքը շուտով հաստատ մեռնելու է ծարավից: Մի քիչ էլ՝ ու վերջ
Ես լուռ հետևում էի: Ոչ մի անգամ չխոսեցի ու ոչ մեկի խոսքին արձագանք չտվեցի: Ես էլ իրենց պես չէի հավատում, որ իրենք կգան: Բայց իմ ենթադրությունն ամենապարզն էր ու գեղարվեստականությունից զուրկը: Ես ուղղակի կարծում էի, որ իրենք չեկան, որովհետև, պարզապես չուզեցին:
Comments