Լիլիթը` իր անունից գոհ, վազում է ու ամեն անցնողին պատմում, թե ինչքան լավն է ինքը.
- Ես սիրուն բլթակներ ունեմ,- ասում է, -այնքան ճիշտ են կազմված, որ ցանկացած օղ իրեն գտնում է այնտեղ։
Լիլիթը միշտ չէ այդպիսին եղել, մի քանի տարի առաջ գլուխը կախ էր քայլում ու հաշվում մայթի նախշերը, անգիր հիշում էր, թե որոնց վրա ինչ բծեր ու ավելորդություններ կային։
Բացի այդ, Լիլիթն իր դասարանում միակն էր, ով կարողացել էր չորս շաբաթից շարունակ հայելու մեջ չնայելու մրցույթը հաղթել։ Այդ ընթացքում սկսել էր իրեն մի տեսակ ներսից տեսնել, հայելիների կողքով անցնելիս էլ ընկղմվում էր մտքերի մեջ, խուսափում էր ինքն իրենից:
Իսկ այսօր Լիլիթը վազում է ու բղավում անցորդներին, թե որքան լավն է ինքը.
- Ես պայծառ միտք ունեմ, երևակայությանս ոչ ոք հասնել չի կարող, այ հիմա վազում եմ ու զգում եմ, թե ոնց եմ շողում:
Անցորդներն իհարկե չտեսնելու էին տալիս ու շտապում իրենց գործերով, բայց Լիլիթը չէր դադարում իր մասին պատմելը
- Ես սովորել եմ ինքս ինձ սիրել, ժամանակին զզվում էի ինձնից, բայց հիմա գիտեմ, թե որքան լավն եմ:
Իրականում Լիլիթին ինքն իրեն սիրել սովորեցրել էր իրենց դասարանի Հայկը։
Այսինքն ոչ մի առանանձնահատուկ բան, ուղղակի մի անգամ ասել էր, որ Լիլիթի ձեռքերից թանաքի սուր հոտ է գալիս ու դա խանգարում է, որ նա իր իսկական հոտը առնի։ Լիլիթը հետո երկար ժամանակ փորձել է իր հոտը զգալ ու չի ստացվել։
Մտածել է, որ երևի Հայկը եղածից ավելի ջանք է թափել, որ կարողանա իր հոտը տարբերել թանաքի հոտից։
Ու էլ ոչ մի առանձնահատուկ բան
Ուղղակի Լիլիթն այսօր վազում է փողոցով մեկ ու բղավում, թե որքան լավն է ինքը:
Վաղն անպայման Հայկին շնորհակալություն կհայտնի։
Comments