top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Միալար

Աշուն է...Բռռռ: Սկսել եմ մրսել: Դրսիս ու ներսիս ջերմաստիճանները հավասարվել են իրար: Ուղղակի ցուրտ է: Չէ, դժգոհ չեմ: Սովոր եմ ցրտին: Արդեն երկու տարի է ներսիս սառնության հետ հաշտվել եմ: Երկար ժամանակ կռիվ-կռիվ էինք խաղում, ավելի ուշ փորձեցինք հաշտվել, անգամ միասին տանգո ենք պարել բաց պատշգամբում, հետո էլի կռիվներ....էս անգամ բարձերով էինք կռիվ անում, երեխեքի պես, իրար բմբուլները քամուն էինք տալիս, հետո սովորեցինք իրար վրա ուշադրություն չդարձնել: Ես ցերեկներն էի արթուն, ինքն իր գործը գիշերներն էր անում, դե մեկ էլ մայրամուտին: Հետո արդեն մոռացանք իրար գոյության մասին:

Հա, արդեն դրսում էլ է ցուրտ: Էդպիսին է սառնությունը: Բավարարվել չունի: Դե իհարկե, ներսս իրեն հերիք չէր, անպայման պիտի դրսում էլ ցույց տար իրեն: Հոգնել եմ արդեն: Ձեռքի հետ էլ դողացնում եմ, փաթաթվել եմ ծածկոցի տակ, ինքս ինձ համոզում եմ, որ ինձ դուր է գալիս ցուրտը: Այս մի անգամն էլ ստացվեց համոզել: Ես սիրու՛մ եմ ցուրտը:

Ու մեկ էլ գրել չի ստացվում: Ոչ մի կերպ: Ոչ սկզբից, ոչ վերջից, ոչ մի տեսակի: Դատարկությու՞ն...Չէ՛: Դաոն վկա, սա դատարկությունը չի: Սա մի ուրիշ բան է, ուրիշ տեղերից եկած, լրիվ նոր ու անհայտ ծագման, ու սարսափելի...սարսափելի սպիտակ է: Նայում ես ու ոչինչ չես տեսնում: Չէ, ես դատարկությանը լավ գիտեմ, նա գոնե գալուց առաջ զգուշացնում է, դե ես էլ սովորության համաձայն պատրաստություն եմ տեսնում, ու անկեղծորեն սպասում եմ, ոնց որ ասենք թանկագին հյուրիս կսպասեի: Հյու՞ր...փախել եմ բոլորից, ամեն ինչից: Ուղղակի փախել եմ: Մեջս կուտակվել է փոշի, լիքը մանր-մունր զիբիլներ, դրանց ոչ մի կերպ մաքրել չեմ կարողանում, դրանք ի՛մ սեփական զիբիլները չեն, դրանք ուրիշ տեղերից են, լրիվ նոր ու անհայտ ծագման են:

Հա ու մեկ էլ գրողը տանի...գրե՜լ չի լինում

Սպառվել եմ, թուլացել, ուժասպառ եղել..ու այդ ամենը ոչնչի պատճառով: Առանց պատճառի...ուղղակի..հենց էդպես...վերցնում ես ու էլ չես լինում, վերցնում ես ու քեզ մնում է միայն շնչելը, այն էլ ոչ միշտ, երբեմն-երբեմն, ցանկության դեպքում, կարիքի դեպքում:

Ինձնից այլևս չկա: Նա վերացել է: Էն մյուսը թողել-փախել է: Երրորդին ես եմ սպանել: Վեցերորդին էլ այնքան բարձր եմ շպրտել վերև, որ էլ հետ չի եկել, իսկ այ էն վերջինին կուլ եմ տվել...չգիտեմ, դեռ պարզ չի, ե՞ս նրան, թե՞ նա ինձ...հավանաբար երկուսս էլ:

Մուսա՜, ոգեշնչում, էություն, մասնիկ, փշուր, շերտեր...բառեր են: Սովորական հարյուրհազարավոր բառերի պես...սրանք ընդամենը բառեր են:

Փախչե՞լ...ու՞ր...

Տանիքից ցա՞ծ նետվել… հանուն ինչի՞

Անզագայացած ապրե՞լ…էդ դեպքում ո՞նց վարվել սրտի հետ, հանել-դե՞ն նետել, ուրիշի՞ն նվիրել. գուցե մի փոքրիկի, ով դրա կարիքը ավելի շատ ունի, քան ես ինքս, գուցե գիշերվա կեսին հաչացող շների ոհմակին հանձնել՝ որպես նվեր, գուցե իրենք ավելի արդյունավետ օգտագործեն այն, քան ես ինքս

Իսկ մի՞տքը…էդ շուն-շանորդու հե՞տ ոնց վարվել: Անջատե՞լ: Ինչպե՞ս: Գուցե խնամքով թաքցնել ինքդ քեզնից, կամ էլ մութ շղարշով պատել, կամ էլ...գիշերները ոռնալ, նայել լիալուսնին...շնչել...արտաշնչել:

Ավելի ներքև: Ավելի խորը: Գնալով մեծանում է իմ ու բարձրության միջև եղած սահմանը: Գնալով վերածվում եմ հեղուկի: Ավելի թույլ, ավելի աննկատ, ավելի թափանցիկ:

Քեզնից այլևս չկա: Միայն դու էիր: Բայց դա էլ ջուրն ընկավ: Իսկ ջրի հատակին նման փոքրիկ ու անգույն մասնիկ փնտրելը...անհնար է: Կհանդիպես ջրիմուռներին ու կտարվես նրանցով: Ու այլևս քեզ հետ բերել չի ստացվի:

Հիմա ի՞նչ...վե՞րջ: Ամեն ինչին վերջ հա՞, վերջակետ, խավար, անդունդ, գերեզման...էլ չէ՞...այլևս երբե՞ք...: Չէ, համաձայն չեմ: Դեռ ցանկություն ունեմ շարունակելու:

Շնչել-արտաշնչել, երբեմն միայն շնչել, արտաշնչելը թողնել վաղվան, ոռնալ լիալուսնի տակ, սեփական սիրտը նվիրել շների ոհմակին, չէ՜, դեռ հետաքրքիր է, ես դեռ ուզու՛մ եմ:

Ու ես սիրում եմ աշունը: Որովհետև ցուրտ է...բռռռ..մրսում եմ: Հա՛, ու ես սիրում եմ ցուրտը: Հետո ի՞նչ, որ ես ու սառնությունն իրար հետ չունենք, հո իրար հետ տանգո ենք պարել, բարձերով կռիվ-կռիվ ենք խաղացել:

Ինչ էլ որ լինի, շարունակել պե՛տք է...թեկուզև միայն շնչել, թեկուզև արտաշանչել հազվադեպ, ուղղակի պետք է՛...հանուն...հանուն ջուրն ընկած փոքրիկ ու անգույն մասնիկիդ, որը գտնելն անհնար է, թեկուզ հենց հանուն դատարկության, որը քեզ երկար ժամանակ է չի այցելել, ու Դաոն վկա, անգամ կարոտել է՜:

Չէ, համենայն դեպս, ինչ էլ որ լինի, շարունակել պե՛տք է:

Դե մեկ էլ գրել չի լինում, գրողը տանի:

0 comments

Recent Posts

See All

Կարված քաղաք

- Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը:

Թե որքան լավն էր Լիլիթը

Լիլիթը` իր անունից գոհ, վազում է ու ամեն անցնողին պատմում, թե ինչքան լավն է ինքը. - Ես սիրուն բլթակներ ունեմ,- ասում է...

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի...

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page