top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Պոստ-ապոկալիպսիս

Ինձ նվիրած թղթերի կույտը պատռելուց արյուն չեկավ, որովհետև այն վաղուց էր չորացել անկենդան ակվարիումի հատակում, ձկները քեզ ինադու իջել էին ներքև` դեպի արյան հոտը ու մարմնիդ շուրջը պտույտներ տվել, փաթաթվել էին մազերիդ, ամենափոքրերը մտել էին թարթիչներիդ արանքը, ինչպես տարիներ առաջ մի հասարակ միջատ էր նման կերպ վարվել ու դարձել հիշողություն` պատմելու արժանի: Հատակի տիղմը մաքրելը իմ գործը չէր, դու էիր արմատացել այնտեղ` ջրիմուռի պես: Ես չէի կարող զբաղվել ակվարիումի մաքրությամբ, հանկարծ կարող էի քեզ էլ պոկել հատակից ու դեն շպրտել, ու դու նույնիսկ ձայն չէիր հանի, որովհետև ձայնալարերդ ձկնային են: Մեր 28 համարի հանրային սենյակը դատարկված է շատ վաղուց, նստարանները մամռոտել են, բորբոսնել, մեր աղմուկն ու քաոսը ուրվականներին է անցել, ծխի պատճառով պատուհանները ոչ ոք չի բացել, շարժումը դադարել է այնտեղ: Որովհետև մեր ներկայությունն էր, որ կենդանություն էր տալիս սենյակում գտնվողներին, շարժում անիվները, երբեմն կանգ առնում:

Մեր մոլորակը ածխացել է, նույնիսկ բեկորները չեն պահպանվել, մենք անօդ տարածության մեջ փորձել ենք հարցեր լուծել` իրականում երկուսս էլ օդի մասին երազելով: Բայց ես կուզեի, որ դու բարձրանայիր ակվարիումի մակերևույթ, ես քո բառերը լուցկու տուփի մեջ կլցնեի, ինձ տհաճությամբ ուղղված մատներդ ծաղիկներով կզարդարեի, ինձ չնայող հայացքդ կթեքեի իմ կողմ: Քո լացի ձայնը միայն կակտուսից եկավ` նախքան իրեն դուրս նետելը, լռության զոնայում շշուկներ հասան ինձ, թե քո փշերը եղևնուց ես պոկել, իսկ իմ ասեղները` քեզ վախեցնող ձկների ոսկորներն են: Շշուկները ժամանակին լռության զոնան խախտողների ձայներն էին, որ մնացել էին ոլորուն ճանապարհին ու չէին կարողացել առաջ անցնել: Քո հետքը խաբուսիկ լույսի պես երևում է ուսերիս վրա, բայց լույսի աղբյուրը մնացել է գրպանումդ:

Պիտի սենյակիդ անկյուններից մեկում իմ ներկայությունը պահեիր, բերածս շոկոլադի մեջ քնաբեր հեղուկ լցնեիր, որ չկարողանայի հեռանալ: Պիտի անեիր դա: Որ իրարից թաքուն դանակներ չսրեինք ու իրար վրա ուղարկեինք: Որ միասին հասնեինք ջրափոսի վերջին կանգառը, պարզեինք, որ հատակը խոռոչավոր է, ընկնեինք խոռոչների մեջ` դեպի կատարյալ դատարկություն, հետո նորից փորձեինք լսել իրար սպիտակության մեջ: Ակվարիումը դեն կնետեինք, մոլորակի փոխարեն ծառ կկառուցեինք, ծառի վերևում` տախտակի վրա, կավիճով կգրեինք` Երկաթբետոն: Կապրեինք:

0 comments

Recent Posts

See All

Կարված քաղաք

- Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը:

Թե որքան լավն էր Լիլիթը

Լիլիթը` իր անունից գոհ, վազում է ու ամեն անցնողին պատմում, թե ինչքան լավն է ինքը. - Ես սիրուն բլթակներ ունեմ,- ասում է...

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի...

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page