top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Փոփոխություն


Հերթապահությունից անմիջապես հետո լույսերը հանգցրի, բանալիները դիտավորյալ չվերցրի, որ վրաս խոսակցություն գա, դուռը կիսաբաց թողեցի, որ մյուս օրը շեֆս գոռգոռա վրաս ու ես հաճույքից վիզս կողքի թեքեմ, ու նա էլ ավելի բարձրաձնի իր ձայնը: Արձակելով բլուզիս առաջին երկու կոճակը` դուրս թռա տարածքից ու վազեցի մոտակա փողոցը, որտեղ պետք է նրան հանդիպեի: Նա իմ կյանք ներխուժեց շատ պատահական: Առաջին անգամ երբ տեսանք իրար, մեր աչքերում նշանի պես մի բան հայտնվեց. լավ չեմ հիշում պարզապես դո՞ղ, թե ավելի բարձրարժեք մի բան, համենայն դեպս ես առաջին անգամ էի այդպիսի զգացում ունենում: Իմ ու նրա միջև ծնվեց թշնամանք` առաջին հայացքից: Հաջորդ օրը երկուսս էլ թշնամական խոստովանություն արեցինք իրար, ես նրան պոկոտած, թոշնած ու ցեխոտ ծաղիկներ նվիրեցի, իսկ նա փոխարենը` հարվածեց փորիս: Այդ օրվանից մենք սկսեցինք ընկերություն անել` որպես թշնամիներ: Մենք ամբողջ սրտով ատում էինք իրար ու ատելության համբույրներ տալիս միմյանց: Հանդիպում էինք գրեթե ամեն օր, նա պատմում էր իր հոգսերի ու դառնությունների մասին, ես դրանք շատ մանրամասն մտապահում էի, որպիսի ուրախության ժամերին երեսով տայի: Խոսում էինք այն մասին, թե ինչն ենք ատում ամենաշատը, ինչն է մեզ վիրավորում կամ հուսահատեցնում, պատմում էինք մեր թույլ կողմերի մասին, որպեսզի մեզ համար ավելի հեշտ լինի իրար ցավեցնելը: Երբ մի անգամ նրան ասացի, որ ատում եմ շեֆիս ու կուզեի պատուհանից դուրս շպրտել, զգացի, թե ինչպես նրա աչքերը կարմրեցին ու կատաղությամբ ինձ նայեց: Իսկույն հասկացա, որ խանդեց: Բնականաբար չփորձեցի արդարանալ կամ նման մի բան, սառնությամբ նայեցի նրան ու ասացի, որ չտխրի, որովհետև աշխարհում ամենաշատը իրեն եմ ատում ու այդ ատելությունը երբեք չի վերջանալու, ոչ ոք չի կարող այդ զգացումը ինձնից պոկել, ոչ ոք չի կարող նրան ինձնից բաժանել: Նա կարծես թե հանգստացավ ու թքեց գետնին, որը փոխադարձության նշան էր:

Այդ օրը փողոց վազելուց հետո երկար չսպասեցի նրան, միանգամից եկավ: Սովորականի պես ապտակեց, հետո նայեց ինձ ու ես զգացի, թե ինչպես է նրա հանդեպ ունեցած սառնությունը ջերմությամբ փոխարինվում, թե ինչպես է սրտումս ինչ-որ բան կոտրվում` անվերադարձ: Ձեռքս տարա, որպեսզի խեղդեմ նրան ( այդպես անում էինք, երբ կասկածում էինք միմյանց հավատարմության մեջ). նույնիսկ չկարողացա դիպչել նրան: Հայացքս փախցրի: Անմիջապես զգաց, որ մի բան այն չէ: Հարցրեց` ամեն ինչ կարգի՞ն է: Չպատասխանեցի: Նայեցի ձեռքերին ու սարսափով հասկացա, որ ուզում եմ շոյել: Հետո մազերին նայեցի, վզին, աչքերին ու շուրթերին: Սիրտս ամբողջությամբ փշրված էր: Ես չէի կարող նրան բացատրել, որ մեր մեջ ամեն ինչ վերջացած է, որ ես նրան այլևս չեմ ատում, որ էլ չենք կարող հանդիպել ու ցավեցնել իրար: Բայց նույնիսկ դա չկարողացա ասել: Շատ լավ հասկանում էի, որ երբեք ինձ չեմ ների, եթե խաբեմ նրան ու ասեմ, որ առաջվա պես ատում եմ: Մի կերպ ինձ ստիպելով բռնեցի ձեռքը ու շոյեցի` որպես մեր բաժանման նշան: Նա սկզբում չհասկացավ, թե ինչ է կատարվում, բայց երբ մատներով հասա մազերին ու մեղմ շոյեցի, հանկարծ վեր թռավ. նրա համար ամեն ինչ պարզ դարձավ: Սկսեց լացել ու գոռալ, ասաց, որ դեռ ատում է ինձ ու չի թողնի, որ հեռանամ: Գլուխս առա ու վազեցի փողոցին հակառակ: Նույնիսկ չհասցրի ներողություն խնդրել` մեր երկուսիս խոստումնալից ապագան կործանելու համար:

0 comments

Recent Posts

See All

Կարված քաղաք

- Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը:

Թե որքան լավն էր Լիլիթը

Լիլիթը` իր անունից գոհ, վազում է ու ամեն անցնողին պատմում, թե ինչքան լավն է ինքը. - Ես սիրուն բլթակներ ունեմ,- ասում է...

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի...

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page