top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

վտանգը

Ես երբեք միստիկ կերպարների պակաս չեմ ունեցել, ոմանք գոյություն են ունեցել երևակայությանս շնորհիվ, մի մասը` իրականում, որոնց ես եմ այլ կերպ ընկալել: Ամենատպավորիչը մանկությանս ամենամեծ վախերից մեկն էր. դա երկարավուն, եռանկյունու տեսք ունեցող, գորշ գույնի կոճակ էր, որը պոկվել էր մամայիս վերարկուից ու դրված էր ոչ պակաս միստիկ դարակում: Այնտեղ պահում էինք սուր գործիքներ, ավելորդ իրեր, լիքը ուրիշ կոճակներ, մեխեր և այլն: Քանի դեռ կոճակը չէր պոկվել մամայիս վերարկուից, ինձ համար ոչինչ չէր ներկայացնում: Պոկվելուց հետո կոճակի անունը Վտանգ դրեցի ու մամայիս խնդրում էի, որ Վտանգին չթողնի դուրս գա դարակից: Մաման սկզբից չէր հասկանում ինչի մասին եմ խոսում, հետո, երբ ցույց տվեցի կոճակը, ծիծաղեց: Վտանգին ես գրեթե ամեն օր տեսնում էի երազումս, թե ինչպես է դարակից դուրս գալիս, կոպիտ բարձրակրունկներ հագած քայլում դեպի իմ սենյակը ու ողջ ճանապարհին խոսում: Վտանգի աչքերը մեծ էին ու կոճակի երկու կողմերի վրա տեղադրված` իրարից բավականին հեռու: Հիշում եմ նաև երկար թարթիչները: Վտանգն ուներ մանր ու արագաշարժ ոտքեր, ուրիշ ոչինչ չուներ:

Վտանգի մեջ ամենաշատը տպավորվել է իր գորշ ու տհաճ գույնը, մեկ էլ ձայնը` բարձր, համարյա գոռոցին հասնող: Վտանգը բերան չուներ, ես չեմ հիշում, թե արդյոք երբևէ ինքս ինձ հարցրե՞լ եմ` այդ դեպքում ինչպես է նա խոսում:

Ամեն գիշեր, Վտանգը դարակից դուրս էր գալիս, իր կոշիկները ուժեղ զարկելով հատակին` քայլում էր դեպի իմ ննջարան ու անընդհատ խոսում էր, ոչ մի անգամ նա լուռ չէր մնում: Երբ դուռը բացում էր, քայլերը դանդաղեցնում էր ու դա ինձ ավելի էր սարսափեցնում: Վեր թռնելուց հետո դեռ մի քանի վայրկյան ես տեսնում էի Վտանգին` մեծ ու գորշ կոճակի տեսքով, հետո այն փոքրանում էր ու աստիճանաբար անհետանում:

Առավոտյան ես ռիսկ չէի անում բացելու դարակն ու տեսնելու` արդյոք Վտանգն այնտեղ է, թե ոչ, որովհետև ես վախենում էի իրենից, նույնիսկ արթուն ժամանակ, նույնիսկ առավոտյան, երբ բոլորը տանն էին:

Վտանգն իմ մանկության ամենամեծ վախերից մեկն էր, մինչև հիմա ինքը ու իր պես մի քանի կոճակ պառկած են այդ դարակում, Վտանգն էլ ինձ չի սպառնում, ես նույնիսկ մոռացել եմ իր ձայնը, այնքան վաղուց չի երևացել:

Ժամանակի ընթացքում կոճակից վախն անցավ, բայց վտանգից վախը` մնաց:

Հիմա ափսոսում եմ, որ վախենում էի Վտանգից: Ես կուզեի, որ Վտանգը մի անգամ էլ ինձ այցելեր ու մենք մարդավարի խոսեինք: Ես սիրով ընկերություն կանեի իմ մանկության բոլոր վախերի հետ:

Recent Posts

See All

Կարված քաղաք

- Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը:

Թե որքան լավն էր Լիլիթը

Լիլիթը` իր անունից գոհ, վազում է ու ամեն անցնողին պատմում, թե ինչքան լավն է ինքը. - Ես սիրուն բլթակներ ունեմ,- ասում է...

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի...

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page