Մահը մի ոտքի վրա կանգնելուց հոգնեց, ձեռքի մանգաղն էլ չկարողացավ հետը քարշ տալ, շորերը պատռվեցին երկար քայլելուց, ծարավեց ու որոշեց մարդկանցից ջուր խնդրել: Հանեց սև թիկնոցը, սև վերնաշապիկն ու տաբատը, մերկ վազեց մայրուղով, որ խղճահարություն առաջացնի: Մահվանը գտան սառած ու կուչ եկած մի աննկատ պանդոկի դիմաց, ներս տարան, պանդոկում աշխատող չաղլիկ տիկինը մահվանը կարմիր պուտիկներով զգեստ հագցրեց, մազերը սանրեց, իր կիսատ օծանելիքից մի փոքր ցանեց վրան ու մահն ուշքի եկավ: Մահվանը դուր եկավ պանդոկն ու իր տեսքը, մահը ձևացրեց, թե չի հիշում իր ով լինելը, մահը ձևացրեց, թե վախենում է մենակ մնալուց, մահը ուրացավ ինքն իրեն, ասաց, որ մահվանից վախենում է: Մահը տեղավորվեց մարդկանց աշխարհում ու իրեն լավ զգաց այնտեղ: Մի անգամ էլ մահն իմ ձեռքն ընկավ, ես նրան տուն տարա, իմ անկողինն իր հետ կիսեցի, միասին ճաշեցինք, պուտիկավոր զգեստը լվացի, իրեն էլ լողացրի ու հեքիաթ պատմեցի, որ քնի: Մահվանը դուր եկավ հեքիաթն ու վերջնականապես որոշեց մնալ ինձ մոտ: Բայց երկար չէր կարող թաքնվել, առանց մահվան մարդիկ չէին կարող,մարդկանց մահը հարկավոր էր, մահը պետք է մի օր վերադառնար իր մշտական աշխատանքին: Բայց նա չէր ուզում, մահը ուրացել էր ինքն իրեն, մահը փախել էր ինքն իրենից: Երկար մտածելուց հետո մահը երկու օրով անհետացավ, երբ վերադարձավ, ձեռքին իր մանգաղն էր ու սև հագուստները: Մահն առանց բացատրություն տալու վրայիցս հանեց շորերս, հագցրեց իր սև հագուստները, մանգաղը ձեռքս տվեց ու ասաց` գնա, գործս շարունակիր: Ես քո տեղը կապրեմ:
top of page
bottom of page
Comments