Երևի պետք չէր սենյակ մտնել: Սեղանի ծայրին դրված բաժակին երբեք չեմ ների: Ինչ կարիք կար հենց այդ ժամին ու հենց այդ դիրքով, առանց որևէ մեկի միջամտությամբ, իրեն նետեր փայտե հատակն ու կտորների բաժանվեր:
Եղբայրս քնած էր պատշգամբում: Չէ, գիշեր չէր, կարիք չկա երևակայությունն աշխատեցնելու: Սարսափ պատմությունն իրականում գիշերվա կարիք չունի, ոչ էլ մի խումբ ուրվականների: Ընդամենը սենյակ, բաժակի կտորտանքներ ու քուն մտած եղբայր: Պատշգամբից դեպի սենյակ բացվող պատուհան, որտեղից ցուրտ էր փչում: Ապակու կտորները այսուայնկողմ թռան ու տեսադաշտիցս կորան: Փոքր տարիքում մեզ կարգադրված էր` ցանկացած տեղում կոտրվող իր անմիջապես հավաքել ու դեն նետել: Իսկ ես պահը կորցրի, ուշացա: Կտորներին մոռացած մոտեցա, որ փակեմ պատուհանը, իրականում` ցրտի մուտքը: Բայց պատշգամբի բոլոր պատուհանները փակ էին` իրենց հնարավորության սահմաններում: Ուրեմն ցուրտը՞:
Չէ, էլի ուրվականի կամ մի այլ ոգու վրա չգցեք: Սա այդ դեպքը չէ: Ցուրտը փաստորեն…եղբորիցս էր փչում: Չէ, եղբայրս մեռած չէր: Հետաքրքիր է` ինչի՞ց այդպես եզրակացրի, եթե նույնիսկ նրա շնչառությանն ուշադրություն չեմ դարձրել: Բայց անհետացած կտորները նորից անհանգստացրին ինձ: Նայեցի սենյակի չորսկողմը: Ինչ խոսք, դատարկ սենյակ էր` առանց որևէ առարկայի: Ինձ մի պահ հիմար զգացի: Սենյակում չտեսա ոչ սեղան և ոչ էլ մի ուրիշ հարմարանք, բայց բաժակը կոտրվել էր ու ընկել հատակին: Ու հիմա նույնիսկ նրա հետքը չկար: Սարսափելի մենակ զգացի: Դեռ մի քանի րոպե առաջ սենյակը հարգանքի արժանի իրերով լցված վայր էր:
Թեքվեցի եղբորս կողմը: Նրան չգտա արյունոտված ու դանակահարված: Ինձ ճիշտ հասկացեք, նրան ընդհանրապես չգտա իր տեղում: Փոխարենը անկողնու վրա կարճ, կոշտ ու սև մազեր կային: Հաստատ նրանն էին: Երբ երկար ժամանակ նույն դիրքում է պահում գլուխը, այսպես ասած մազ է թողնում: Հա, էդ դեպքում որտե՞ղ էր նրա գլուխը, կամ գոնե ինքն ամբողջությամբ:
Հետո ես հասկացա խաղի իմաստը: Դատարկվելն էր: Ինձ վախեցրեց այն, որ եղբորս անհետանալուց հետո փակ պատշգամբից դեռ ցուրտ էր փչում սենյակ: Անկողինը, հա՞: Երևի անկողինն է ցրտի հեղինակը:
Այդ պահին նկատեցի, որ սենյակը դուռ չուներ: Ես փակված էի: Ձեռքս պատուհանից ներս մտցրի, այնուհետև դեպի անկողինը տարա: Ավելի երկարացրի, որ կպչեմ սավանին ու վերջապես պարզեմ ցրտի պատճառը: Ձեռքս չէր հասնում: Ավելի երկարացրի: Ինչքան տեղ ունեի ձգվեցի ներքև: Մեկ էլ փայտանման հատվածի կպա: Մարդասպանի չոր գանգ չէր, այլ մեր հասարակ, երբեք իրեն չերևակայող փայտե հատակը: Վիճակս բարդացավ: Ինձ թվաց եղբայրս թիկունքումս է: Պտտվեցի: Էլի նույն զգացողությունը: Անընդհատ պտույտներ արեցի, որ վերջապես հասկանամ` թիկունքս որ մասում է: Չեղավ: Եթե ցուրտն էլ վերանա, վերջնական կհիասթափվեմ այս սենյակից: Հատակն էլ իր հերթին միացավ խաղին. փայտի վրա անզգուշորեն արված խազերը լցվեցին, դարձան միագույն: Փաստորեն շուտով ոտքիս տակ ոչինչ չեմ զգալու: Հետաքրքիր է` ինչքան կկարողանամ այդ դիրքում կանգնած մնալ:
Քանի դեռ դա տեղի չէր ունեցել, սկսեցի զբոսնել փակ տարածքում ու ոտքերս ինչքան հնարավոր է ամուր դրեցի գետնին: Արյունոտվեց: Սարսափ պատմություններին բնորոշ միակ ու վերջին դետալը հայտնվեց անսպասելի: Կրունկիցս մինչև թաթը դեպի աջ թեքված ծուռմռտիկ գծով պատռվածք երևաց ոտքիս: Մի անգամ էլ սեղմեցի գետնին, արյունը ավելի կարմրեց ու շատացավ: Ոտքիս դրած մասում ոչինչ չկար, բացի հարթ ու արդեն որևէ կոնկրետ գույն չունեցող հատակից: Միանգամից կասկածեցի բաժակի կտորներին: Թեկուզև անհետացած, ինչ է եղել որ: Շատ հնարավոր է, որ անհետացած առարկան իր վնասելու հատկությունը դեռևս որոշ ժամանակ պահպանում է: Այդ սենյակում, որ հաստատ:
Չէ, հարցը այն չէ, որ ինձ չվախեցրեց ոտքիս արյունը: Այս պատմության միակ սարսափելի կողմը ոչ թե սեղանի, ապակու կտորների, պատուհանների ու եղբորս անհետացումն էր, այլ այն զգացողությունը, որ ոչինչ իրականում չէր անհետացել, պարզապես չէր երևում:
Ցուրտը միակն էր, որ մնաց հետս մինչև վերջ: Ինձ թվում է՝ ինչ-որ մեկի հետ գրազ էր եկել: Եղբորս հարցերը մի օր կլուծեմ, դա հեչ: Ապակու կտորներին էլ գուցե ներեմ, եթե բարեհաճեն աչքիս երևալ:
Բայց ինձ դժվար ներեմ: Հենց սկզբից էլ պետք չէր սենյակ մտնել:
تعليقات