Մեր ծիրանանոցը մեզ համար տիեզերք էր` անսահման մեծ ու խիտ: Այնտեղ բոլոր սեզոններին անելիք ունեինք: Ցոգոլի սեզոնին խուլիգանների պես հարձակվում էինք ծառերի վրա, դրա համար ծիրանի սեզոնին պարապ ու սոված էինք մնում: Ցրտերն ընկնելուն պես ավելի քիչ էինք գնում այնտեղ, իսկ եթե թե գնում էլ էինք` միայն բրդյա վերմակով ու վերարկուով: Պահմտոցի խաղալիս ծառերը մեր ամենահարմար թաքստոցն էին:
Ես այդ ժամանակ Ժ-ին էի սիրում: Ժ-ն երբեմն չէր մասնակցում մեր խաղերին, փոքր եք` ասում էր ու մեծերի հետ տաղավարում ծխելու գնում: Մենք բոլորս կարոտում էինք Ժ-ին, նա մեր բոլորի ասպետն էր: Նրա տան պատերին գյուղի բոլոր աղջիկների անունները փորագրված էին ու սրտիկներով զարդարված: Նա իսկական հերոս էր, քանի որ մի օրում կարողանում էր երկու անգամ սիրահարվել:
Ժ-ն քրոջս էլ էր սիրահարվել, իրենց այգու բոլոր ծաղիկները պոկել էր ու նվիրել նրան: Դրա համար Ժ-ն ծեծ կերավ ու տանը փակվեց մի քանի օրով: Ես համոզված էի, որ մի օր նա ինձ էլ կսիրահարվի, դրա համար ինձ պատեպատ չէի տալիս ու մի կերպ դիմանում էի:
Մի օր առավոտյան որոշեցինք ես, Ժ-ն ու քույրս զբոսնել ծիրանանոցով մեկ: Հասանք շատ հեռու, այնքան հեռու, որ նույնիսկ տարածքը մեզ անծանոթ դարձավ: Ժ-ն թռչնի բույն գտավ ծառերից մեկի վրա, բնի մեջ էլ` երեք ձու: Վերցրեց դրանք, երկուսը տվեց ինձ ու քրոջս, իսկ մյուսը իր մոտ պահեց: Երբ շարունակեցինք քայլելը, ձեռքիս մեջ ձուն ջարդվեց ու դուրս ծորաց: Ժ-ն ասաց, որ պետք չէր այդքան պինդ սեղմել ափի մեջ: Ծիրանանոցը աչքիս առաջ մի վայրկյանում փոխակերպվեց, դարձավ դատարկ տարածություն, որտեղ ոչ ոք չկար` քույրս, Ժ-ն, մյուները, խակ ցոգոլներն ու Ժ-ի հարյուրհազարավոր սիրելիները: Այդ տարածությունից կոտրված ձվի հոտ էր գալիս:
Մի անգամ էլ քրոջս հետ ինքնագլուխ որոշեցինք քայլել ծիրանանոցի ուղիղ գծով ու գնալ այնքան, մինչև որ մի հետաքրքիր բան կպատահի: Ժամեր անցան, երբ հանդիպեցինք հին, մաշված ու դեղին ավտոբուսի, որը կարծես թե կիսով չափ գետնի տակ էր: Մենք նստեցինք երկաթե սուր եզրին ու լիմոնադ խմեցինք: Քրոջս հետ պայմանավորվեցինք, որ սա մեր գաղտնի տունը կլինի: Այստեղ կգանք միայն երկուսով ու մեկ ժամ կապրենք` եզրին նստած: Հետո հոգնեցինք դեղին ավտոբուսից ու որոշեցինք շարունակել ճանապարհը: Որոշեցինք, որ ևս երկու գաղտնի տուն պետք է գտնենք մեզ համար, միայն այդ դեպքում կարող ենք վերադառնալ: Ամեն ինչ սպասվածից ավելի շուտ գտնվեց. ուղիղ մի քանի քայլ այն կողմ ծառի վրա տուն նկատեցինք, որը աստիճան ուներ: Բարձրացանք ու այնտեղ քնած մարդ հայտնաբերեցինք` հավանաբար հովիվն էր: Իսկ երրորդը մեզ սպասում էր մի փոքր ավելի հեռու վայրում: Ծառի տնից քայլեցինք դեպի մեծ աղբանոցը, որի կողքին ծղոտներով ամրացված անկողին կար` ծղոտե տանիքով, սակայն ծածկված մի կողմից միայն: Մի քանի րոպե մեր երրորդ գաղտնի տանը մնալուց հետո տուն եկանք` խոստանալով, որ չենք մոռանա այդ երեքին ու որ անպայման էլի կգնանք:
Ամռան վերջին Ժ-ն մեկ օրով ինձ սիրահարվեց ու այդ մասին խաղերից մեկի ժամանակ ականջիս փսփսաց: Ես գոհ մնացի: Դա էլ քիչ չէր:
Ծիրանանոցը մեզ համար տիեզերք էր, ինձ ու քրոջս համար` գաղտնարան, առեղծվածային մի վայր, որտեղ իրար կողք կողքի երեք գաղտնի տուն ունեինք ու որտեղ այլևս երբեք երկրորդ անգամ չգնացինք:
Comments