Երեկ գիշերվա կեսին զգացի, թե ոնց է փողոցի շարքային գողերից մեկը տուն ներխուժել: Ալարեցի տեղերիցս վեր կենալ ու միջամտել գործին: Սուսուփուս ինչ-որ պետքն է կատարել էր ու առանց հետք թողնելու հեռացել: Լուսադեմին արթնացա, մանրակրկիտ ստուգեցի ողջ սենյակը, առանց որևէ ծակուծուկ բաց թողնելու: Ուզում էի պարզել, թե ինչ է հետը տարել, թե սենյակիս որ մի հատվածին է ուշադրություն դարձրել գիշերային այցելուս: Ու այդպես էլ ոչինչ գողացված ու իր տեղից դուրս տարված չգտա: Ամեն ինչ իր սովորական տեղում էր՝ սեղանիս թղթերի վրա դրված կես բաժակ սոդայաջուրը, որ ամեն առավոտ ստամոքսիս համար էի խմում, կրծոտած խնձորը, դեղնած ու մահամերձ մուկը պատի անկյունից, ճռռացող աթոռակս. ողջն իրենց տեղում էին: Ուրախացա ու շարունակեցի նույն կյանքով ապրել՝ ինչպես նախկինում: Ստամոքսիս ցավն էր անգամ վերացել: Ու երբ մի անգամ բժշկին այցելեցի ու խնդրեցի մի լավ ստուգել՝ ոտքից գլուխ, ինձ պառկեցրեց, ստուգելու ընթացքում երկար-բարակ մտածեց, հետո ժպտաց, ծիծաղեց, լաց եղավ, անգամ՝ հեկեկաց. ամեն ինչ արեց՝ բացի ինձ բացատրություն տալուց:
Հետո հարցրի՝ բժիշկ, ստուգեցի՞ք, ի՞նչ պարզվեց
Մի պահ նայեց բաճկոնիս կիսակար կոճակին ու խորը շունչ քաշելով՝ ասաց.
- Ես այնտեղ ոչինչ չգտա ստուգելու համար:
Comentários