-
- Սառն է
- ասում են: Լսել եմ, որ երբեմն տաք է
- ավազոտ է: Փհհհ, ոնց էլ դիմանում են
- ծակոցների՞ն: Էհ, երբեք ավազ չե՞ս տեսել
- չէ, որտեղից
- մի անգամ եկողներից մեկն էր հետը բերել: Մարմնից հազիվ պոկեցինք
- ու ասում են ներսում մանր-մունր բաներ էլ կան
- էհ, ո՞ր մեկիս ներսում չկան էդպիսիններից
- չէ, դրանք շարժվում են
- մերոնք էլ են շարժվում
- սողում են
- թող լինի սողալ, ի՞նչ կա որ
- ու լպրծուն են, կպչուն, զզվելի: Ու ցավեցնում են
- լավ հանձնվում եմ: Իմոնք կլոր են ու հեչ էլ կպչուն չեն
- դեռ կհասցնեն: Նոր են: Ասում են ներսում քարեր էլ կան: Դու գիտե՞ս, թե դա ինչ բան է
- առաջին անգամ եմ լսում
- չէ, ես տեսել եմ դրանցից: բայց տեսածներս ավելի մեծ էին, վրան էլ ինչ-որ բաներ էին գրված
- իմ տեսածների վրա մենակ թվեր էին
- բա ասում ես, երբեք չես տեսել
- հիշեցի: Ավազն իր հետ բերողից եմ իմացել: Վրան էլ խաչեր կային
- խաչե՞ր
- հա, հեչ չե՞ս տեսել: Երկուսն իրար հատում են: Հասկանու՞մ ես: Կողք կողքի չէ: Այլ իրար վրա
- բարդ ես խոսում
- հա: Ժամանակին էդ դրանցից մեկի վրա Քրիստոսին են խաչել
- ու՞մ
- մեսսիային: Հին լեգենդ է: Դժվար, թե հիշես
- իսկ քո կարծիքով ցավո՞տ է
- Որտե՞ղ
- էնտեղ, ներքևում
- չգիտեմ: պատկերացում չունեմ
- ինձ թվում է հա, ցավոտ է
- քեզ դու՞ր է գալիս այդ բառը
- դուր է գալիս: Ցավ: Ինչ թեթև է հնչում
- ըհն, իր պես
- դե էլ մի: Պատմիր, դա ո՞նց պատահեց
- սովորական: նավակով էի: Հետո հոպլյա: Հասկացա՞ր
- չէ, նկարագրիր
- կանաչ նավակը: ես: Աղջիկը: Հետո էլ մեր ծանոթ հոպլյան
- ո՞վ
- միանգամիցը
- ճանաչու՞մ ես
- չէ, մի անգամ աչքովս ընկել է: Էն էլ վերջին անգամն էր
- կասե՞ս աչքերն ինչ են
- էհ, երկար պատմություն է: Երկուսն են
- մի՞շտ
- ոչ միշտ: Պատահում է, որ ավելի քիչ են լինում
- ինչքա՞ն քիչ
- շատ քիչ
- իսկ պատահու՞մ է, որ շատ լինեն
- չեմ հանդիպել
- ասա, ներքևում քամի կա՞
- կա
- իսկ արև՞
- կա, ամեն ինչի երկրորդն էլ կա: Եղբայրը: Պա՞րզ է
- Իսկ եղբայրն ավելի լա՞վն է լինում
- հիմնականում հա: Տես: Արևի եղբայրը: Ավելի գեղեցիկ է: Ալիքների վրա շողում է, լող է տալիս: Իսկ այդ քո արևը կարո՞ղ էր լող տալ
- չէ
- տեսնու՞մ ես: Ինքը լողալ չգիտի, իսկ եղբայրն ինձնից էլ լավ է լողում: Մենակ թե էդ անտեր հոպլյան...
- ալիքները ո՞նց են շարժվուն
- հասարակ: Աջ-ձախ, վերև-ներքև
- գեղեցի՞կ են
- պիտի որ
- մեզ ներքևում լսու՞մ են
- լսում են: բայց չլսելու են տալիս
- իսկ հասկանու՞մ են
- հասկանում են
- երկա՞ր
- շատ երկար
- ինչու՞ երբեք էստեղ չեն նայում
- վախենում են
- մեզնի՞ց
- չէ: վախենում են, որ էլ չեն կարողանա ներքև իջնել
- ախր ի՞նչ կա էստեղ այդքան կարևոր
- կապույտ: դրանք կապույտի մեռած են
- մարդի՞կ
- էյ, դրանց անունը չտաս: հա մարդիկ: այդ շնչողները: կապույտի մեռած են
- բայց էստեղ սպիտակից էլ կա
- քիչ է: ու չի համոզում: իսկ կապույտը...
- կարմիր էլ կա, դեղին էլ, անգամ սև
- չէ, դրանք երկրորդական են: կարևորը կապույտն է
- մարդիկ
- առը քեզ
- մարդիկ
- գրողի տարած, ի՞նչ
- դու էլ ես դրանցից
- եղել եմ: բայց փոշմանել եմ
- էլ չե՞ս
- չեմ
- բայց դու այն օրը երգում էիր: երգածդ էլ կապույտ էր: ձայնդ էլ: հիմա էլ, որ խոսում ես, վրայիցդ կապույտի հոտ է գալիս
- քեզնից էլ վառած ածուխի
- էհ: մենակ ասում ես
- իսկ դու փորձիր երգել: տեսնեմ երգածդ ի՞նչ գույնի կլինի
- եթե կարողանայի երգել, ինքս էլ կապույտ կլինեի
- բայց մեկ է: կապույտի պես ես մտածում: դա էլ հո չես կարող հերքել
- իսկ եթե ներքևում իմանան, որ իրենցից ենք խոսում
- է, թող իմանան, ի՞նչ կա որ
- ու որոշեն մեզ մոտ գալ
- գժվեցի՞ր
- հա: պատկերացրու: որոշեն բարձրանալ վերև
- մենք էլ կիջնենք
- բա եթե իրե՞նք էլ իջնեն
- նորից կբարձրանանք
- իսկ եթե համ էստեղ լինեն, համ ներքևու՞մ
- այդ ժամանակ արդեն մենք չենք լինի
- համոզվա՞ծ ես
- հա: իսկ եթե անգամ լինենք, կփախնենք հեռու
- ինչքա՞ն հեռու
- շատ, շատ հեռու: շատ խորը: քարերի հետ: հասկանու՞մ ես
- չէ
- ավազների կողքին: իսկ հիմա՞
- մի քիչ
- կապույտի մեկը...իսկական կապույտ ես
- այդ ո՞ր մի կապույտի վրայից է ածուխի հոտ գալիս
- դու կլինես առաջինը
- ի՞նչ բան է եղեգնը
- երկար-բարակ պատմություն է
- իսկ մամուռը՞
- ը...լպրծուն է
- ցավո՞տ է
- մամու՞ռը: է, թող լինի ցավոտ: այդքան շատ է հա՞ դուրդ գալիս այդ բառը
- հա, մի տեսակ ձգում է
- մամուռն էլ է էդպես: ու այնտեղ գտնվող ամեն ինչը: գիտե՞ս, մենակ կապույտներն են փչացնում ամեն ինչ: Զզվելի, զզվելի կապույտներ են
- ի՞նչն են փչացնում
- մամուռները, քարերը: Կապույտները փակել են հորիզոնը: Տես, էլ ոչինչ պարզ չի երևում: Թու...արդեն հոգնել եմ
- իսկ ո՞նց են հոգնում
- հենց էդպես: Վերցնում ես ու հոպլյա...հոգնում ես
- ես էլ եմ ուզում փորձել էդ քո հոպլյաներից
- էհ, ոչ համով են, ոչ էլ ցավոտ, ինչի՞դ են պետք
- բան չե՞ս զգում
- չէ, առանձնապես ոչինչ
- բայց մեկ է: ուզում եմ փորձել
- կփորձես: քիչ է մնացել: համբերիր
- իսկ ի՞նչ բան է աղջիկը
- գրողը տանի: դա՞ որտեղից գտար
- քեզնից
- իզուր բերանիցս թռցրեցի: աղջիկը... կազմված է հարյուրհազարավոր փոքր-մոքր բաներից: գունավորմամբ՝ թափանցիկ է
- ես չեմ հասկանում
- դե..համեղ պատառ է
- իսկ ցավո՞տ է
- այն էլ ինչպես: բայց միայն սկզբում: հետո արդեն չէ
- դժվար ես խոսում
- մազեր ունի: քիթ: բերան: Հա, երկու հատ էլ էն սիրուն բաներից ունի
- որոնցի՞ց
- էն որ չունեն մյուս տեսակի կապույտները
- դու ունե՞իր դրանցից, երբ որ կապույտ էիր
- ունեի:
- իսկ աղջիկը լպրծու՞ն է
- չափից դուրս շատ
- ի՞նչ գույնի է
- ըըը... կարմիր
- պիտի որ գեղեցիկ լինի
- հա...ցավն էլ հենց դա է..գեղեցիկ է
- դրանից եմ ուզում
- կարմիրի՞ց: գործ չունես: վտանգավոր բան է
- թքած
- հիմա ես էդպես ասում
***
- ասում ես սա՞ռն է
- երբեմն: երբեմն տաք է
- ի՞նչ բան է տաքը
- դա մեղմացնում է առաջինին, բայց դրանք իրար հեչ չեն սիրում, ողջ օրն իրար թարս են նայում
- էհ, էլի չեմ հասկանում
- տաքը կարմիրի տեսակներից է
- ուրեմն լավ բան է
- բավականին
- կերգե՞ս
- մեկ է կապույտավարի է ստացվելու
- չէ, երգիր: էնպես երգիր, որ ներքևում լսեն
- հիմարիկ: մեզ միշտ էլ լսում են
- հապա..
- չլսելու են տալիս: թքած ունեն մեզ վրա: ոնց որ մենք՝ իրենց վրա
- մենք թքած չունենք: Ախր ամբողջ ժամանակ իրենցից ենք խոսում
- իրենք էլ՝ մեզնից
- կապույտները...մեզնի՞ց են խոսում
- բա ոնց: դրա համար էլ կապույտ են
- խոսում ենք ու չենք ուզում տեսնել իրար
- շուրջդ նայիր: ամբողջը կապույտ է
- ուրեմն..
- հա, վարակվել ենք:
- հանուն ինչի՞
- հանու՞ն...դա չափից դուրս մեծ բառ է կապույտներիս համար
***
- ասում ես, սա՞ռն է
- երբեմն: մեկ-մեկ տաք է
- կարմիրի՞ց
- ըհն: կարմիրից
- ավազո՞տ է: ոնց էլ դիմանում են
- կապույտ են: դրանից է
- մեզ լսու՞մ են ներքևում
- լսում են
- իսկ ինչու՞ երբեք չեն պատասխանում
- չլսելու են տալիս: թքած իրենց վրա
- չէ: թքած չունենք: ախր ամբողջ ժամանակ իրենցից ենք խոսում
- ..իրենք էլ՝ մեզնից...
...
Comments