top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

տանս եղած իրերը

տանս եղած բոլոր կարմիր իրերը՝ նրան, ով առանց ինձ հարցնելու սխալ որոշումներ էր կայացնում ու հետո ինձնից պահանջում իր խնդիրների լուծումը. քանի որ գտնում եմ, որ նրան պակասում էր ներքին եռանդը ու մի փոքր ամոթխածության զգացումը

տանս եղած բոլոր կապույտ իրերը՝ նրան, ով ինձնից առաջ էր երեք քայլով միայն ու իմ ողջ կյանքում երեսով էր տալիս այդ քայլերը՝ դրանք վերածելով հսկայական արահետների. քանի որ գտնում եմ, որ նա կարիք ունի մի լավ ու կուշտ քնի՝ կապույտ երազներով հագեցած

տանս եղած բոլոր դեղին իրերը՝ նրան, ով այնքան լավ կարողացավ կրկնօրինակել իմ կյանքն ու իրենով անել, որ ստիպված էր մինչև կյանքի վերջը իմ բեռներն ինքը կրել. քանի որ գտնում եմ, որ նա պիտի լույսով սնվի այսուհետև

տանս եղած բոլոր կանաչ իրերը՝ նրան, ում սիրում եմ բոլորից առավել. թե ով է նա՝ պիտի որ հենց ինքն իմանա, հակառակ դեպքում նա այլևս նա չէ

տանս եղած բոլոր սպիտակ իրերը՝ նրան, ով լքեց ինձ ամենաառաջինը ու երբեք փորձ չարեց ետ վերադառնալ. քանի որ գտնում եմ, որ նա արժանի է մառախուղի մեջ լինել իր ողջ մնացյալ կյանքում

տանս եղած բոլոր մոխրագույն իրերը՝ նրանց, ովքեր մինչև հիմա էլ նստած են իրենց տան անկյուններում ու իմ մահը ցանկանում. որովհետև գտնում եմ, որ իրենք պիտի մոխրի վերածվեն ի վերջո

ու վերջապես կտակում եմ տանս եղած բոլոր սև իրերը նրան, ով գլխի ընկավ, թե ինչ էություն ունեմ, բայց լռեց իր հասկացածի մասին. որովհետև գտնում եմ, որ ամենամթին արարածը միայն կարող է տանս սև իրերի հետ վարվել ամենաճիշտ եղանակով:

0 comments

Recent Posts

See All

Կարված քաղաք

- Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը:

Թե որքան լավն էր Լիլիթը

Լիլիթը` իր անունից գոհ, վազում է ու ամեն անցնողին պատմում, թե ինչքան լավն է ինքը. - Ես սիրուն բլթակներ ունեմ,- ասում է...

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի...

コメント


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page