top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Շշուկներ սենյակների մասին

Ամեն ինչ աննկարագրելիորեն մոգական էր թվում մանկությանս տարիներին, ամեն ինչ շատ մեծ էր ու լի առեղծվածներով: Մեր տանը, համոզված էի, դեռևս կային անկյուններ, որ թվում էր՝ բացահայտվելու են, երբ մի քիչ էլ մեծանամ: Ես չէի կարողանում տունն ընկալել ամբողջության մեջ ու սենյակներից յուրաքանչյուրն իր յուրահատուկ նշանակությունն ու իմաստը ուներ իմ մտքում: Ու հետո ես համոզված էի, որ ինձնից թաքցնում են սենյակների գլխավոր իմաստը ու խաբկանքի մեջ էի, երբ պարզվում էր, որ այս մեկը քնելու համար է նախատեսված, մյուսը՝ հյուրերի: Հնարավոր չէ՝ պնդում էի ու շարունակում յուրաքանչյուր սենյակի մեջ գտնել իր մոգականության աղբյուրը:

Ննջարանի հետ կապն ամենաուժեղն էր. այն երևակայությանս մեջ կապույտ ու քնեցնող երանգով է տպավորվել, որ ամեն անգամ այդ գույնը հիշելիս մարմնովս հաճելի դող էր անցնում ու սենյակն ինձ ապահովության զգացոմ էր տալիս: Ննջարանում իմ բոլոր մանկական վախերը մեղմանում էին ու վերածվում հեքիաթների, որ հետո անպայման ինքս էի պատմում մայրիկին՝ քնելուց առաջ: Ննջարանում ժամանակը կանգ էր առնում, իսկ դա ցրում էր իմ անհանգստությունները, քանի որ փոքր տարիքում շատ պարզորեն զգում էի, որ ժամանակն իմ թշնամին է ու ի վնաս ինձ է շարժվում՝ ձեռքիցս խլելով տան կախարդական հատկությունները ու սենյակները դարձնելով էլ ավելի հասարակ ու ըմբռնելի: Ննջարանում կանգ էր առնում իմ փոքրիկ ու դեռ նոր ձևավորվող ենթագիտակցության հոսքը ու ես ընկնում էի այլ իրականության մեջ, որտեղ վտանգ հնարավոր չէր զգալ՝ անգամ մեծ ցանկության դեպքում:

Հյուրասենյակը հիշեցնում էր ինձ դրսի աշխարհը՝ լի օտար մարդկանցով ու իրենց օտար սովորություններով, որ փչացնում էին սենյակների խորհրդավորությունը: Հյուրասենյակի պատերի գույնը ինձ ոչինչ չէր հուշում ու ոչ էլ պատմում էր իր ներսում եղած գաղտնիքների մասին ու ես ստիպված էի լինում, ականջներս սրել ու երկար նայել պատերին՝ իրենցից գոնե մի գաղտնիք կորզելու համար: Ու հետո դեպի հյուրասենյակ մուտքը հատուկ պայմանով էր ու այնտեղ երբեք չէր կարելի այնքան խաղաղված լինել, ինչպես ննջարանի կապտավուն պատերի ներսում: Հյուրասենյակում կյանքիս ժամերը ավելի արագ էին շարժվում ու ես չէի հասցնում փախնել իրենցից ու հայտնվում էի ժամանակի անվերջ վազքի տակ:

Միջանցքը անցում էր, իսկ անցումները միշտ էլ տարաշխարհիկ էին ու անվերջանալի ձգվում էին դեպի զուգահեռ իրականություններ: Բավական էր միայն կանգնել միջանցքի մեջտեղում ու միագույն հատակը տեղում կհուշեր քեզ, թե որ իրականության մեջ պիտի հայտնվել այդ օրը և թե ուր գնալ՝ այնտեղ հասնելու համար:

Իսկ պատշգամբից վախենում էի, այնտեղից դեպի իմ ապահով տարածք շատ հանգիստ կարող էին ներխուժել ամենատարբեր արարածները, որ կարող էին դրսի աշխարհում պատահել: Պատշգամբի դուռը միշտ չարագուշակ էր ու վախեցնող, այնտեղ թաքնված էին բոլորիս համար տհաճ ու անցանկալի ձայներ, որ միայն գիշերն էին համարձակություն առնում ներս թափանցելու:

Դեռ փոքր հասակում տան ու ներսում գտնվող սենյակների հետ կապվածությունը ուժեղ է եղել: Ոչինչ երբեք չի կարողացել փոխարինել այն հանգստությանն ու թեթևությանը, որ զգացել եմ տան պատերի ներսում:

Ու հետո մի բան էլ կար՝ ես համոզված էի, որ մեծ ցանկության դեպքում տան դուռը բացելիս ամեն անգամ կարող եմ այլ աշխարհում հայտնվել, իսկ գիշերը տանը թափառելու դեպքում՝ համոզված էի, որ գտնելու էի գաղտնարաններ ու դռներ, որոնք ցերեկը գոյություն չէին ունենալու: Իմ համոզմունքերն իրական էին, խանգարում էր միայն չիմացությունը, որովհետև նաև համոզված էի, որ տան մեծ գաղտնիքը ամենաշատը միջանցքին է հայտնի:

Իսկ միջանցքը՝ լուռ էր ու ցավալիորեն թաքցնում էր կախարդության հետքերն ինձնից՝ իրեն ամենաշատը վստահողից:

Recent Posts

See All

Կարված քաղաք

- Գլխարկդ չմոռանաս վերցնել,- ահա թե ինչպես պիտի սկսեր մորս հետ հերթական խոսակցությունը, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել այդ օրը:

Թե որքան լավն էր Լիլիթը

Լիլիթը` իր անունից գոհ, վազում է ու ամեն անցնողին պատմում, թե ինչքան լավն է ինքը. - Ես սիրուն բլթակներ ունեմ,- ասում է...

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page