Դուք դասախոս եք, իսկ ես ուսանող եմ
Դուք` նշանակում է բացարձակ բարձրություն
Ես` նշանակում է հարաբերական գոյություն:
Առաջին անգա՞մ եք լսում: Դա էլ իմ հնարած տերմինն է: Ես էլ ունեմ իմ սեփական պայմանական նշանների ամբողջությունը, ու դա բնավ լեգենդա չի կոչվում:
Ոչ մի ընկերություն: Ո՞նց կարող է ընկերություն լինել բացարձակ բարձրության ու հարաբերական գոյության միջև: Ոնց որ և չի կարող լինել ընկերություն բորենու ու իր սննդի միջև, ոնց որ ասենք չեն կարող ընկերներ լինել մեռածն ու ողջը, իրար հետ երբեք չեն կարող զրուցել հասարակածն ու արևադարձը, որովհետև իրենց մեջ սահման կա, գիծ, ուղիղ ու երկար գիծ` մերձհասարակածը: Ստիպված կլինեն երկուսն էլ գոռալ` իրար լսելու համար: Պատկերացնու ՞ մ եք` ոնց կվախեցնեն տեղի բնակիչներին:
Դուք` փակ զոնա` փշալարերով
Ես` փակվող զոնա` առանց փշալարերի
Ինչպե՞ս կարող է ընկերություն լինել փակի ու դեռ նոր փակվել սկսողի միջև:
Հնարավոր չէ:
Դուք մեզ պատմում եք օդի խոնավության մասին, գոլորշանալու ու հալվելու մասին, իսկ գիտե՞ք, թե ինչ է ներքին խոնավությունը: Երբևէ գիշերվա կեսին վեր թռե՞լ եք անհաջող մղձավանջից ու ցրտից դողացրե՞լ եք գիշերվա կեսին` զգալով սառնություն, բայց ախր դրսում տաք է, իսկ որտեղի՞ց է գալիս այդ տենդը. այ հենց սա է իսկական խոնավությունը: Սա կոչվում է ներքին խոնավություն: Իսկ փորձե՞լ եք ձեր ներսի խոնավության հետ հաշվի նստել: Համոզված եղեք` բարդ գործ է: Իսկ երբևէ գոլորշացե՞լ եք: Այ հենց էդպես, վերցնում եք ու գոլորշանում, հետո երկինք եք հասնում ու այնտեղ վերածվում եք ջրի կաթիլների: Այդ պահին ձեզ թվում է, որ դուք միակն եք ջրի կաթիլների մեջ, հետո նայում եք ձեր շուրջն ու հասկանում, որ ընդամենը կես փոքրիկ ու անօգնական կաթիլ եք` ամբողջ հազարավոր կաթիլների մեջ: Այ հենց սկսում եք հասկանալ դա, այդ ժամանակ է, որ գալիս է հալվելու պահը` վերջնական, անվերադարձ..
Դուք` հալվող ու գոլորշացող փաթիլների մասնագետ
Ես` հալվող ու գոլորշացող փաթիլ
Տարբերությունը՝ ծովի մակարդակից հազարավոր կիլոմետրեր բարձր
Ես էլ ունեմ իմ սեփական գեոսինկլինալային համակարգը: Ու, ի տարբերություն ձերինի, ես այն կառավարել չեմ կարողանում, ես չեմ որոշում սեփական մագմայիս ժայթքելու ժամանակը: Դա պատահաբար է ստացվում: Աչքս թարթում եմ ու արդեն հանգած հրաբուխ եմ: Զզվելի զգացողություն է:
Դուք` խոնավ ու մշտադալար հասարակածային անտառների պահապան
Ես` խոնավ ու մշտադալար ծառի արմատ
Տարբերությունը` մոտավորապես երեք երկրաբանական ժամանակաշրջան
Ոնց էլ կարողանում եք այդքան հեշտությամբ խոսել լուսնի ու իր լույսի մասին, այդքան թեթևությամբ պատմում բլուրների ու սարերի տարբերությունը: Դուք գիտե՞ք, որ ինձ համար մառախուղը սովորական երկրամերձ շերտերում առաջացող ամպերի կույտ չէ, իսկ լուսինն արբանյակ չէ, ու ոչ էլ իմ տեսակի բլուրների բարձրությունն է մինչև երկու հարյուր մետր: Այդպես համոզված մի եղեք ամեն ինչում: Դրանցից ամեն մեկն ինձ համար յուրահատուկ սիմվոլ է, կենսակերպ, շնչելու համար նախատեսված նյութ: Դրանք էլ իմ օդի բաղադրության մեջ են մտնում: Դուք այդպես բացահայտ մի որոշեք ամբողջ մարդկության մթնոլորտի ու ջրոլորտի կազմությունը, դուք ամեն ինչում այդպես համոզված մի եղեք:
Դե իհարկե.
Դուք` մթնոլորտը, քարոլորտն ու այլ ոլորտներն ուսումնասիրած անձ
Ես` սովորական երկրամերձ շերտ
Միևնույն է: Հարավն ու հյուսիսն ինչ-որ մի ժամանակ ու ինչ-որ կետում հանդիպում են իրար: Հենց էդպես, ամեն մեկն իր հերթին մոտենալու քայլ է անում: Երբեմն նրանցից մեկը կամ առաջ չի շարժվում, կամ էլ հետ է քաշվում, այդ ժամանակ հանդիպումը երկարում է ևս մի երկրաբանական ժամանակաշրջանով:
Դուք` հյուսիս, հարավ ու մնացած թիթիզությունները
Ես` կետ, առաջ քայլող կետ, մոտեցող գիծ
Տարբերությունը` արեգակի հինգ պտույտ ամբողջ գալակտիկայի շուրջը
Ընկերություն չի կարող լինել մածնի ու կաթնաշոռի միջև, որովհետև մրցակիցներ են, ընկերություն չի կարող լինել արևմտյան ու արևելյան քամիների միջև, որովհետև իրենք միշտ իրար դեմ են լինում, ընկերություն չեն կարող անել վագրն ու առյուծը, որովհետև երբեք չեն հանդիպել միմյանց, չեն կարող ընկերներ լինել գետն ու լիճը, որովհետև դրանցից մեկի նպատակը շարժումն է, մյուսինը` քարացումը:
Ու վերջապես երբեք կողք կողքի չեն կարող քայլել գոտկատեղից վերևն ու գոտկատեղից ներքևը, որովհետև նրանք տարբեր ուղղությամբ են շարժվում ու յուրաքանչյուրի նպատակն ուրիշ է: Բայց ամբողջ տիեզերական անսահմանության մեջ գոյություն է ունենում մի փոքրիկ ու աննշան կետ, որտեղ նրանք հանդիպում են, իրար ականջի փսփսում են և ուզածի չափ ընկերություն են անում, որովհետև հոգնել են միևնույն պաշտոնը կատարելուց, որովհետև գետը ցանկանում է ժամանակ առ ժամանակ կանգ առնել ու շունչ քաշել, իսկ բորենին գոնե հազարից մեկ ցանկություն է ունենում իր սննդի հետ զրուցել, գրկել իրեն ու փսփսալ ականջին` նախքան կուլ տալը: Արևն էլ հոգնել է վառվելուց, իսկ լուսինը, երևի արդեն զզվել է իր վրա ոռնացող գայլերի ոհմակից:
Դուք` վառվող ու երբեք չհոգնող արև
Ես` վառվելուց հոգնած ու սառնությանը սիրահարված դեղնավուն աստղ
Տարբերությունը՝ ձեր դասախոսությունները Յուպիտերում գրի առնող այլմոլորակայինները կիմանան
Իսկ ես հոգնել եմ արդեն: Զզվել եմ ամեն մի անցնող-դարձողին ինձ մոտ հրավիրելուց, զզվել եմ դարպասներիս շղթաների նրբությունից ու շուտ բացվելու հատկությունիցս: Ինձ էլ դուր չի գալիս այս խաղը: Ու ոչ էլ խաղի կանոնները: Ամեն անգամ, երբ մի այդպիսի բացարձակ բարձրությանն, ինչպիսին դուք եք, վստահում եմ բանալիներս, դրանք վերջում աղավաղված ձևով հայտնվում են գրկիս մեջ, դրանք վերջում հետ են շպրտվում դեմքիս:
Բացեք ձեր պատուհանը: Թող փչեն պասսատներն ու մուսոնները: Հետո ինչ, որ անհնար է դա: Հո ձեր ներսի քամիներին վերահսկել կարող եք:
Ու մի արհամարհեք ձեզ առաջարկվող բանալիները: Դրանք սղոցային ժպիտով հետ մի շպրտեք դիմացինի դեմքին: Որովհետև դիմացինը ձեզնից պակաս վայրենի չէ:
Գոյություն ունի մի բան, որի շնորհիվ կարողանում եմ ապրել այս մոլորակում, որի շնորհիվ ամբողջությամբ չեմ գոլորշանում, որի միջոցով դեռևս պահպանում եմ երկնամերձ ու երկրամերձ շերտերս: Սերն է: Որովհետև, գրողը տանի, ինչքան էլ փորձեմ անտեսել մարդուն, մեկ է, ես մինչև ականջներիս ծայրը, ու գուցե ավելի վերև, սիրահարված եմ նրան` բնական, վայրի մարդուն:
Դուք` սուր ու ծակծկված թմրաբեր ծաղիկների անտառ
Ես` սուր ու ծակծկան թմրաբեր ծաղիկ
Տարբերությունը` կանաչ ու անանցանելի լիաների վրա բնակվող թափանցիկ հոգիների տեսանելիությունը` նայող, բայց երբեք չտեսնող մարդու կոպերի տակ:
Comments