top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

«Տրտմության Ֆիզիկան», Գեորգի Գոսպոդինով



…Միայն մանկություն ու մահ։ Եվ ոչինչ մեջտեղում։


Բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Տրտմության Ֆիզիկա»-ն կարեկցանքի մասին է՝ պատումի բարդ, ոչ գծային կառուցվածքով։ Սյուժեն հիշեցնում է լաբիրինթոս, որտեղ վեպի հերոսի ու լքված հրեշ-տղայի՝ Մինոտավրոսի հետ թափառում ենք անվերջ միջանցքներով, ապրում տարբեր կյանքեր ու կորում խճճված պատմությունների մեջ՝ կորցնելով նաև Արիադնեի թելը, որի օգնությամբ պիտի դուրս գայինք լաբիրինթոսից։


Սա բացառիկ վեպ էր ինձ համար։ Բացառիկ հաճույք էր այն կարդալը, միաժամանակ զգում էի թե՛ ուրախություն, թե՛ տխրություն ու կարոտ՝ երբևէ գոյություն ունեցած բոլոր մարդկանց, իրերի ու տարածքների հանդեպ։


**

…մելամաղձությունը դանդաղ լցնում է աշխարհը…ժամանակը կանգ է առել, աշունը չի ցանկանում հեռանալ, ամեն մի տարվա եղանակ աշուն է։ Համաշխարհային աշուն…։


Գրքի հերոսը պաթոլոգիկ էմպատիայով է տառապում. հերիք է տեսնի ու զգա մեկ ուրիշի ցավը՝ անմիջապես կարողանում է տեղափոխվել նրա գլխի մեջ ու տեսնել իր պատմությունը, ապրել այն։


**

Կարեկցանքի ծերացումը տարօրինակ ու ցավոտ գործընթաց է։ Դեպի ուրիշների պատմություններ տանող միջանցքները, որոնք ժամանակին բաց էին, այժմ պարսպապատ են։


Սա գիրք է մարդու միայնության, մարդու մեջ ապրող տխուր հրեշի ու հրեշի կերպարանքով տխուր մարդու մասին՝ մատուցված հումորի, թախիծի, ֆիզիկայի ու երևակայության բարակ շերտերով։


Հերոսը ցանկանում է վերադառնալ անցյալ ու իր մանկության ամենախաղաղ անկյունում կուչ գալ՝ երբեք այլևս չմտածելով առաջ շարժվելու մասին։ Մահ ու ծերություն՝ այս երկու անխուսափելի հրեշների դեմ ոչինչ հնարավոր չէ անել։


Բայց հնարավոր է մեղմել աշխարհի ցավը կարեկցանքի ու պատմությունների շնորհիվ, մարդկանց ընդունելով, լսելով և հասկանալով, նրանց չլքելով ու սիրելով։ Պատմությունները կարող են փոխել աշխարհն ու այնտեղ բնակվող տխուր արարածներիս։ Գոսպոդինովը տալիս է պարզագույն բանաձևը, իսկ կիրառելը՝ մնում է մեզ։


**

Չգիտեի, որ լեզվի տակ այսքան մահ է ննջում։










Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page