top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Վարդան Սմբատյան, կինօ՜պոեզիա, ակտուալ արվեստ


Ժողովածուն իր մեջ ներառում է բանաստեղծի՝ տարբեր ժամանակահատվածներում գրված բանաստեղծությունները։


Պոեզիան իր ձևվածքով միանգամյա գործողություն է՝ պատկերներն ու ռիթմը, հնչողությունն ու ներքին կապերը մեզ պատահում են մեկ շնչով. արդյունքում ստանում ենք երևակայական շինություն, որը կառուցվել է ձեռքի մեկ շարժումով ու հավերժ կանգուն է մնացել՝ շնորհիվ բանաստեղծի կախարդանքների։


Վարդան Սմբատյանի պոեզիան իր ամբողջականության մեջ նաև աստիճանական է՝ բանաստեղծությունները զարգանում են մեկը մեկի շնորհիվ, հաջորդ բանաստեղծությունն իր վրա է կրում նախորդի ազդեցությունն ու էդպես հաջորդաբար. սա բառերի յուրահատուկ շինարարություն է։ Անկախ նրանից, թե երբ է գրվել բանաստեղծությունը, այն իր տրամաբանական ու զգայական աստիճանականության մեջ է մյուսների հետ, համահունչ է թե՛ իրենից առաջ, թե՛ իրենից հետո գրված տեքստերի հետ։ Սա առաջին հերթին խոսում է հեղինակի՝ առանձնահատուկ բանաստեղծական ներաշխարհի ու այնտեղ առկա խորը կապերի մասին։


«Կինօ՜պոեզիան» և՛ կին է, և՛ կինօ է, և՛ պոեզիա, բայց առաջին հերթին այն պոեզիայի վերաբերությունն է իրեն ստեղծող հեղինակին, ով փաստորեն, ստեղծողից վերածվում է կրողի՝ իր վրա վերցնելով իրենից դուրս եկած ու ընդարձակված պոեզիայի տիրույթում տեղի ունեցողը և արձագանքելով էդ ամենին։ Այն ֆիլմի տեսարանի պես բացվում է աչքիդ առաջ՝ կանացի կենսականությամբ ու նրբությամբ հպվում քեզ, բայց սա միայն դուրեկան մակերևույթն է. եթե բացենք կեղևը, կգտնենք հեղինակի խորը թաքնված ցավն ու ափսոսանքը, որը փոխանցվել է նաև տեքստին։


Լեզուն ու պատկերները մեկ միասնական օրգանիզմ են կազմում, որի կցորդն է բանաստեղծի հայացքը՝ լույսի տատանումների ազդեցությամբ փոխակերպվող։ Բանաստեղծություններից յուրաքանչյուրը որևէ շարքի մաս է կազմում. գիրքը սկսվում է «հետևիր արևին» շարքից և ավարտվում «լիլի անտիպոեմ» շարքով։ Հենց առաջին՝ «հետևիր արևին» բանաստեղծությունը հեղինակի առաջարկած փոքրիկ բանաձևն է՝ բնությանն ու ինքդ քեզ մոտ գտնվելու մասին, մետաղական մեռյալ աշխարհից հրաժարվելու և արևային իրականությանը վերադառնալու։


...

սպանիր քո մեջ ապրող տասլեզվանի տականքներին,

դևերին, որոնք ատում են երեխաներին,

աղմկոտ քաղաքները, ջազը,

բոլոր քաղաքական գործիչներին

ու այլախոհներին։


հետևիր արևին

...


«Հետևիր արևին» շարքում կառավարողը բնությունն է, իսկ հեղինակը բնության մի մասնիկ է, ով ինքնագիտակցում է ձեռք բերել ու փորձում է արթնացնել նաև բնության մյուս մասնիկներին։ Այստեղ մահը բնության մեջ վերաբնակեցված մի արարած է, ով կարծես՝ լքել է մարդուն ու դարձել ինքն իր մեջ ամփոփված մելանխոլիկ կերպարանք։ Բնությունը կենդանի է ու շնչող, հոտավետ է ու գունավոր, շարժվող է ու տարածվող, այն զբոսնում է հեղինակի սիրելի փողոցներով ու բակերով, սավառնում է երկնքում ու լողում քաղաքային ջրերում։ Բնությունը կենդանի է ու փորձում է կենդանացնել իր մասնիկ-մարդկանց, այն տիեզերական մասշտաբներով է կառավարիչ, ու իր ամենատես աչքն ամենուր է։ Պատկերները երկմասնյա են՝ առավոտ-պատուհանըգիշեր-պատուհանըմիֆ-քաղաքըցիտրուս-արևը և այլն։ Այդ երկու մասնիկները կարծես սահմաններ տան հեղինակի անսպառ նյութին, ձև ու կշիռ տան, որպեսզի հնարավոր լինի դիպչել իրենց։


...

Լույսի նշտարը կտրում է

օրը գիշերից,

մահը՝ առավոտից։

...


«Քաոսի աստված» շարքում տեղի է ունենում անդառնալին. մարդը բնության բյուրեղային մասնիկից վերածվում է բնության մեջ գոյատևող աղտեղության, բնության խլրտոցը փոխարինվում է քաոսի տարահունչ աղմուկով. այնտեղ և՛ մետաղի ձայնն է, և՛ վերքի ու արյան՝ մարդուն մարդուց բաժանող խառնաշփոթի ճիչն է։ Ամեն ինչ վերածվում է հաշվարկի ու մահվան մաթեմատիկայի։


...

ամենը...

բաժան(վ)ում են.

սա է միակ

բացարձակ ճշմարտությունը։


քաոսի աստված

...


Հետո գալիս է «անավարտ ռեքվիեմ» շարքը, որտեղ մահը վերջնականապես անցել է բոլոր սահմանները՝ ձեռք է բերել ֆիզիկական բնույթ ու զգայարաններ, կարող է տեսնել ու լսել, հոտոտել քեզ ու դիպչել՝ պատերազմի ու այլ աղետալի երևույթների միջոցով։ Մարդը դառնում է իր մարմինը, իսկ մարմինը խոցելի է ու ընդունակ ամեն տեսակ նեխումների։ Այստեղ պոեզիան հեղինակի վերջին ճիգն է մահվան երախից փրկել մարդուն կամ գոնե մարդուց որևէ մասնիկ ։


...

Ծխում են խաղաղ ամպերը,

ցնդում է խավարը մանրիկ,

արյուն են հորդում թաց բիբերս,

երկինքը ցրված թաց աճյուն է,

երկինքը՝

անդրախտ

մով ճահիճ։

...


Վերադարձը մարդու սկզբնական նիրհին. այս է «ուշացած սիմվոլիզմ» տեքստի փափագը, երբ ցավը երգ է մաքուր, իսկ մահը մանուկ է դեռ։ Մահն իրեն ձևակերպում է որպես քնի ու մոռացման եղբայր, իսկ հեղինակը բանաստեղծության մեջ փնտրում է իր մահ–հանգիստը, քանի որ կյանքի շարժունությունը խոնարհվել է մահվան սիմվոլիզմի առջև, իսկ լույսը սպիտակ աբսուրդ է։ Հեղինակի գունավոր տեսողությունն այս շարքում ակնհայտ է, ասես փորձի կառչել վերացական գույներից, որպեսզի դրանցով ներկի գաղջ իրականությունը։


...

Քաղա՞ք,

թե՞ անծայր

դագաղ ասֆալտի,

չես ապրի դու էստեղ

ոչ մի օր.

զի հավերժ է

մեռելոց կիրակին։


մեռելոց կիրակի

...


Աշխարհի դիագնոզը հեղինակի բնութագրմամբ՝ նորմալ ողբերգություն։ Երբ ամենը նորմալ է ու արտասովոր ոչինչ չկա, բայց ողբերգությունը տան ամեն մի անկյունում է, անկոչ ու անտեսված հյուրի պես կուչ եկած սպասում է իր հերթին։ «Ստիխապատիա» շարքում հեղինակը մարդուն մոտեցնում է մարդուն, լարում է իր՝ բանաստեղծի տեսողությունն ու այնտեղ փնտրում անհատին՝ իր միայնության մեջ։ Գտնում է ու մխիթարելու փոխարեն իր սեփական միայնության մասին պատմում։ Այստեղ տեսնում ենք բանաստեղծի կռիվը բառերի ու երբևէ ստեղծված բոլոր համադրությունների հետ։ Ու քանի որ կորել է սարսուռըսարսուռը գեղեցիկիհաճույքի ու հիացման, բանաստեղծին մնում է միայն արձանագրելը, օտարման մասին խոստովանելը, օտար մի աշխարհում, ուր բոլորը կլիշե-երջանիկ են։


...

Ոչ ոք չլքեց ինձ.

սերերս,

դավաճան ընկերներս,

անհիշելի թշնամիներս

ու մեռած բարեկամներս՝

բոլորն ապրում են մաշկիս տակ՝

տրոհվելով ցավիս ծակոտիներում։

...


Այնուհետև լսում ենք բանաստեղծի սիրերգության ձայնը՝ աշխարհի մեջ սեր–դադար փնտրելը, ուր ամեն ինչ փոխադարձաբար անտեսված է. այստեղ կարելի է զգալ իրանական պոեզիայի շունչը։


...

ու խնդրում եմ՝

չասել մեռելներին,

թող ոչ ոք չիմանա,

որ դրախտը ներքևում է

(որ դրախտը դու ես)։

...


Բանաստեղծողի հայացքը նույնպես փոխակերպվում է, հիմա արդեն հեղինակ–ուրվականի հայացքի ներքո է ստեղծվում բանաստեղծությունը, գույները խամրում են, ամեն ինչ դառնում է ջրի արտացոլանք՝ իրականության լղոզված կողմը, բանաստեղծը կանգառ է փնտրում, իսկ բանաստեղծությունը դառնում է անցյալում կատարվածը։ Կորում է գրվելու պահը, կա միայն հետևանքը՝ գրված լինելը։ Այստեղ է, որ «Կինօ՜պոեզիան» ամբողջականություն է դառնում։ Արդեն հստակ են բոլոր տեսակի բաժանումները՝ կին ու տղամարդ, կինո ու գրականություն, սուրճ ու գինի, աշխարհը վերածվում է պիտակների պահոցի, որտեղ միայնակ բանաստեղծը փնտրում է հոգու ամրոց տանող ճանապարհը։


...

Կկանգնի պտույտը խավարի,

լռությունը ոչինչ չի խաթարի,

կբացի աչքերն Աստված

երեք հազար տարի տևած

տխմար երազից։

...


Վերջին շարքերից երկուսը՝ «իմ աստված ջազը» և «ռոք պոեզիան» հեղինակի սիրո խոստովանությունն են երաժշտությանը՝ կաթվածահար բառերի աշխարհում։ Հեղինակի լեզուն իր ընկալումից հետ է ընկնում, մնում է ներըմբռնումն ու զգայականությունը, բանաստեղծությունը լինելու գիտակցումը ու բառերով արարելու պարգևը՝ հանուն միակ արդար կրոնի՝ Բանաստեղծության։


...

Երկինք,

թաց

դեկոր

Հերայի,

բաց ստինքներդ ճերմակ

ու մանիր

փշրված երազը Եվայի։

Պտտվե՜ք,

պտտվե՜ք

անանուն

գիսաստղեր հրածին,

փոթորկի առանցքում

կպայթի

միջօրեն բաղձանքի՝

չորս քարորդ

մաժորում

հեշտանքի։

留言


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page