top of page
Writer's pictureMari Melikyan (Մարի Մելիքյան)

Սափորի, մահվան շրջազգեստի, սպիտակ բանաստեղծության մասին


Սափորի մեջ

Որտեղ էդքան հաճախ հավաքվում եք

ու ինձ էլ մոռանում եք ձեզ հետ վերցնել

Տաք մոխիր կա, որի վրա պառկում

Գլուխներդ իրար հենում ու քսանմեկ եք խաղում

Էդ մոխիրը

ձերը չի


***

Վանդակները, որոնք իրար մեջ էին ու ամուր գրկել էին միմյանց ճաղերը,

փորձում էին պարզել,

թե ով է իրենցից ամենաբանտարկվածը


***

Վիշապիս խեղդեցիր ափիդ մեջ

Թևերը կտրեցիր

Պահեցիր տուփի մեջ, որ չորանա

Հետո նայեցիր ինձ

Հետո ափիդ



***

Հոտը`

Ծխնելույզի

Ափսեի

Ծառի արմատի

Լողավազանի

Թաց քարերի

Քրտնած ծնկների

Ամենասիրելին է:


***

Մահվան սպիտակ շրջազգեստի վրա սրբեցի կեղտոտ ձեռքերս

Առիթ տվեցի, որ ժամանակից շուտ ձեռքս բռնի


***

Խնայեցիր սերդ

Ասեցիր` կաթիլ կաթիլ օգտագործեմ

Որ շուտ չվերջանա ու հերիքի երկուսիս

Գոնե մի քանի տարի:


Սրտիդ դուր եկավ

Դարձրեց սովորություն

Վերցրեց ու կաթիլի չափ դարձավ


***

Մառանիս դիակներին գտիր

Քանդիր կապերը

Սրբիր ոսկորների փոշին

Մի լսիր իրենց

փսփսոցները

Որ միշտ ցավի մասին են

Կամ կիսատության


Իրենց սրտի տեղը ուրիշ օրգան է

Վրեժ անունով

Որի կողքը մանր-մունր

Կարոտի տեսք ունեցող ոջիլներն են

Նվնվում

Ու չեղած արյունն են խմում

Ու չհասնելու, չներելու

Չհասցնելու

Չդիմանալու ու չտիրելու մասին

Արցունքներ են թափում


Դու վախենում ես մենակ ողջերից ու

Քեզ չեն հուզում մառանիս դիակները

Բայց իմացիր որ

Ամենավախենալուն իրենք են`

նեղացած ու վիրավորված հոգիները

Դիակի տեսքով

Իմ մառանում

Իրենց սրտի փոխարեն ունեցած օրգանում

Տարիներով

Սև նշաններ հավաքողները


***

Ամենալավը էն

Առանց հանգի բանաստեղծությունն ա

Որ մենք վերջերս

Սկսել ենք չարաշահել իրան

Ու

Էնթերի կոճակը

Որ բաժանում ենք տողերն

Իրարից

Էֆեկտ ստանալու համար

Ու

Այ

Սենց կակազող

Կտրտած

Հազար մասի

Գրում ենք

Որ ցույց տանք

Թե ինչ լավ բան ա

Էն առանց հանգի

Բանաստեղծությունը:

0 comments

Comments


Բաժանորդագրվել

Միացիր Հանգույցին և ստացիր նոր գրառումները մեյլիդ

Շնորհակալ եմ :)

bottom of page